Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը հանդիպել է Թբիլիսիի քաղաքապետի հետ:
Այս մասին տեղեկացնում է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:
Ողջունելով երևանյան պատվիրակության անդամներին՝ Թբիլիսիի քաղաքապետը նկատել է, որ այցը ևս մեկ հնարավորություն է՝ նախանշելու առաջիկա անելիքներն ու քննարկելու նոր ծրագրեր: Կարևորելով երկու քույր քաղաքների միջև ձևավորված ջերմ հարաբերությունները՝ Կախա Կալաձեն առաջարկել է Երևանում անցկացնել Թբիլիսիի օրեր և Թբիլիսիում՝ Երևանի:
Շնորհակալություն հայտնելով հրավերի և ջերմ ընդունելության համար՝ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալն իր հերթին նշել է, որ Երևանը մեծապես կարևորում է տարբեր ոլորտներում Թբիլիսիի հետ գործակցության խորացումը:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են այն ոլորտներին, որոնց շրջանակում կարող են ծավալել փոխշահավետ և արդյունավետ գործակցություն՝ ի շահ երկու մայրաքաղաքների բնակիչների:














