Աղվան Հովսեփյանի պաշտպանները միջնորդություն են ներկայացրել դատարան՝ իրենց պաշտպանյալի նկատմամաբ դատաբժշկական փորձաքննություն ներկայացնելու մասին, քանի որ՝ ըստ պաշտպանական կողմի Հովսեփյանն ունի առողջական խնդիրներ և այդ պարագայում չի կարող մնալ կալանքի տակ:
Նրա պաշտպաններից Էրիկ Ալեքսանյանը հայտնել է, որ դատարանը քիչ առաջ բավարարեց պաշտպանության կողմի միջնորդությունը և Աղվան Հովսեփյանի նկատմամբ նշանակել է հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն։
Հիշեցնենք, որ պետական բարձր պաշտոններ զբաղեցրած Աղվան Հովսեփյանը մեղադրվում է մի շարք հոդվածներով՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, փողերի լվացման եւ այլ արարքների համար։
Նշենք, որ Հովսեփյանի փաստաբանական խումբը ավելի վաղ հայտարարություն էր տարածել, որում նշվում էր, որ Աղվան Հովսեփյանը գտնվում է կլինիկայում, նրա մոտ ախտորոշվել է շաքարային դիաբետ: Պաշտպաններն արձանագրել էին, որ Աղվան Հովսեփյանի մոտ առկա հիվանդություններն անհամատեղելի են կալանքի հետ, ըստ այդմ՝ միջնորդել էին դատարանին Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինել գրավով:














