Երեւանում հաճախ են արձանագրվում դեպքեր, երբ ծառերի ընկնելու, դիտահորերի բաց լինելու կամ քաղաքում տարբեր շինարարական աշխատանքներ իրականացնելու հետեւանքով վնասվում են մեքենաներ կամ այլ գույք: Այդ ամենի համար, սակայն, չկա հստակ ընթացակարգ, որի համաձայն՝ քաղաքացին կկարողանա դիմել համայնքապետարան ու որոշակի փոխհատուցում ստանալ:
Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանն առաջարկում է առաջիկայում ավագանու քննարկմանը ներկայացնել քաղաքային ապահովագրության ներդրման նախագիծ, որն էլ կարող է հստակ քայլերով ուղղորդել քաղաքացիներին, թե ինչպես կարող են փոխհատուցում ստանալ վերոնշյալ վնասների դեպքում:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Խաժակյանը հայտնել է, որ քաղաքային ապահովագրության համակարգի ներդրման անհրաժեշտությունը ծագել է տարիների ընթացքում քաղաքացիների կողմից ստացված դժգոհություններից, որոնք առաջացել են իրենց գույքին կամ առողջությանը պատճառված վնասով պայմանավորված:
«Հաճախ քաղաքապետարանի այս կամ այն ստորաբաժանման աշխատանքի թերացման պատճառով քաղաքացիները կրում են նյութական վնասներ։ Այդպիսի օրինակներ են բաց դիտահորերից ծառի ընկնելու հետեւանքով վնասված մեքենաները կամ անշարժ գույքը, շինարարական աշխատանքների հետեւանքով եւ կոմունալ տնտեսությունում առաջացած վթարներից հասցված այլ վնասները»,- մանրամասնեց նա:
Խաժակյանի խոսքով՝ վերոնշյալ պատահարներից հետո քաղաքացիները շատ դեպքերում դիմում են Երեւանի քաղաքապետարան, սակայն մերժվում են հիմքերի բացակայության պատճառով ու ստիպված լինում դիմել դատարան՝ վնասի փոխհատուցում ստանալու նպատակով։
«Սա նշանակում է, որ չկան արդյունավետ իրավական մեխանիզմներ եւ կարգավորումներ, որոնք թույլ կտան իրավական վեճը հարթել նախապես սահմանված վարչարարությունների միջոցով։ Հայաստանում կա ներդրված ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության համակարգ, որում գործող մեխանիզմները հնարավոր է՝ մասամբ, իսկ որոշ դեպքերում նաեւ ամբողջությամբ ներդնել քաղաքային ապահովագրության համակարգի հիմքերում»,- նկատեց ավագանու անդամը։
Համակարգի ներդրման համար, ըստ Խաժակյանի, գոյություն ունեն մի քանի առաջնային կետեր, օրինակ՝ ավագանու որոշմամբ պետք է սպառիչ սահմանվեն այն ապահովագրական պատահարները, որոնք քաղաքի կողմից ենթակա են փոխհատուցման: Քաղաքացու գույքին կամ առողջությանը հասցված վնասի փոխհատուցումը պետք է իրականացվի որակավորված փորձագետի եզրակացության հիման վրա՝ գնահատելով պատահարի ազդեցությունը։
«Ֆիքսել պատահարը, արձանագրել, որ այն տեղի է ունեցել քաղաքի որեւէ ստորաբաժանման կատարած գործողության կամ ցուցաբերած անգործության հետեւանքով: Այսինքն, եթե ծառն ընկել է, այն պիտի էտված կամ կտրված լիներ: Դրա պատասխանատուն քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումն է»,- նշեց նա:
Խաժակյանի դիտարկմամբ՝ հաջորդ քայլը պետք է լինի վնասի փոխհատուցման չափի գնահատում, որը ևս հնարավոր է իրականացնել որակավորված փորձագետի կողմից տրված եզրակացության հիման վրա. «Որակավորված փորձագետի եզրակացությունների հիման վրա Երեւանի քաղաքապետարանում հարուցվելու է վարչական վարույթ, որի արդյունքը հիմք կլինի փոխհատուցում տրամադրելու համար»: Խաժակյանի փոխանցմամբ՝ վարչական վարույթի արդյունքում կայացվում է որոշում փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ, որն էլ տրամադրվում է քաղաքապետարանի բյուջեից:
Վարչական վարույթի արդյունքում քաղաքապետարանը կարող է պահանջել փոխհատուցված գումարի վերադարձ այն կառույցից, որի գործողությունները կամ անգործությունը հիմք են դարձել տվյալ պատահարի համար։
«Օրինակ, եթե բաց դիտահորի պատճառով է խնդիր առաջացել, դա կարող է լինել ե՛ւ քաղաքապետարանի, ե՛ւ «Վեոլիա ջուր» ու ՀԷՑ ընկերությունների թերացման հետեւանքով: Այստեղ ֆիքսվում է, որ պատահար է տեղի ունեցել, ապա նաեւ այն, թե հասցված վնասը ո՞ր կազմակերպության թերացման հետեւանքով է: Տվյալ կազմակերպություններն էլ հետագայում իրենց գործողություններում ավելի զգոն կլինեն: Այդ գնահատումն իրականացնում է փորձագետը»,- ասաց նա:
Խաժակյանը միաժամանակ նկատեց՝ քիչ չեն նաեւ այն դեպքերը, երբ ասֆալտապատման ժամանակ չեն տեղադրվում համապատասխան ցուցատախտակները, եւ մեծ փոսեր են փորվում, իսկ այդտեղով երթեւեկող մեքենան էականորեն վնասվում է:
«Ասֆալտապատումն իրականացնում են մասնավոր կազմակերպությունները, սակայն քաղաքապետարանի պատվերով: Տվյալ դեպքում քաղաքապետարանը ֆիքսում է, որ քաղաքացուն հասցվել է վնաս այդ շինարարական աշխատանքների հետեւանքով, փոխհատուցում է այդ վնասը, բայց քանի որ թերացումը եղել է կապալառու կազմակերպության կողմից, դիմում է նրան եւ համայնքի բյուջե է հետ վերադարձվում այդ փոխհատուցման չափով գումար»,- մանրամասնեց նա:
Խաժակյանի խոսքով՝ երբ Երեւանի քաղաքապետարանը դիմի վնասի պատճառ հանդիսացած կազմակերպությանը՝ վնասը փոխհատուցելու համար, եւ տվյալ կազմակերպությունը չհամաձայնի կամավոր այդ գումարը վճարել, ապա այստեղ դատական հայցի միջոցով է գումարը պահանջում. «Այստեղ կարեւոր շեշտադրումը նաեւ այն է, որ անգամ այս դատական քաշքշուկների մեջ ոչ թե քաղաքացին է ընկնում, այլ քաղաքապետարանը՝ համարելով, որ այդ վնասն իրեն է պատճառվել»:














