2024-09-07
Ռուսների կողմից կռվելը` «հարամ», պատժելի արարք
165 տարի առաջ այս օրը Կովկասի իմամ Շամիլը զենքը վայր է դրել եւ հանձնվել իշխան Բարյատինսկուն եւ ընդունել ռուսական հպատակություն:
Շամիլը պատվավոր ազնվականի աստիճանով Ռուսաստանում ապրել է տասներկու տարի: Նա Մեքքա ուխտագնացության արտոնություն է ստացել, ուղեւորվել եւ այդ ճանապարհին մահացել: Սրանք հայտնի փաստեր են: Ռուսական մամուլը գրում է, որ Շամիլը Մեքքայի ճանապարհին մի քանի օր հանգստացել է իշխան Բարյատինսկու կալվածքում, որ գտնվել է ներկայիս Կուրսկի մարզի տարածքում:
Ստեղծվում է քարոզչական մատրիցա, որ այն ժամանակ Կուրսկում ամեն ինչ հանգիստ էր, բայց Կովկասը վերջնականապես չէր հնարազանդվել, իսկ այսօր Կուրսկում պատերազմ է, որին Ռուսաստանին նվիրվածությամբ մասնակցում են կովկասյան ժողովուրդները՝ դաղստանցիները, չեչենները, չերքեզները:
Հիմնականում իսլամադավան Հյուսիսային Կովկասը դիտարկվում է որպես ուղղափառ քրիստոնեկան, սլավորնական Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանի հուսալի թիկունք: Եւ այդ հավատարմությունը կապվում է իմամ Շամիլի երդման եւ պատգամի հետ: Բայց հարց է՝ Ռուսաստանը չի՞ զբաղվում ինքնախաբեությամբ:
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական վարույթ է հարուցել եւ փորձում է բացահայտել մի հանցագործություն, որ տեղի է ունեցել Դաղստանում. ուկրաինական պատերազմից նոր վերադարձած մի երիտասարդի տուն են մտել մարդիկ եւ ընտանիքի անդամների աչքի առաջ գնդակահարել. «Նա ,«հարամ» է, ռուսների կողմից է կռվել»-ասել են լեռնականները:
ՌԴ Քննչական կոմիտեին չի հաջողվում սպանվածի հարազատներից պարզել մարդասպանների ինքնությունը:
Նրանք պատճառաբանում են, որ զգուշանում են մատնության համար վրեժխնդրությունից: Բայց ո՞վ կարող է համոզված լինել, որ սպանվածի հարազատներն էլ չեն ռուսների կողմից կռվելը պատժի ենթակա արարք համարում:
Իմամ Շամիլը երդվել է Ռուսաստանի դեմ պատերազմ չհրահրել, բայց չի պարտավորվել, որ լեռնականները ռուսների հետ կկռվեն ուկրաինացիների դեմ:
Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան
Նմանատիպ Նյութեր