Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չպետք է խոչընդոտի երեխաների իրավունքների իրացմանը։
Այս մասին գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ շնորհավորելով Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը։
Նրա խոսքով՝ հասարակության ու պետության վաղվա լիարժեք քաղաքացին ձևավորվում է այսօրվա երեխայի համար լիարժեք մանկություն ապահովման միջոցով, և այս գործում պարտավորություն ու պատասխանատվություն են կրում բոլորը՝ ծնողները, պետական մարմինները, հանրության մյուս անդամները։
Ստեփանյանն ընդգծել է, որ ՄԻՊ աշխատակազմը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել երեխաների իրավունքների պաշտպանությունը երեք մակարդակներում. որպես անհատ, ընտանիքի և համայնքի անդամ՝ միտված նրանց բնականոն զարգացման ապահովմանը՝ առաջնորդվելով միայն ու միայն երեխայի լավագույն շահով։
«Վերջին պատերազմը, ցավոք սրտի, մեր փոքրիկներին էլ ստիպեց ականատես լինել կյանքի դժվարագույն դրվագներին, ապրել տարբեր բացասական զգացողություններ: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ տեղահանված ընտանիքների երեխաներին նոր միջավայրում լիարժեք ինտեգրելու ուղղությամբ։ Համոզված լինելով, որ հակամարտությունը չպետք է խոչընդոտի երեխաների իրավունքների իրացմանը՝ ՄԻՊ-ը ոլորտի խնդիրների մասին պարբերաբար բարձրաձայնում է ներքին և միջազգային հարթակներում»,- նշված է հայտարարության մեջ։














