Սպորտ

Սամբոյի աշխարհի երիտասարդների և պատանիների առաջնությունը կանցկացվի Երևանում

2023 թվականի հոկտեմբերի 14-ից 16-ը Երևանում կանցկացվի սամբոյի աշխարհի երիտասարդների և պատանիների առաջնությունը: Այս որոշումը կայացվել է սամբոյի միջազգային ֆեդերացիայի՝ ապրիլի 27-ին անցկացված գործկոմի նիստում:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը, ով այսօր կայացած համաժողովի ընթացքում վերընտրվել է ֆեդերացիայի նախագահի պաշտոնում, ասում է՝ նմանօրինակ մեծամասշտաբ միջոցառման անցկացման իրավունքը մեծ պատիվ է. «Աշխարհի առաջնության անցկացումն իսկապես տոն պետք է լինի մեզ համար: Հայաստանում նմանօրինակ մասշտաբի մրցաշար մեր մարզաձևից դեռևս չի կայացել: Թիմային չարչարանքի և լրջագույն աշխատանքի շնորհիվ մենք այսօր արժանացանք այս պատվին: Ամեն ինչ պետք է անենք առաջնությունն ամենաբարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար: Վստահ եմ՝ ամեն ինչ լավ կլինի՝ պետության և մեր սպորտային ընտանիքի աջակցությամբ»:

Երիտասարդների և պատանիների աշխարհի առաջնությունը նախատեսվում է անցկացնել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Սպասվում է 4 մայրցամաքի՝ շուրջ 70 երկրի մասնակցություն. «Ակնկալում ենք, որ մասնակիցների և պատվիրակների ընդհանուր թիվը կկազմի շուրջ 2500 մարդ: Ամեն ինչ պետք է անենք նրանց հավուր պատշաճի հյուրընկալելու համար»:

Ավելի վաղ հայկական կողմը հայտ էր ներկայացրել նաև սամբոյի վետերանների աշխարհի առաջնությունն անցկացնելու վերաբերյալ, բայց միջազգային ֆեդերացիայի գործկոմի անդամները որոշել են այն հետաձգել և անցկացնել հաջորդ տարի՝ դարձյալ Երևանում:

Ինչ վերաբերում է Հայաստանի հավաքականների մասնակցությանն աշնանը Երևանում կայանալիք առաջնությանը, ֆեդերացիայի նախագահն ընդգծում է՝ ամեն ինչ պետք է անեն բարձրակարգ ելույթներ ունենալու համար. «Վստահ եմ՝ կփայլենք: Ունենք աղջիկների, երիտասարդների և պատանիների հիանալի թիմեր: Մինչև առաջնության մեկնարկն էլ կանցկացնենք ուսումնամարզական հավաքներ՝ ստուգատեսին լավագույնս նախապատրաստվելու համար: Շատ կարևոր է, որ մարզական առումով ևս լավ պատրաստված լինենք»:

Սամբոյի միջազգային ֆեդերացիայից նաև հայտնում են, որ կրտսեր տարիքի պատանիների աշխարհի առաջնությունը, որը նշանակված էր դեկտեմբերին՝ Քիշնևում, դարձյալ հետաձգվել է և կկայանա հաջորդ մրցաշրջանում:

Աշխարհի մեծահասակների առաջնությունն էլ, որը պետք է տեղի ունենար նոյեմբերի 11-13-ը՝ Աշխաբադում, տեղափոխվել է և նույն ժամկետներում կանցկացվի Բիշքեկում:

Թիվ 1

Recent Posts

Թրամփի այցը Սաուդյան Արաբիա կապված չէ Պուտինի հետ հանդիպման հետ․ Կրեմլ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցը Սաուդյան Արաբիա կապված չէ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նախատեսված…

5 minutes ago

Ապրիլի 3-7-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Երևան քաղաքում ապրիլի 2-ի ցերեկը, 3-ին օրվա ընթացքում, 5-ին՝ երեկոյան ժամերին, 6-ի գիշերը՝ սպասվում է…

21 minutes ago

ՔՊ-ն ԲԴԽ անդամի 3 թեկնածու է առաջադրել

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարություն է տարածել Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածուների առաջադրման մասին։…

27 minutes ago

Գնդակը Հայաստանի դաշտում է. Ալիև

Իլհամ Ալիևը կրկին խոսել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման երկու առանցքային պայմանների մասին, որոնք…

41 minutes ago

ՀՀ-ի և Վիետնամի միջև առևտրաշրջանառությունը վերջին տարիներին արագ տեմպերով աճում է. Արշակյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով մեր երկրում է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի նախագահ…

52 minutes ago

Վերջին 3 տարում տնկվել է 20.192 նոր ծառ. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, թե Երևանում վերջին 3 տարում տնկել ենք 20.192 նոր…

1 hour ago