Ազգային ժողովը փակ նիստում կքննարկի «Արցախի Հանրապետությունում ստեղծված հումանիտար իրավիճակը, սպառնալիքները եւ հրատապ անելիքները» հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմայով հրատապ քննարկում անցկացնելու մասին հարցը:
Ընդդիմադիր պատգամավորները հետաքրքրվեցին, թե ինչ հիմնավորմամբ է փակ անցկացվում նիստը, քանի որ լայն հանրությանն է այն հետաքրքրում, իսկ քաղաքական մեծամասնությունը պարզաբանեց, որ թեև հասկանալի է, որ այս հարցը հանրային լայն հետաքրքրություն է առաջացնում, բայց այն նաև Հայաստանից դուրս է լայն հետաքրքրություն առաջացնում, և անվտանգային բնույթի հարցեր չեն կարող բաց և ուղիղ ռեժիմով քննարկել: «Քաղաքացիական պայմանագրից» Հայկ Կոնջորյանն ասաց, որ ընդդիմության առաջարկով փակ նիստին զեկուցող կլինեն նաև արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
«Հայաստան» դաշինքից Գեղամ Մանուկյանը ավելացրեց, որ հասկանալի է՝ որոշ հարցեր կան, որ բաց նիստով դժվար է քննարկել և տեղեկություններ փոխանցել, բայց հարցը արցախցի հայրենակիցների համար է շատ կարևոր: «Արցախում հումանիտար աղետ է, որի հետ կապված՝ ՀՀ բարձրաստիճան ղեկավարների կողմից գրեթե որևէ արձագանք չի եղել»,- ասաց նա և կոչ արեց քաղաքական մեծամասնությանը հետևել այն արտահայտություններին, որոնք վիրավորում են Արցախին, արցախցուն:
Այսպիսով հարցը դրվեց քվեարկության և կողմ քվեարկեց 66 պատգամավոր, դեմ՝ 18, ձեռնպահ՝ մեկ:
Արմեն Ռուստամյանն առաջարկեց փակ ռեժիմով քննարկմանը Հայաստանում գտնվող արցախցի գործընկերներին էլ հրավիրեն, իսկ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը առաջարկեց աշխատանքային կարգով քննարկել այդ հարցը։














