X
Մենք սոց. ցանցերում

Գլխավոր

Ովքեր են «տիրացել» Օղակաձև զբոսայգուն․

մաս 1

«Հետքը» ձեռք է բերել 57 մասնավոր ընկերությունների և Երևանի քաղաքապետարանի միջև կնքված պայմանագրերը՝ Օղակաձև զբոսայգում սեփականաշնորհման, կառուցապատման և վարձակալության վերաբերյալ։ Այդ փաստաթղթերի ուսումնասիրությունից հստակ երևում է, թե որ թվականին որ պաշտոնյաներն են, օգտվելով իրենց լծակներից, «տիրացել» այգու տարածքին՝ երկարաժամկետ պայմանագրերի միջոցով։

Մեր ուսումնասիրության արդյունքը կներկայացնենք մաս-մաս՝ ըստ այգու գոտիականության։ Այս անգամ կանդրադառնանք զբոսայգու 1-ին հատվածը սեփականաշնորհողներին և կառուցապատողներին։
Օղակաձև զբոսայգու առաջին հատվածի հողատարածքները տրամադրվել են երեք ընկերությունների՝ «Նուշիկյան ասոցիացիա» ՍՊԸ-ին, «Կարմիր առագաստներ» ՍՊԸ-ին, «Կամեյա» ՍՊԸ-ին և Նժդեհ Գեղագուլյանին:

«Նուշիկյան ասոցիացիան» պետք է կանաչապատեր, բայց բետոնապատել է այգու՝ իր վարձակալած տարածքը

Օղակաձև զբոսայգու առաջին գոտու ամենամեծ տարածքը հատկացվել է «Նուշիկյան ասոցիացիա» ՍՊԸ-ին՝ որպես սրճարան, տաղավար, բարեկարգման և կանաչապատման տարածք։ Ընկերության 100 տոկոս բաժնետերը ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Գարեգին Նուշիկյանն է։

Նուշիկյանը ամսական 500 դրամ է վճարում Երևանի կենտրոնում գտնվող սրճարանային տարածքի 1 քմ-ի դիմաց։ Նույն հատվածում տաղավարային տարածքի 1 քմ-ի դիմաց վճարում է ամսական 250 դրամ։ Վարձակալած տարածքի ամենամեծ կտորը ձևակերպված է որպես «բարեկարգման և կանաչապատման հատված», որի 1 քմ-ի դիմաց Գարեգին Նուշիկյանի ընկերությունն ամսական վճարում է 150 դրամ։ Վարձակալության վերոնշյալ գները սահմանվել են նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի օրոք՝ ավագանու 2015 թվականի դեկտեմբերի 23-ի հ.451-Ն որոշմամբ։

Ըստ «Նուշիկյան ասոցիացիա»-ի և քաղաքապետարանի միջև կնքված (12 ապրիլ, 2017) հողամասի վարձակալության մասին պայմանագրի` ընկերությանը վարձակալությամբ է տրվել ընդհանուր առմամբ 3720,12 քմ տարածք, որից 503,7 քմ-ը՝ սրճարանի, 90,5 քմ-ը՝ տաղավարի, իսկ 3125,92 քմ-ը՝ բարեկարգման և կանաչապատման նպատակով։ Սրճարանային տարածքի համար ընկերությունը տարեկան վճարում է 3 022 200 դրամ, տաղավարի համար՝ 271 500 դրամ, իսկ բարեկարգման և կանաչապատման տարածքի համար՝ 5 626 656 դրամ։ Ընդհանուր առմամբ՝ 3720,12 քմ-ի համար «Նուշիկյան ասոցիացիան» տարեկան վճարում է 8 920 356 դրամ։ Նշյալ հողամասերի օգտագործման նկատմամբ սահմանափակումներ չկան։
Տարածքը Նուշիկյանին վարձակալության իրավունքով տրվել է մինչև 2042թ.-ի դեկտեմբերի 30-ը։
2015 թ-ին արբանյակից և 2019թ-ին դրոնից արված լուսանկարներում երևում է, որ «Նուշիկյան ասոցիացիա» ՍՊԸ-ի՝ զբոսայգում հայտնվելուց առաջ տարածքը եղել է կանաչապատ և ծառաշատ։ Նուշիկյանը բետոնապատման և ավազապատման ապօրինի աշխատանքները սկսել էր 2016թ-ի գարնանը, այսինքն՝ վարձակալության պայմանագրի կնքումից մեկ տարի առաջ։

Գարեգին Նուշիկյանը «Ազատություն» ռ/կ-ի հարցին, թե ինչու են կանաչ տարածքները բետոնապատվում, նշել է, որ այդ տարածքում երբևէ կանաչ գոտի չի եղել:

«Պոպլավոկ»․ Սամվել Ալեքսանյանի և Գարեգին Նուշիկյանի մոր համատեղ բիզնեսը

Օղակաձև զբոսայգու տարածքում գտնվող ամենահին և ամենահայտնի սրճարաններից է «Պոպլավոկը», որը պատկանում է «Կարմիր առագաստներ» ՍՊԸ-ին։ Ընկերության 35 տոկոս բաժնետերը Գարեգին Նուշիկյանի մայրն է՝ Ժենյա Ղասաբյանը։ 2009թ․-ից ընկերության 65 տոկոս բաժնետերն է դարձել ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը։

«Պոպլավոկի» շենքը 1996թ-ին սեփականաշնորհել է «Կարմիր առագաստներ» ՍՊԸ-ն՝ հիմք ընդունելով կառավարությանն առընթեր Պետական ունեցվածքի հաշվառման ապապետականացման վարչության (այժմ՝ Պետական գույքի կառավարման վարչություն, հեղ.) սեփականաշնորհման N2986 պայմանագիրը՝ կնքված 06 մայիսի 1996թ-ին։ Հիշեցնենք, որ անկախության հռչակումից հետո՝ 1990-ական թվականներին, շուկայական տնտեսություն ստեղծելու պատրվակով Հայաստանում ընդունվեց «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» ՀՀ օրենքը (1992թ.-ին), որով մասնավոր անձինք կարողացան լայն թափով սեփականաշնորհել պետական գույքը։
«Կարմիր առագաստներ»-ի սեփականաշնորհած տարածքը 170.26 քմ է: Ընկերությունը 1996թ-ին հիմնադրել են Սարգիս Ֆրունզլյանը և Ասյա Հովհաննիսյանը (մահացել է): 1997թ-ից ընկերության բաժնետեր է դարձել Նուշիկյանների մայրը։ Նա ընկերության ամենահին բաժնետերն է։ 2009թ-ից այս ընկերության խոշոր բաժնետերն է Սամվել Ալեքսանյանը։

«Պոպլավոկին» կից հողամասից 81.61 քմ տարածք վարձակալությամբ տրվել է «Կարմիր առագաստներ» ՍՊԸ-ին։ Վարձավճարը հաշվարկել են տարեկան կադաստրային արժեքի 3 տոկոսի չափով, այսինքն՝ 1 քմ-ի դիմաց ամսական 150 դրամ։ Ըստ քաղաքապետարանի հետ կնքված պայմանագրի՝ տարածքն ընկերությանն է տրվել մինչև 2096 թ-ի հունվարի 30-ը։

Բացի այդ՝ «Կարմիր առագաստներ»-ին վարձակալության պայմանագրով հանձնվել է նաև 499.3 քմ մակերեսով հատված, որը համատեղ օգտագործում է սրճարանին կից մեկ այլ տարածքի սեփականատեր Նժդեհ Գեղագուլյանը։ Այդ հատվածը նույնպես տրամադրվել է մինչև 2096թ-ի հունվարի 30-ը։ Հողամասի տարեկան վարձավճարը հաշվարկվել է կադաստրային արժեքի 10 տոկոսի չափով։

Վազգեն Սարգսյանի թիկնազորի պետը սեփականաշնորհել է «Պոպլավոկին» կից տարածքը

«Պոպլավոկ» սրճարանին կից տարածքը, որտեղ այժմ նույնպես սրճարան է, պատկանում է Նժդեհ Գեղագուլյանին, որը Վազգեն Սարգսյանի թիկնազորի պետի՝ Մեսրոպ Գեղագուլյանի որդին է։ Տարածքը սեփականաշնորհվել է 1996թ-ին՝ հիմք ընդունելով Պետական ունեցվածքի հաշվառման ապապետականացման վարչության սեփականաշնորհման N2500 պայմանագիրը։ Շենքի մակերեսը 382.41 քմ է, որը 1998թ-ին օտարվել է Գևորգ Զաքարյանին, որից հետո սեփականության իրավունքով գրանցվել է Նժդեհ Գեղագուլյանի անվամբ՝ որպես նվիրատվություն։

Նժդեհ Գեղագուլյանը պատշաճ չի վճարել վարձակալության դիմաց

2012թ-ին Երևան համայնքը Նժդեհ Գեղագուլյանի դեմ դատական հայց է ներկայացրել վարձավճարը պատշաճ չվճարելու համար։ Համայնքապետարանը պահանջել է 11 312 950 դրամ՝ որպես գոյացած պարտք և տուգանք։

Ավելին՝ hetq.am

մաս 2

«Հետք»-ը շարունակում է ներկայացնել Օղակաձև զբոսայգում տարբեր տարիներին տարածքներ վարձակալած, սեփականաշնորհած և կառուցապատում իրականացրած պաշտոնյաներին և նրանց փոխկապակցված անձանց։

Այս անգամ կանդրադառնանք զբոսայգու երկրորդ հատվածի (Տերյան և Աբովյան փողոցների միջակայք) տարածքները զբաղեցրած ընկերություններին և անհատներին: Ուսումնասիրելով Երևանի քաղաքապետարանի հետ կնքված վարձակալության պայմանագրերը, նաև հողի կադաստրային պատմությունը, պարզել ենք, որ զբոսայգու երկրորդ հատվածի վարձակալների թվում են ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի դուստրը, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանի քույրը, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի հետ առնչվող ընկերության սեփականատերը, ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Լյովա Խաչատրյանի եղբայրը, ավագ դատախազ Կարեն Կարապետյանի եղբայրը և այլ անձինք:

Վարձակալները սրճարանային տարածքների համար ամսական 1 քմ-ի դիմաց վճարում են 500 դրամ, հասարակական շինությունների 1 քմ-ի դիմաց՝ 250 դրամ, իսկ բարեկարգման և կանաչապատման տարածքների 1 քմ-ի դիմաց՝ 150 դրամ: Այս սակագները զբոսայգու երկրորդ հատվածը զբաղեցրած բոլոր ընկերությունների և անհատների համար նույնն են, ուստի նրանց ամսական վարձավճարներին չենք անդրադառնա:

Սամվել Ալեքսանյանի դստեր և Լյովա Խաչատրյանի եղբոր համատեղ բիզնեսը

Օղակաձև զբոսայգու երկրորդ հատվածում ամենամեծ տարածքը «Կոֆֆենետ» ՍՊԸ-ինն է: Ըստ քաղաքապետարանի և ընկերության միջև 2016թ. նոյեմբերի 7-ին կնքված վարձակալության պայմանագրի՝ տարածքի մակերեսը կազմում է 1552,07 քմ։ Այնտեղ գործում է բացօթյա սրճարան:

«Կոֆֆենետ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2015 թվականի դեկտեմբերի 16-ին: «Կոֆֆենետ»-ի 66,6% բաժնեմասի սեփականատերը Արսեն Խաչատրյանն է՝ Ազգային ժողովի 3-րդ, 4-րդ և 5-րդ գումարման պատգամավոր Լյովա Խաչատրյանի եղբայրը: 16,4% բաժնեմասը պատկանում է Աստղիկ Ալեքսանյանին՝ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի դստերը: Իսկ մնացած 17% բաժնեմասը պատկանում է Վահե Վարդանյանին:
Որպես հողամասի տրամադրման նպատակ պայմանագրում նշված է սրճարան, տաղավար, բարեկարգման և կանաչապատման մակերես: 1552,07 քմ մակերեսով հողամասից 222,77 քմ տրամադրվել է սրճարանի, 21,46 քմ՝ տաղավարի, իսկ 1307,84 քմ բարեկարգման և կանաչապատման համար: Հարկ է նշել, որ բարեկարգման և կանաչապատման համար տրամադրված հողամասերի վարձավճարն ամենացածրն է (1քմ-ի դիմաց՝ ամսական 150 դրամ)՝ ի տարբերություն սրճարանային տարածքի վարձավճարի (1քմ-ի դիմաց՝ ամսական 500 դրամ): Ակնհայտ է, որ «Կոֆֆենետ» ՍՊԸ-ին հատկացված տարածքի մեծ մասը զբաղեցնում է սրճարանը, այլ ոչ թե բարեկարգման և կանաչապատման գոտին, ինչպես նշված է պայմանագրում: Այսինքն՝ ընկերությանը տրամադրված հողամասի մեծ մասը ծառայում է որպես սրճարան և շահույթ է ապահովում ընկերությանը, սակայն այդ տարածքի վարձավճարը հաշվարկված է ամենացածր գնով՝ որպես կանաչապատ տարածք։

«Հետքի» հետ զրույցում նախկին պատգամավոր Լյովա Խաչատրյանն ասաց, որ ընկերությունը գրանցված է եղբոր անունով, սակայն սրճարանն իրենց ընտանիքինն է։

«Սրճարանի գործունեությունն ու շահույթը կասսայով է հարկվում, տարածքի չափը կապ չունի։ Հիմա դուք կարող եք ճշտել, ինձ այդպես ասացին։ Ես վճարում եմ այնքան գումար, որքան քաղաքապետարանի հետ պայմանագրով է, որը մի քանի անգամ ավելի շատ է, քան այնտեղ շատ նմանատիպ օբյեկտների վարձակալությունը։ Երևի չեք գտնի մի մարդ, որ ասի, որ ես վերջին 5 տարում 2 անգամ էդտեղ եղել եմ ընդհանրապես։ Եթե շատ է տարածքը սրճարանի տակ օգտագործվում, ես չգիտեմ, թող նայեն։ Այդքան էլ ես չեմ կարծում, որ եսիմ ինչ է դա ինձ տալիս կամ վնասից բացի օգուտ չեմ տեսել ես»,- ասաց նախկին պատգամավորը։

«Կոֆֆենետի» բաժնեմասը Սամվել Ալեքսանյանի դստեր հետ կիսելու վերաբերյալ Լյովա Խաչատրյանն ասաց․ «Ընկերության մի մասի սեփականությունը Սամվել Ալեքսանյանին անցնելու հետ ես ուղղակի կապ չունեմ, մեծ հաշվով։ Ի սկզբանե ընկերության բաժնեմասի 1/3-ը փաստացի մեր ընտանիքինը չի եղել։ Ժամանակի ընթացքում մյուս փայատերը թե որոշել է փոխանցել, օտարել կամ չգիտեմ ինչ անել իր փայը Ալեքսանյանին, թե մյուսին, արդեն չգիտեմ»,- պարզաբանեց Լյովա Խաչատրյանը։

Հարցին, թե արդյոք իր պատգամավորական մանդատը չի օգտագործել հանրային զբոսայգում տարածք սեփականաշնորհելու գործում, նախկին պատգամավորը պատասխանեց․ «Իմ քաղաքական գործիչ եղած ժամանակ, ես որքանով որ հիշում եմ, ընդհանրապես միայն կորցրել եմ և ոչ մի բան ձեռք չեմ բերել։ Ես ինչ որ ձեռք եմ բերել, ձեռք եմ բերել մինչև իմ պատգամավոր լինելը համարյա»,- ասաց Խաչատրյանը։

Ընդհանուր 1552,07 քմ մակերեսով հողամասի համար նախկին պատգամավորներ Սամվել Ալեքսանյանին և Լյովա Խաչատրյանին փոխկապակցված անձանց ընկերությունը տարեկան վճարում է 3 մլն 755 հազար դրամ: Վարձակալության պայմանագրի կնքման պահին հողամասի կադաստրային արժեքը եղել է 1 քմ-ը՝ 60 հազար դրամ:

Քաղաքապետարանի և «Կոֆֆենետ» ՍՊԸ-ի միջև կնքված համաձայնագիրն ուժի մեջ է մինչև 2027թ. դեկտեմբերի 26-ը:

Հիշեցնենք, որ Սամվել Ալեքսանյանը տարածք է վարձակալել նաև Օղակաձև զբոսայգու առաջին հատվածից։ Ալեքսանյանի օգնականը «Հետքին» ասաց, որ վերջինս երկրում չէ, բայց նրան կփոխանցեն հարցը և կկապվեն։ Մեզ հետ, սակայն, կապ չհաստատեցին։

Նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանի քույրը զբոսայգու խոշոր վարձակալներից է

Զբոսայգու խոշոր վարձակալներից մեկն էլ Արմինե Հովակիմյանն է՝ «Սլավմեդ» բժշկական կենտրոնի հիմնադիրն ու տնօրենը: Նա Ազգային ժողովի 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ գումարման պատգամավոր Արկադի Համբարձումյանի («Դերժավայի Արկադ») քույրն է: Արմինե Հովակիմյանի վարձակալած տարածքն, ըստ գործող պայմանագրի, կազմում է 1352,33 քմ, որը զբաղեցնում է KFC արագ սննդի ռեստորանը:

Արկադի Համբարձումյանի քրոջ վարձակալած տարածքը ժամանակին զբաղեցրել է «Սոլոն» ՍՊԸ-ն, որը հիմնադրվել է 1995թ.-ին: 2007թ. նոյեմբերի 23-ին նշված ընկերությունը Օղակաձև զբոսայգում վարձակալած տարածքի վրա գտնվող սրճարանը վաճառել է Արա Վարդանյանին, դրանից մոտ մեկ ամիս անց` դեկտեմբերի 21-ին, Արմինե Հովակիմյանը ընկերության մասնակիցներ Ռեգինա Սարգսյանից և Արա Խաչատրյանից գնել է բաժնեմասը՝ դառնալով «Սոլոն» ընկերության միակ բաժնետերը: «Սոլոն»-ի և քաղաքապետարանի միջև կնքված բոլոր փաստաթղթերում «Սոլոն ՍՊԸ» բառերը փոխարինվել են «Արմինե Հովակիմյան» բառերով: Հետագայում Արմինե Հովակիմյանը Արա Վարդանյանից գնել է սրճարանը:

Ավագ դատախազի եղբայրը՝ սրճարանի սեփականատեր

Զբոսայգու երկրորդ հատվածում գտնվող «Կարարա» անունով սրճարանի սեփականատերն է ավագ դատախազ Կարեն Ֆրիկի Կարապետյանի եղբայրը՝ Արման Կարապետյանը: Կարեն Կարապետյանը մինչև ավագ դատախազ նշանակվելը եղել է հատուկ քննչական ծառայության կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության պետը:

Նրա եղբայր Արման Կարապետյանը «Կարարա» ՍՊԸ-ի 100% բաժնետերն է: Ընկերությունը 2002 թվականից գործունեություն է ծավալում Օղակաձև զբոսայգու երկրորդ հատվածում: Երևանի քաղաքապատերանի և «Կարարա» ՍՊԸ-ի միջև 1133,67 քմ մակերեսով հողամասի վարձակալության գործող պայմանագիրը կնքվել է 2017 թվականի փետրվարի 14-ին: Պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2030 թվականի դեկտեմբերի 31-ը:

Մանվել Գրիգորյանի հետ կապվող ընկերության սեփականատերը դուրս կմղվի «Օղակաձևից»

Զբոսայգու երկրորդ հատվածի կենտրոնական մասում 651,83 քմ մակերեսով հողամասը մինչև 2019 թվականի հունիսի 20-ը վարձակալության իրավունքով տրվել էր էջմիածնեցի Մանուկ Պետրչիկյանին, որը, ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների, «Մանչ 045» ՍՊԸ-ի սեփականատերն է: Ընկերությունը կապվում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի հետ: Հարկ է նշել, որ 045 թվով են սկսվել նախկինում Գրիգորյանին տրված Ազգային ժողովի պետհամարանիշները, բացի այդ՝ նրա առանձնատանը հայտնաբերված տասնյակ ավտոմեքենաների պետհամարանիշերում նույնպես առկա է եղել 045 թիվը:
Երևանի քաղաքապետի 2017թ. մարտի 13-ի որոշմամբ՝ Պետրչիկյանին վարձակալության իրավունքով տրվել է 651,83 քմ մակերեսով հողամաս (տարեկան վարձավճարը՝ 3 մլն 174 հազար դրամ), որի վրա հիմա լքված ապօրինի շինություն է և որը նախկինում սրճարան է եղել՝ «Գոլդեն լոտոս» անվանումով: Համանուն ՍՊԸ-ն, որի հիմնադիրը Աղաբեկ Գրիգորյանն է, գրանցված է Արմավիրի մարզի Արշալույս համայնքում, որը Մանվել Գրիգորյանի ծննդավայրն է:

Նոր տարածք՝ սնանկ ճանաչվելուց ամիսներ անց

2017թ. փետրվարին քաղաքապետարանը հողամասի կառուցապատման իրավունքի պայմանագիր է կնքել Դավիթ Գրիգորյանի հետ և նրան կառուցապատման իրավունքով տրվել է 20 քմ մակերեսով հողամաս, որի վրա այժմ գործում է արագ սննդի կետ:

Նախկին պատգամավոր Կարեն Շախմուրադյանին փոխկապակցված անձը՝ Օղակաձևի «հնաբնակներից» է

Օղակաձև զբոսայգու երկրորդ հատվածում ամենամեծ տարածքներից մեկը զբաղեցրել է «Արարշին Գրուպ» ՍՊԸ-ն, որը զբոսայգում է 2000-ականների սկզբից: Ընկերության 50%-ի բաժնետերը Արամ Պետրոսյանն է, իսկ մյուս 50%-ինը՝ Արթուր Պետրոսյանը:

Արամ Պետրոսյանը գործարար, «Արմենիա-Լադա»-ի սեփականատեր Ռաֆաել Շահմուրադյանի հետ բաժնետեր է հանդիսացել նաև «Գալոպեր» ՍՊԸ-ում, որը զբաղվում է բելառուսական, ռուսական, իտալական հատուկ նշանակության ավտոմեքենաների մատակարարմամբ։ 2010-2016թթ-ին այս ընկերության վաճառքի գծով փոխտնօրենն է եղել Ռաֆաել Շահմուրադյանի որդին՝ ԱԺ հինգերորդ գումարման պատգամավոր Կարեն Շախմուրադյանը:

«Թագակ Ֆարմ» ՍՊԸ-ից՝ «Յունիբանկին»

Աբովյան 23/2 հասցեում՝ Ավետիք Իսահակյանի արձանի հարևանությամբ, գործում է «Յունբանկի» մասնաճյուղը, որի զբաղեցրած տարածքը ժամանակին վարձակալության իրավունքով տրվել է «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանի քրոջը՝ Իրինա Թավադյանին պատկանող «Թագակ Ֆարմ» ՍՊԸ-ին: Ընկերության գործունեությունն այս պահի դրությամբ դադարեցված է:

Քննչական կոմիտեի ու քաղաքաշինության կոմիտեի ծաղկի մատակարարն Օղակաձևի վարձակալ

Օղակաձև զբոսայգու երկրորդ հատվածում 2002 թվականից տարածք է վարձակալել նաև անհատ ձեռներեց Սերժիկ Մնացականյանը: Նրան տրամադրված տարածքը քաղաքապետարանի հետ գործող պայմանագրով կազմում է 115,38 քմ: 2002 թվականից մինչև 2016 թվականի սեպտեմբեր ամիսը Սերժիկ Մնացականյանը վճարել է 20 քմ-ի համար, սակայն 2016-ի օգոստոսին նրա դիմումով վերաճշտվել են հողամասի սահմանները և պարզվել է, որ այն փաստացի կազմում է 115,38 քմ՝ մոտավորապես 6 անգամ ավել: Վերաճշտումից մեկ ամիս անց՝ սեպտեմբերի 9-ին, քաղաքապետարանի և Սերժիկ Մնացականյանի միջև կնքված պայմանագիրը լուծվել է և նույն օրը կնքվել է մեկ այլ պայմանագիր՝ արդեն 115,38 քմ մակերեսով հողամասի վարձակալության մասին, որն ուժի մեջ է մինչև 2021 թվականի հունիսի 1-ը:

Դատախազության երկարամյա գործարար-պաշտոնյայի արագ սննդի կետը

Զբոսայգու երկրորդ հատվածի երկարամյա վարձակալներից մեկն էլ Օհան Մուրադյանն է, որը 2000-ականների սկզբից մինչև 2016թ-ը տարբեր պաշտոններ է զբաղեցրել դատախազությունում՝ ընդհուպ մինչև դատախազության ֆինանսատնտեսական վարչության պետի պաշտոնակատար: Երևանի քաղաքապետարանի կողմից «Հետք»-ին տրամադրված նախագծի համաձայն՝ Օհան Մուրադյանի վարձակալած տարածքում՝ մետրոյի «Երիտասարդական» կայարանի հարևանությամբ, այժմ գտնվում է «Լանչ Հաուս» անվանումով արագ սննդի կետը:

Օհան Մուրադյանն այդ տարածքը վարձակալել է 2003 թվականից, իսկ հողամասի վրա գտնվող անշարժ գույքի նկատմամբ նրա սեփականության իրավունքը գրանցվել է 2004-ին: Օհան Մուրադյանի և քաղաքապետարանի միջև գործող պայմանագիրը կնքվել է 2017թ. մարտի 13-ին: Ըստ այդ պայմանագրի՝ Մուրադյանի վարձակալած հողամասի մակերեսը կազմում է 70,9 քմ, որից՝ 24,12 քմ-ը՝ որպես սրճարանային տարածք, իսկ 46,78 քմ-ը՝ հասարակական շինություն:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մամուլի նախկին խոսնակի սեփականաշնորհած շինությունը

Անդրանիկ Ստեփանյանը Օղակաձև զբոսայգու երկրորդ հատվածում երկու հողամաս է զբաղեցրել, որոնցից մեկը նրան տրվել է վարձակալության, իսկ մյուսը կառուցապատման իրավունքով: Այս տարածքները, որոնց վրա փոքր սրճարան է գործում, ևս գտնվում են մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի հարևանությամբ:

Իսահակյան 5/2 հասցեում գտնվող 37,13 քմ մակերեսով հողամասը Անդրանիկ Ստեփանյանին է տրվել կառուցապատման իրավունքով 2016թ. ապրիլի 2-ին կնքված պայմանագրով: Կառուցապատման տարեկան վճարը կազմում է 175 հազար դրամ: Քաղաքապետարանի և Անդրանիկ Ստեփանյանի միջև կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագիրը գործում է մինչև 2021թ. հունվարի 1-ը:

Մետրոպոլիտենը տարիներ շարունակ վճարել է գոյություն չունեցող տարածքի համար

Օղակաձև զբոսայգու երկրորդ հատվածում է գտնվում Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանը, որը բացվել է 1981 թվականի մարտի 7-ին:

2005 թ․-ին «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» պետական ՓԲԸ-ի և Երևանի քաղաքապետարանի միջև կնքվել է 1805,5 քմ մակերեսով հողամասի վարձակալության պայմանագիր: 11 տարի անց՝ 2016թ. օգոստոսին, Մետրոպոլիտենի դիմումով՝ քաղաքապետարանը հողամասի սահմանների վերաճշտում է կատարել՝ պարզելով, որ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 1033,04 քմ, այսինքն՝ մոտ 800 քմ պակաս։ Ստացվում է, որ Մետրոպոլիտենը տարիներ շարունակ վճարել է գոյություն չունեցող 772 քմ-ի համար:

Նյութի մանրամասները այստեղ՝ hetq.am

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս