Մարտի 18-ից Սբերբանկը դադարեցրել է ֆիզիկական անձանց փոխանցումները այլ բանկեր (ինչպես ռուսական, այնպես էլ արտասահմանյան) հինգ արժույթներով՝ ԱՄՆ դոլար, ֆունտ ստեռլինգ, դանիական և շվեդական կրոն, կանադական դոլար:
Ֆիզիկական անձինք նույնպես չեն կարողանա այս արժույթներով փոխանցումներ ստանալ ռուսական և արտասահմանյան այլ բանկերից Սբերբանկի իրենց հաշվին: Բանկի հայտարարության մեջ ասվում է, որ որոշումը կայացվել է «պատժամիջոցների պատճառով»։
Սբերբանկը նշել է, որ բանկի գրասենյակներում դեռ հնարավոր է փոխանցումներ ուղարկել Ռուսաստանի ներսում և այլ երկրներ վեց արժույթներով՝ ռուբլով, եվրոյով, իենով, շվեյցարական ֆրանկով, նորվեգական կրոնով և սինգապուրյան դոլարով։ Sberbank Online հավելվածում արտասահման փոխանցումները հասանելի են միայն եվրոյով:
Սբերբանկը խորհուրդ է տվել փոխանցումից առաջ ճշտել, թե արդյոք սահմանափակումներ կան ստացող բանկի կողմից, գրում է Ինտերֆաքսը։ Ընկերությունն ընդգծել է, որ ուկրաինական որոշ բանկեր սահմանափակումներ են մտցրել Սբերբանկից գումարներ ստանալու հարցում։














