Լրահոս 24/7

Բրյուսելում կայացած ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի չորրորդ նիստը մարտահրավերներ է ստեղծել թե՛ Հայաստանի, թե՛ ԵՄ-ի համար

Մայիսի 18-ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ Գործընկերության խորհրդի չորրորդ նիստը, որն առաջինն է 2021 թվականի մարտի 1-ին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ուժի մեջ մտնելուց հետո:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Հանդիպումը տեղի է ունեցել առանձնապես բարդ միջազգային համատեքստում, որն անվտանգության և տնտեսական կայունության առումով բազմաթիվ մարտահրավերներ է ստեղծել թե՛ Հայաստանի և թե՛ ԵՄ-ի համար:

Գործընկերության խորհուրդը քննարկել է ՀԸԳՀ-ի կիրարկումը, որն ընդգրկում է քաղաքական, տնտեսական և առևտրային բնագավառներում համագործակցության ոլորտների լայն շրջանակ և ողջունել է ձեռք բերված առաջընթացը: ԵՄ-ն ողջունել է Հայաստանի հանձնառությունը ՀԸԳՀ-ի կիրարկմանը, դրական գնահատել իրականացված բարեփոխումները և քաջալերել կառավարությանը` շարունակելու բարեփոխումների իր օրակարգը՝ ի շահ Հայաստանի քաղաքացիների, ինչին ԵՄ-ն լիովին աջակցում է։

Գործընկերության խորհուրդը վերահաստատել է Հայաստանի և ԵՄ-ի ընդհանուր հանձնառությունը մարդու իրավունքներին, հիմնարար ազատություններին, օրենքի գերակայությանը և ժողովրդավարական սկզբունքներին: Գործընկերության խորհուրդը ողջունել է դատական և իրավական բարեփոխումների Հայաստանի ազգային ռազմավարության և ազգային հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման գործընթացում արձանագրված ձեռքբերումները՝ միաժամանակ ընդունելով, որ դեռևս առկա են մարտահրավերներ։

ԵՄ-ն կառուցողական քաղաքական երկխոսություն է վարում Հայաստանի հետ և զգալի ֆինանսական ու տեխնիկական աջակցություն է ցուցաբերում բարեփոխումներին ուղղված այս ջանքերին: ԵՄ-ն հանձնառու է համագործակցելու Հայաստանի հետ՝ լրատվամիջոցների և խոսքի ազատության, ինչպես նաև խտրականության դեմ պայքարի ուղղությամբ հետագա առաջընթացի հասնելու համար:

Անդրադառնալով տրանսպորտի ոլորտին՝ Գործընկերության խորհուրդը ողջունել է 2021 թվականի նոյեմբերի 15-ին Միասնական ավիացիոն գոտու համաձայնագրի ստորագրումը: Այս համաձայնագրով երկու կողմերն էլ ներգրավվում են Հայաստանի ավիացիոն անվտանգության բարելավման գործընթացում, որը կարող է աստիճանաբար հանգեցնել Հայաստանի ընդգրկմանը ԵՄ ավիացիոն շուկայում` օդային տրանսպորտի նոր հնարավորություններով, ավելի ուղիղ հաղորդակցություններով և երկու կողմերի համար տնտեսական օգուտներով:

Գործընկերության խորհուրդը նշել է, որ Արտոնությունների ընդհանրացված համակարգի ավարտից հետո Հայաստանն այլևս չի կարող օգտվել համակարգով առաջարկվող` ԵՄ շուկա մուտքի արտոնյալ պայմաններից: Այնուամենայնիվ, ընդգծվեց, որ թեև ՀԸԳՀ-ն չի նախատեսում ապրանքների առևտրի համար արտոնյալ սակագներ, այն կարևոր ներուժ ունի երկկողմ առևտրային հոսքերին նպաստելու համար, որը պետք է ամբողջությամբ իրացվի:

Գործընկերության խորհուրդը համաձայնել է, որ միջուկային անվտանգությունը առաջնահերթություն է, և այս առումով ի գիտություն է ընդունել Հայաստանի առաջընթացն ու հանձնառությունը՝ ամբողջությամբ իրականացնելու Հայաստանի ազգային գործողությունների ծրագիրը՝ որպես ԵՄ աջակցությամբ ընդունված սթրես-թեստերի գործընթացի մաս: Խորհուրդը նաև վերահաստատել է կլիմայի փոփոխության դեմ պայքարի կարևորությունը՝ Փարիզի համաձայնագրի և ՀԸԳՀ-ի համաձայն:

Այդ նպատակով ԵՄ-ն ողջունել է Հայաստանի՝ «Ազգային մակարդակով սահմանված գործողությունների» նորացված թիրախները և քաջալերել Հայաստանին՝ ընդունելու Ցածր արտանետումներով զարգացման երկարաժամկետ ռազմավարություն՝ նպատակ ունենալով մինչև 2050 թվականը հասնել կլիմայական չեզոքության՝ ԵՄ պարտավորություններին համապատասխան:

Գործընկերության խորհուրդը ողջունել է Հայաստան-ԵՄ համագործակցությունը զբաղվածության և կրթության ոլորտներում՝ ընդգծելով Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու և արհմիությունների և գործատուների մասին օրենսդրությունը վերանայելու կարևորությունը՝ Հայաստանի օրենսդրական դաշտը Աշխատանքի միջազգային կազմակերպության հիմնարար կոնվենցիաների հետ ավելի համապատասխանեցնելու համար:

ԵՄ-ն ողջունել է Հայաստանի ջանքերը՝ ընդունելու կրթության նոր ռազմավարություն և վերահաստատել է իր շահագրգռվածությունը՝ ամրապնդելու Հայաստանի իշխանությունների հետ համագործակցությունը կրթության, ուսուցման և երիտասարդության հարցերով ռազմավարությունների վերաբերյալ:

Գործընկերության խորհուրդը գոհունակություն է հայտնել Էրազմուս+ ծրագրի շրջանակներում հաջող համագործակցության կապակցությամբ և ողջունել է Հայաստանի մասնակցությունը ԵՄ «Հորիզոն Եվրոպա» ծրագրին, որը թույլ կտա շարունակել հայ հետազոտողների և հետազոտական կազմակերպությունների մասնակցությունը Եվրոպական հետազոտական և ինովացիոն նախագծերին:

Գործընկերության խորհուրդն ի գիտություն է ընդունել ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու Հայաստանի պատրաստակամությունը։ ԵՄ-ն արձանագրել է Վիզաների դյուրացման համաձայնագրի և Ռեադմիսիայի համաձայնագրերի՝ ընդհանուր առմամբ, հաջող իրականացումը և խրախուսել\առաջարկել Հայաստանին՝ շարունակելու ջանքերը:

Գործընկերության խորհուրդն ընդգծել է Արևելյան գործընկերության կարևորությունը՝ որպես համագործակցության էական հարթակ: Խորհուրդը նաև վերահաստատել է, որ ժողովրդավարության, արդյունավետ կառավարման, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների և գենդերային հավասարության հիմնարար խնդիրները մնում են Արևելյան գործընկերության քաղաքականության շրջանակի հիմնասյունը:

Գործընկերության խորհուրդը նշել է, որ Հայաստանը կշահի Արևելյան գործընկերության՝ վերականգնման, դիմակայունության և բարեփոխման օրակարգից, ինչպես նաև հավակնոտ Տնտեսական և ներդրումային պլանից՝ ԵՄ-ի և Հայաստանի կողմից որոշված՝ այս օրակարգի հիմքում ընկած ուղենշային նախաձեռնություններով, որոնք կնպաստեն աշխատատեղերի ստեղծմանն ու զբաղվածության աճի խթանմանը, փոխկապակցվածությանը, ինչպես նաև կանաչ ու թվային անցմանը, հարավային շրջանների կրթությանն ու զարգացմանը:

Գործընկերության խորհուրդը նախագահում էր Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը․ ԵՄ պատվիրակությունը ղեկավարում էր Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ և Եվրոպական միության Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհելին։

Թիվ 1

Recent Posts

Վազգեն Թևանյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ

Ալբանիայում մեկնարկել է ըմբշամարտի միջազգային վարկանիշային մրցաշար: Ազատ ոճի 70 կգ քաշային կարգում Վազգեն Թևանյանը…

11 hours ago

Վերջին զանգը ոչ ոք չի չեղարկել. ԿԳՄՍ նախարար

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը դիմել է ավարտական դասարանների սովորողներին՝ նշելով, որ վերջին զանգը ոչ ոք…

11 hours ago

Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Սիրիայի հարավում գտնվող օբյեկտներին

Փետրվարի 25-ի լույս 26-ի գիշերը Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Սիրիայի տարածքին։ Այդ մասին…

11 hours ago

ԱՄՆ-ն չի կարող ֆինանսավորել ՆԱՏՕ-ի դաշնակիցներին, որոնք բավարար չենք ծախսում պաշտպանության վրա. Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է, որ Վաշինգտոնն այլևս չի կարող ֆինանսավորել ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին,…

11 hours ago

Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ դիվանագիտության ղեկավարի հետ

Փետրվարի 26-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին…

11 hours ago

Արևմտյան Վրաստանի աղետի գոտուց բնակչության տարհանման հարցը չի քննարկվում. Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ այս պահին Արևմտյան Վրաստանի աղետի գոտուց բնակչության տարհանման…

12 hours ago