X
Մենք սոց. ցանցերում

Գլխավոր

10 գերխոշոր հարկատուները. առաջին կիսամյակի փոփոխությունները

Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանի 1000 խոշոր հարկատուները միասին պետական բյուջե են վճարել 511 մլրդ դրամի հարկեր ու տուրքեր։ Ինչպես տեղեկանում ենք Պետական եկամուտների կոմիտեի ներկայացրած ցանկերից, 2018 թվականի առաջին կիսամյակի համեմատ՝ խոշորների հարկերն աճել են 64.4 մլրդ դրամով կամ 14.4%-ով։

Միայն առաջին տասը խոշոր հարկատուները միասին պետական բյուջե են վճարել 131.4 մլրդ դրամի հարկեր։ Այսինքն՝ առաջին տասնյակն ապահովել է 1000 խոշոր հարկատուների վճարած հարկերի մոտ 26%-ը։

Հանրապետության խոշորագույն հարկատուն հանքարդյունաբերությամբ զբաղվող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ն է, որի վճարած հարկերի ծավալն այս տարվա առաջին կիսամյակում կազմել է 29.5 մլրդ դրամ։ 2018 թվականի առաջին կիսամյակի համեմատ՝ ընկերության հարկերն աճել են մոտ 4.9 մլրդ դրամով կամ 19.7%-ով։

Երկրորդ խոշոր հարկատուն ծխախոտի արտադրությամբ զբաղվող «Գրանդ Տոբակո»-ն է՝ վճարած 28.2 մլրդ դրամ հարկերով։ Նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ՝ ընկերության հարկերն աճել են 11.6 մլրդ դրամով կամ 69.3%-ով։

Հանրապետության խոշորագույն հարկատուների եռյակը եզրափակում է «Գազպրոմ Արմենիա»-ն, որի վճարած հարկերը կազմել են 22.7 մլրդ դրամ՝ աճելով 2 մլրդ դրամով կամ 9.9%-ով։

Չորրորդ տեղում կրկին ծխախոտի արտադրությամբ զբաղվող «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ»-ն է, որն այս տարվա առաջին կիսամյակում վճարել է 9.4 մլրդ դրամ հարկեր։ Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ՝ ընկերության հարկերն ավելացել են 3.6 մլրդ դրամով կամ 61.9%-ով։

Հաջորդում է հանքարդյունաբերության ոլորտում գործող «Գոեպրոմայնինգ գոլդը»՝ 9.1 մլրդ դրամի հարկերով։ Հարկերի աճը կազմել է 256 մլն դրամ կամ 2.8%:

Վեցերորդ խոշոր հարկատուն «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ն է՝ 7.7 մլրդ դրամով։ Ընկերության վճարած հարկերը 2018 թվականի առաջին կիսամյակի համեմատ ավելացել են մոտ 1.3 մլրդ դրամով կամ 19.5%-ով։

Մյուս խոշոր հարկատուն բենզինի առևտրով զբաղվող «Ֆլեշ» ընկերությունն է, որի հարկերի ծավալն այս տարվա առաջին կիսամյակում կազմել է 7.6 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճելով 2.8 մլրդ դրամով կամ 57%-ով։

Ութերորդ խոշոր հարկատուն «Ակվիլոն թրեյդ» ընկերությունն է, որն ինչպես առաջին եռամսյակում, այնպես էլ՝ կիսամյակային կտրվածքով հարկերի թռիչքային աճ է գրանցել։ Այս տարվա առաջին վեց ամիսներին ընկերությունը վճարել է 6.5 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 0.7 մլրդ դրամի դիմաց։ Պետական ռեգիստրի տվյալներով՝ այս ընկերությունը հիմնադրվել է 2015 թվականի տարեկեսին և ներառվել է խոշոր հարկատուների ցանկում, սակայն մինչ այս տարի հարկատուների ցանկի բարձր հորիզնականներում չի հայտնվել։ Ընկերությունը, ըստ ՊԵԿ-ի, զբաղվում է հագուստի մեծածախ առևտրով։

Հաջորդում է ծխախոտի առևտրով զբաղվող «Ֆիլիպ Մորիս Արմենիա»-ն՝ 5.1 մլրդ դրամ վճարած հարկերով։ Նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ ընկերության հարկերը կրճատվել են մոտ 3 մլրդ դրամով կամ 36.5%-ով։

Գերխոշոր հարկատուների տասնյակը եզրափակում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունը՝ 5.1 մլրդ դրամով։ Հարկերի աճը կազմել է 2.3 մլրդ դրամ կամ 80.3%:

Ավելին՝ hetq.am

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս