Խծաբերդում գերեվարվածների հարազատները մի քանի ժամ բողոքի ցույց են անցկացրել Գյումրիում՝ Ռուսաստանի Դաշնության հյուպատոսության մոտ։ Նրանք պահանջում են շտապ քայլեր ձեռնարկել՝ իրենց որդիներին գերությունից ազատելու եւ տուն վերադարձնելու համար։
«Ռուսի քթի տակից են տարել մեր էրեխեքին, ռուսն էլ պիտի բերի։ Անցնելուց ռուսը կանգնած է եղել, հետ գալուց ռուսը չի եղել, որտե՞ղ է եղել, իր պարտականությունն էր կանգնել ու պաշտպանել, եռակողմ հայտարարության մեջ ռուսը միջնորդ է։ Պուտինը հայտարարեց՝ ով որտեղ կանգնած է, իրենն է, մերն է եղել Խծաբերդը, ինչի՞ հանկարծ դարձավ Ադրբեջանինը։ Մեր երեխեքը գնացել են մեր հողի վրա, Ադրբեջանը հայտարարում է, որ իր հողն է, իսկ ռուսը չի ելնում, ասի՝ չէ, Ադրբեջան, քոնը չէ, հայերինն է։ Պատերազմը դադարել է, դա հայերինն է եղել, հայը գնացել է իր հողի վրա է կանգնել»,- ասաց գերիների հարազատներից մեկը։
Գերիների ծնողների խնդրանքով հյուպատոս Ռուսլան Կանդաուրովն ընդունել է գերեվարվածների հինգ հարազատների։ Վերջինս խոստացել է ծնողների պահանջը փոխանցել Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։
Հանդիպումից հետո գերեվարվածների հարազատները հեռացել են Գյումրիում ՌԴ հյուպատոսության մոտից։














