Լրահոս 24/7

Հայաստանը նախկինում երբեք այնքան աջակցություն չի ցուցաբերել Արցախին, ինչքան հիմա. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ Հայաստանը նախկինում երբեք այնքան աջակցություն չի ցուցաբերել Արցախին, ինչպես հիմա: Փաշինյանն  այս մասին ասաց ԱԺ-ում՝ կառավարության 2021 թվականի ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացման ժամանակ:

Վարչապետը նախ անդրադարձավ 2021-ին Հայաստանի լրջագույն ձեռքբերումներին: 2021-ի ձեռքբերումներից նա անկյունաքարային համարեց խորհրդարանական ընտրությունները: «Աղետալի պատերազմից հետո տեղի ունեցած այդ ընտրություններն ի ցույց դրեցին մեր պետականության ու ժողովրդի դիմակայունությունը, պետականություն ունենալու մեր կամքը, բարձրացրեցին ՀՀ միջազգային վարկը և արձանագրեցին մեր հավատարմությունը ժողովրդավարությանն ու ժողովրդավարական արժեքներին: Երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ 2021-ի ընտրությունները դարձան ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու միջոց, այլ ոչ թե ներքաղաքական ճգնաժամի պատճառ»,-ընդգծեց Փաշինյանը:

Երկրի ղեկավարը նշեց՝ 44-օրյա աղետալի պատերազմից հետո հանրային հուզումների և ալեկոծությունների, հարձակումների և սպառնալիքների մթնոլորտում քաղաքական մեծամասնությունը ժողովրդի բարձրագույն իշխանության կարգավիճակը պահպանելու և պաշտպանելու ուժ գտավ իր մեջ՝ գնալով արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Վարչապետն ընդգծեց՝ նախորդ տարի տեղի ունեցած ընտրական գործընթացով ՀՀ-ն ոչ միայն հաղթահարեց ներքաղաքական ճգնաժամը, այլև միջազգային ինստիտուտների գնահատմամբ՝ ընտրական ավտորիտարիզմ ունեցող երկրների շարքից անցում կատարեց դեպի ընտրական ժողովրդավարությամբ երկրների շարք, սրանով, ըստ էության, ՀՀ-ն մուտք գործեց պայմանականորեն ասած, ժողովրդավարության բարձրագույն լիգա, և սա կարևորագույն ձեռքբերում է:

Փաշինյանը 2021-ի հաջորդ կարևորագույն ձեռքբերումը համարեց մակրոտնտեսական կայունության ապահովումը հետպատերազմական ծանր շրջանում, որը, ըստ նրա, ահագնանում էր նաև ներքաղաքական և կորոնավիրուսային ճգնաժամով, անվտանգային անորոշ միջավայրով և տագնապներով պայմանավորված: «Այս պայմաններում ոչ միայն հնարավոր եղավ պահպանել պետական կառավարման և տնտեսական կայունությունը, այլև եվրոպարտատոմսերի աննախադեպ՝ 750 մլն դոլար ծավալով տեղաբաշխում իրականացնել՝ բոլոր պետական թողարկումների համեմատ ամենացածր տոկոսով»,-ասաց վարչապետը:

Նա հիշեցրեց նաև, որ միջազգային հեղինակավոր Fitch  և Moody’s վարկանշային գործակալությունները վերահաստատել են ՀՀ-ին տրված կայուն հեռանկարով վարկանիշները՝ վարկունակության մակարդակը գնահատելով որպես վստահելի, կարևորելով առկա ռիսկերը կառավարելու կառավարության կարողությունները:

«Սրանք պատերազմ վերապրած երկրի համար չափազանց բարձր ու կարևոր գնահատականներ են: Եվ այս գնահատականները հաստատվեցին նաև գործնականում մեր երկրի քաղաքական դիմակայունությանը զուգահեռ՝ ի ցույց դնելով ֆինանսատնտեսական դիմակայունությունը: Եվ որպես արդյունք 2021-ի հարկային բյուջեի եկամուտները, տարեսկզբին պլանավորվածի նկատմամբ, գերակատարվեցին 147 մլրդ դրամով: Այսինքն՝ հետպատերազմական ճգնաժամային տարում կառավարությունը ոչ միայն չկրճատեց ծախսերը, այլև լրացուցիչ ծախսեր ֆինանսավորելու հնարավորություն ունեցավ: Այդ լրացուցիչ ծախսերի մի զգալի մասն ուղղվեց պատերազմից վիրավոր Արցախի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը: Ու այս ֆոնին, երբ 2020-ի նոյեմբերից մինչև 2021-ի ավարտը կառավարությունն Արցախում իրականացրել է 136 մլրդ դրամի ծրագիր, իսկ 2022-ի բյուջեով 144 մլրդ դրամի ֆինանսավորում է նախատեսել, մարդիկ կան, որոնց լեզուն պտտվում է ասել, թե ՀՀ-ն Արցախից ձեռքերը լվացել է: Հայաստանը նախկինում երբեք այնքան աջակցություն չի ցուցաբերել Արցախին, ինչպես հիմա»,-ասաց Փաշինյանը:

Հաշվետու տարում կապիտալ ծախսերի աննախադեպ ծավալ է իրականացվել՝ տարեսկզբի պլանավորվածի նկատմամբ 100 տոկոս: Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի պատմության մեջ նման ցուցանիշ երբեք չի եղել: 2021-ի կապիտալ ծախսերի բացարձակ ցուցանիշը նույնպես աննախադեպ էր 3-րդ հանրապետության պատմության մեջ՝ 217. 8 մլրդ դրամ, ընդ որում 2021-ի կապիտալ  մեծությունը շուրջ 24.7 մլրդ դրամով գերազանցել է 2019-ի և 65.8 մլրդ դրամով՝ 2018-ի նույն ցուցանիշը: Կապիտալ ծախսերի ճշտված պլանի նկատմամբ 2021-ի 92.3 տոկոս կատարողականը վերջին 4 տարիների ամենաբարձր ցուցանիշն է:

«Որպես արդյունք 2021-ի դեկտեմբերին աշխատատեղերի թվաքանակը կազմել է 659 հազար 471, որը բացարձակ ռեկորդ է Հայաստանի նախորդող շրջանի ողջ պատմության համար: 2020-ի նույն ամսվա համեմատ աշխատատեղերի աճը կազմել է 6.1 տոկոս, 2019-ի նույն ամսվա համեմատ՝ 4.9 տոկոս, 2018 թվականի  նույն ամսվա համեմատ՝ 12.1 տոկոս: Էականորեն աճել է միջին և համախառն աշխատավարձը»,-ասաց վարչապետը:

Կառավարությունը կապիտալ ծախսերի ֆինանսավորման մեծացումն ու արդյունավետության բարձրացումը համարում է երկրի առաջ ծառացած սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման կարևոր գործոններից մեկը, որովհետև այդպիսով բացվում են նոր աշխատատեղեր, բարձրանում են աշխատավարձերը: 2022-ի համար կառավարությունը նախատեսել է շուրջ 350 մլրդ դրամ կապիտալ ծախսեր:

Թիվ 1

Recent Posts

Լիտվան 13 մլն եվրո է հատկացրել Ուկրաինայի վերականգնման համար

Լիտվայի կառավարությունը հավանություն է տվել Մարդասիրական օգնության հիմնադրամին լրացուցիչ 13 միլիոն եվրոյի հատկացմանը։ Այդ միջոցները…

30 seconds ago

Հարիսն Օրբանին, Սի Ծինփինին և Կիմ Չեն Ընին անվանել է մարդասպաններ

ԱՄՆ փոխնախագահ և ԱՄՆ ղեկավարի պաշտոնի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը վիրավորել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր…

8 mins ago

Եվրախորհրդարանը հավանություն է տվել Վրաստանի վերաբերյալ բանաձևի նախագծին

Եվրախորհրդարանը հավանություն է տվել Վրաստանի վերաբերյալ բանաձևի նախագծին։ Բանաձևին կողմ է քվեարկել 495 պատգամավոր, դեմ՝…

16 mins ago

Իրանցի պատգամավորներն առաջարկում են թույլատրել միջուկային զենքի մշակումը

Իրանցի 39 պատգամավորից բաղկացած խումբը պաշտոնական նամակ է հղել Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդին՝ առաջարկելով վերանայել…

24 mins ago

Դաժան սպանություն Լոռիում. դիակը հրկիզել ու թաղել էին դաշտում

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում, քննչական համակարգված և տակտիկապես…

33 mins ago

Գնել Սանոսյանը շրջայց է կատարել «Երևան ՋԷԿ»-ի տարածքում

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այցելել է «Երևան ՋԷԿ» ՓԲԸ։ Նախարարին…

43 mins ago