X
Մենք սոց. ցանցերում

Նախկին չափորոշիչները մնացին թղթի վրա, նոր փաստաթուղթը պետք է լինի կիրառելի

Առցանց քննարկման ընթացքում հանրակրթության նոր չափորոշիչներին անդրադառնալով՝ ԿԳՄՍ փոխնախախարար Ժաննա Անդրեասյանն ասաց, որ փաստաթուղթը առանցքային նշանակություն ունի և պետք է լայնորեն քննարկվի և հանրային լավ իրազեկում ունենա։ Նա նշում է՝ հանրակրթական պետական չափորոշչի հիմնական նպատակը հենց դպրոցից պետության ակնկալիքները, դպրոցից պետության պահանջը ձևակերպելն է, որպեսզի պարզ լինի, թե ինչպես պետք է կազմակերպվի ուսուցիչների աշխատանքը։

Փոխնախարարն ընդգծում է, որ առանցքային փոփոխությունը մոտեցման սկզբունքների փոփոխությունն է, ըստ որի մենք պետք է կարողանանք դպրոցը վերափոխել այնպես, որպեսզի այն դառնա իրապես ստեղծագործ միջավայր, որտեղ ուսուցիչները կունենան դաշտ որոշումների կայացման համար, ստեղծագործ մոտեցման համար, որի արդյունքում շրջանավարտները ձեռք կբերեն կարողունակություններ, որոնք նկարագրված են չափորոշչում։ Բանախոսը հստակեցնում է՝ փորձ է արվում վեր կանգնել առարկայական մոտեցումներից և կրթել հանրային մտքի զարգացմանը նպաստող շրջանավարտներ։ Պետք է պաշտպանվեն սովորողների շահերը, պետք է հասկանալ՝ դասավանդվող առարկաները արդյո՞ք միտված են արժեհամակարգ ձևավորելուն։ Պետք է հասկանալ՝ քանի՞ առարկայի կարիք ունենք, ո՞ր դասարաններում, ինչպե՞ս են դրանք փոխլրացնում միմյանց։

«Կրթական քաղաքացիական նախաձեռնության» անդամ Լուսինե Խառատյանը ընդհանուր առմամբ կողմ է կրթական բարեփոխմանը և շատ ճիշտ է համարում կարողունակությունների վրա հիմնված չափորոշիչ ստեղծելուն։ Բայց կան նաև խնդիրներ, որոնց մասին պետք է քննարկումներ լինեն։ Փաստաթղթում հստակեցված չէ, թե ինչ կարողունակությունների են հանգեցնելու վերջնարդյունքները։ Բանախոսը խնդիրներից նշում է՝ հայոց լեզվին և գրականությանը հատկացված են քիչ դասաժամեր տարրական օղակում, քանի որ լեզուն մի կարողունակություն է, որը պետք է նպաստի մնացած կարողունակությունների ձեռքբերմանը։ Կարևոր է համարում նոր չափորոշչի իրականացումը, պետք է լուրջ վերապատրաստում անցնեն ուսուցիչները։

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը շեշտեց, որ փաստաթուղթը գրվել է առանց երկու կարևոր քայլեր կատարելու։ Առաջինը կարիքների գնահատում չի արվել, երկրորդը՝ կրթության ռազմավարությունն ու տեսլականն է, որը կարող էր լուծել շատ հարցեր և բացառել հնչող քննադատությունները։ Բանախոսը գտնում է՝ վերջնարդյունքների թիվը պետք է լինի քիչ, որովհետև մի քանի տասնյակ վերջնարդյունք նշելը ուսուցիչներին հնարավորություն չի տալիս կենտրոնանալ։ Փաստաթուղթն ուսուցիչների համար պետք է դառնա ամենօրյա գործիք, քանի որ նախորդ չափորոշիչները մնացին թղթի վրա։ Փորձագետը նկատում է, որ փաստաթղթում կան գնահատման սկզբունքներ, բայց չկան դասավանդման սկզբունքներ։ Ուսուցիչները պետք է հասկանան՝ վերջնարդյունքները դասավանման ինչ սկզբունքով պետք է ձևավորվեն։

«Մերօրյա Հայաստանում ոչ այնքան բարձր առաջադիմություն ունենք հենց հայագիտական առարկաների առումով»,- նկատում է պատգամավոր Աննա Կոստանյանը՝ բացատրելով, որ եթե անհրաժեշտ է պատրաստել այնպիսի քաղաքացի, ով ուժեղ կլինի բնագիտական առարկաներից, տեղեկատվական տեխնոլոգիաներից, ապա հիմքում պետք է ընկած լինի նաև մայրենի լեզվի հիմնավոր իմացությունը։

Քրիստինե Հովսեփյան

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս