

Իտալիայում Չարենցի 125-ամյա հոբելյանի տոնակատարության շրջանակում Պիոմբինոյում կներկայացվի բանաստեղծի առաջին իտալերեն կենսագրությունը, իսկ նրա պատվին կտավը կցուցադրվի «Պիոմբինոն արվեստում» փառատոնին:
Ինչպես տեղեկացնում է Իտալիայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան պաշտոնական էջը, Եղիշե Չարենցի ծնունդից 125 տարի անց Իտալիայում լույս է տեսել հայ մեծ բանաստեղծի առաջին իտալերեն կենսագրությունը, որը գրվել է լրագրող և գրող Լետիցիա Լեոնարդիի, հրատարակվել Lettere պատմական և հեղինակավոր հրատարակչության կողմից։ Նախաբանը իտալացի դերասան և ռեժիսոր Կառլո Վերդոնեինն է, ում հայրը՝ ճանաչված գրականագետ, էսսեիստ և ակադեմիկոս Մարիո Վերդոնեն, տարիներ առաջ առաջինն էր, ով Չարենցի բանաստեղծություններից մի քանիսը թարգմանեց իտալերեն և ներկայացրեց իտալացի ընթերցողին։
«Բացի այդ, իտալացի գեղանկարիչ Մաուրիցիո Կարուզոն մեծ բանաստեղծի պատվին ստեղծել է մի կտավ, որը «Պիոմբինոն արվեստում» փառատոնի միջոցառումների շրջանակներում՝ հուլիսի 19-ից 30-ը կցուցադրվի Պիոմբինոյում՝ Պալացցո Ապիանիում «Արգելված Գույներ» գեղանկարչության և գծանկարչության ցուցահանդեսում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ Լետիցիա Լեոնարդիի «Եղիշե Չարենց. մի բանաստեղծի անհանգիստ կյանքը» գիրքը հնարավորություն է տալիս վերապրելու հայ գրականության այս հանճարեղ ներկայացուցչի կյանքը, ում ստեղծագործությունները հմայում են իտալական հանրությանը։ Խորհրդային կարգերի ողբերգական շրջանում զոհ գնացած ամենանշանակալից դեմքերից մեկի իտալերեն առաջին կենսագրությունը ներկայացնում է մարդուն և բանաստեղծին՝ նամակների, հիշողությունների, վկայությունների և հետաքրքիր դրվագների միջոցով, որոնք ընդգծում են նրա փխրունությունը, բայց նաև խիզախությունն ու անհանգիստ կյանքի գորշ հատվածները։
«Մահվանից ավելի քան 80 տարի անց Եղիշե Չարենցի կյանքն ու ստեղծագործությունը, ինչպես ինքն է մարգարեաբար գրել, հետզհետե աճող հետաքրքրություն են հարուցում նաև Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս և նաև Իտալիայում։ Մահվանից տևական ժամանակ անց նրա կերպարի և ստեղծագործությունների շուրջ քննադատական ուսումնասիրությունների շարունակական աճը վկայում է նրա ստեղծագործական որակի և ժամանակակիցների հարգանքի մասին:
«Ուգո Ֆոսկոլոյի բանաստեղծական արվեստի և Էդգար Ալան Պոյի ողբերգական գոյության հետ ընդհանուր տարրեր ունեցող մի բանաստեղծ», այսպես է կենսագրականի հեղինակը բնութագրում Չարենցին իր գրքի էջերում։ Շատերը Չարենցի նշանակությունը գրական տեսանկյունից համեմատել են պատմական Հայաստանի լեռնային խորհրդանիշ Արարատ լեռան վեհության հետ։ Եղիշե Չարենցը ծնվել, երգել ու հեռուն է գնացել այս աշխարում։
Գրքի պաշտոնական շնորհանդեսը տեղի կունենա Պիոմբինո քաղաքում՝ «Պիոմբինոն արվեստում» վեցերորդ փառատոնի շրջանակներում, հուլիսի 28-ին, ժամը 19.00-ին, Լետիցիա Լեոնարդիի՝ հայ մեծ պոեզիային նվիրված գրական երեկոյի ընթացքում։
Գեղանկարիչ Մաուրիցիո Կարուզոյի՝ Եղիշե Չարենցի գեղեցիկ կտավը 70սմx50սմ չափսերի է։ Այն պատկերում է բանաստեղծի պատանեկան կերպարը, որը մշակվել է տարբեր պատկերագրական հետազոտությունների և բանաստեղծի կյանքի մեկնությունների արդյունքում։ Այդ ուսումնասիրությունների շնորհիվ նկարիչը Չարենցի դեմքին դաջել է․ մի կողմից՝ երիտասարդ և հայրենասեր հայ բանաստեղծի խոր գաղափարական կերպարը, մյուս կողմից՝ հոգու տառապանքը»,- հայտնում են Իտալիայում Հայաստանի դեսպանությունից։
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…