Ֆրանսիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վերջին ուղիղ հեռախոսազրույցները, սահմանային հարցերով երկկողմ հանձնաժողով հրավիրելու և երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու նրանց որոշումը, հայտարարել է երկրի արտգործնախարարությունը։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունը նշում է, թե կշարունակի լիակատար աջակցությունն այդ գործընթացին, և որ այդ նպատակով հաջորդ շաբաթ Բաքու կմեկնի դեսպան Բրիս Ռոքֆեյը։ Նա ավելի վաղ՝ ապրիլի 11-14-ը, այցելել էր Երևան։
Ֆրանսիայի արտգործնախարարության վերջին հաղորդագրության մեջ Բրիս Ռոքֆեյը, ով Ֆրանսիայի ներկայացուցիչն էր ԵԱՀԿ Մինսկի խմբում, ներկայացվում է որպես ԵՄ Արևելյան գործընկերության գծով Ֆրանսիայի դեսպան։ Մինչ այդ ԱՄՆ պետքարտուղարությունն էր Թվիթերի իր էջում Մինսկի խմբի ամերիկացի միջնորդ Էնդրյու Շոֆերին ներկայացրել որպես «Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական»:














