Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում, «Վեստի» լրատվական գործակալությանը հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Նրա խոսքով՝ Հայաստանը միության անդամ է ընդամենը 10 տարուց մի փոքր ավելի, և այս ընթացքում երկրի ՀՆԱ-ն գրեթե եռապատկվել է։ Համապատասխանաբար, մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն նույնպես եռապատկվել է։
«Մեր առևտուրը 2024 թվականի գագաթնակետային տարում հասել է 12,4 միլիարդ դոլարի, մինչդեռ Հայաստանի ՀՆԱ-ն այդ ժամանակ կազմում էր մոտավորապես 26-27 միլիարդ դոլար։ Եվ մենք, իհարկե, շատ հույս ունենք, որ Հայաստանը կշարունակի կառուցողականորեն աշխատել Եվրասիական տնտեսական միության մյուս անդամ պետությունների հետ», – ասել է Օվերչուկը։













