Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը պատրաստվում է հունվարի 31-ին հայտարարել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին: Սպասվում է, որ արտաքին գործերի նախարարությունը կհայտարարի պատժամիջոցների ռեժիմի խստացման մասին՝ Ռուսաստանի ռազմավարական և ֆինանսական շահերի վրա ազդելու նպատակով:
Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է բրիտանական կառավարական շրջանակների աղբյուրը։
«Սպասվում է, որ արտաքին գործերի նախարարությունը երկուշաբթի օրը խորհրդարանում կհայտարարի պատժամիջոցների ռեժիմի խստացման մասին, որպեսզի Մեծ Բրիտանիան կարողանա թիրախավորել Ռուսաստանի ռազմավարական և ֆինանսական շահերը», – ասել է աղբյուրը:
Նա չի հստակեցրել խոսքը կլինի նոր պատժամիջոցների ներդրման մասին, թե միայն պատժամիջոցների փաթեթի ընդունման մասին:
«Վարչապետ Բորիս Ջոնսոնն անցյալ շաբաթ քննարկել է դիվանագիտական մարտավարությունը և պատժամիջոցների տարբերակները արտաքին գործերի նախարար Լիզ Թրասսի հետ՝ նախքան կաբինետին իրազեկել իրավիճակը և կառավարության հաջորդ քայլերը», – հավելել է աղբյուրը։
Նա նաև ասել է, որ Մեծ Բրիտանիան կմիանա երկուշաբթի օրը Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկումներին՝ փորձելով հետագա ճնշում գործադրել Ռուսաստանի վրա:
Մեզ կարող եք հետևել նաև Instagram-ում։