ՀՀ կառավարությունն այսօր հաստատեց Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության միջև «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև զարգացմանն ուղղված համագործակցության դրամաշնորհային համաձայնագիրը» հաստատող նախագիծը:
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հայտնեց, որ զարգացմանն ուղղված համագործակցության դրամաշնորհային համաձայնագրի նպատակն է աջակցել Հայաստանին ժողովրդավարության և տնտեսական կայունության ամրապնդմանն ուղղված բարեփոխումների գործընթացում:
«ԱՄՆ ՄԶԳ-ի ընդհանուր նախատեսված ներդրումը նպատակներին հասնելու համար կազմում է 120 միլիոն դոլար, որը կհատկացվի մասնաբաժիններով։ ԱՄՆ ՄԶԳ-ն նախատեսում է բաշխել իր ընդհանուր ներդրումը նպատակների միջև հետևյալ կերպ՝ 68 միլիոն 565 հազար դոլար ժողովրդավարության խթանման համար և 51 միլիոն 435 հազար դոլար տնտեսական անվտանգության բարելավման համար»,- հայտնեց Հարությունյանը:
Նա նաև հավելեց՝ հաշվի առնելով COVID-19 համավարակով և Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած պատերազմով պայմանավորված ցնցումները, ինչպես նաև 2021թ. կայացած արդար և թափանցիկ խորհրդարանական ընտրությունները՝ սույն փաստաթղթով Ամերիկայի Միացյալ Նահանգները հանձնառություն է վերցնում աջակցելու Հայաստանի Հանրապետությանը՝ արդյունավետ և հաշվետու կառավարման կայացման, ժողովրդավարական ձեռքբերումները պահպանելու, ինչպես նաև տնտեսական մարտահրավերները հաղթահարելու ուղղություններով:














