ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ապրիլի 8-ին Մոսկվայում կհանդիպի Հայաստանի իր պաշտոնակից Արարատ Միրզոյանին։
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, նա ասել է, որ Սերգեյ Լավրովը եւ Արարատ Միրզոյանը նախատեսում են մանրամասն քննարկել բոլոր ոլորտներում երկկողմ համագործակցության ամրապնդմանը վերաբերող հարցերը, փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերը ընդհանուր ինտեգրացիոն միություններում, ինչպես նաեւ համատեղել ջանքերը միջազգային այլ հարթակներում։
«Բացի այդ, տեղի կունենա մտքերի փոխանակում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների միջեւ 2020թ․ նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի եւ 2021թ․ նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների կատարման վերաբերյալ։ Մենք ակնկալում ենք, որ Մոսկվայում տեղի ունենալիք բանակցությունները կնպաստեն Երեւանի հետ դաշնակցային համագործակցության խորացմանը, Անդրկովկասում խաղաղության ու կայունության առաջխաղացմանը»,- ասել է նա։














