X
Մենք սոց. ցանցերում

Երևանաբնակները պետք է պայքարեն Երևանի կոլորիտը պաշտպանելու համար

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցին Ֆիրդուս թաղամասի պաշտպանության նախաձեռնող խմբին միանալ է ստիպել իշխանությունների արձագանքն այն մասով, որ Ֆիրդուսի տները սարայներ են, ոչ թե մշակութային արժեքներ։

«Էտ արտահայտությունը ես լսել եմ դեռևս Հյուսիսային պողոտայից սկսված, երբ սկսվել էր գերակա շահը շահարկվել ու ամեն ինչ ներկայացվում էր որպես սարայներ»,- ասում է իրավապաշտպանը և նկատում, որ մենք ունենք գնահատման խնդիր՝ ինչի հետ են համեմատում 100 տարվա պատմություն ունեցող շենքերը։ «Եթե դուրսպրծուկ օլիգարխների տների հետ են համեմատում, այո, սրանք սարայներ են, որովհետև էս տները չունեն ոսկեզօծ զուգարաններ, ոսկեզօծ բռնակներ»,- նշում է Կարապետյանցը՝ հիշեցնելով, որ մեր պատմությունը հենց այդ սարայներն են։ Հասկանալի է, որ քաղաքի կենտրոնը մեծ ուշադրության է արժանանում մեծ փողերի համար, և այս խնդիրը ամբողջ աշխարհում կա, միայն Երևանում չի, բայց երևանաբնակները ունեն բացառիկ հնարավորություն համախմբվելու և պայքարելու Երևանի պատմությունը, կոլորիտը պաշտպանելու համար։

Բանախոս Հայկ Մարտիրոսյանը ներկայացրեց 33-րդ թաղամասի հետ կապված իրավական գործընթացը․«Գործընթացը սկսվել է 2006-2007 թվականին, 2008 թվականին, երբ կառավարության որոշումներով հանրային գերակա շահ է հռչակվել, սակայն ծրագիրը չի իրականացվել, ծրագիրը ձախողվել է։ Այս ընթացքում քաղաքացիների բազմաթիվ դժգոհություններ են հնչել, որ իրացման ծրագրում իրենց սեփականության իրավունքը խախտվել է։ Այս ամենից հետո 2018 թվականի մարտին դարձյալ տարածքը հռչակվում է գերակա հանրային շահ, ձեռք բերող ճանաչվում է մի ընկերություն, որի հիմնադիրը նույն Էդուարդ Մելիքյանն է, նախկին արդեն չիրականացված ծրագրերով ներգրաված կազմակերպությունների հիմնադիրը։ Կառավարությունը հրաժարվում է հրապարակել այսօրվա դրությամբ այն ֆինանսական երաշխիքները, որոնք տվել են կազմակերպությունները որպես ծրագրի իրականացման երաշխիք։ Այս գործընթացներից ելնելով՝ «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը» հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին պաշտոնատար անձանց կողմից համապատասխան գործարքների իրականացման մեխանիզմներում չարաշահումներ թույլ տալու վերաբերյալ»։

Մարտիրոսյանը լիահույս է, որ պատշաճ իրավական ընթացակարգով տեղի կունենա հաղորդման հիման վրա նյութերի նախապատրաստումը։

Քրիստինե Հովսեփյան

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս