Վերջին երեք տասնամյակի ընթացքում առաջին անգամ հեռախոսազրույց են ունեցել Հայաստանի և Թուրքիայի ղեկավարները. Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Թեև նախկինում էլ երկու երկրների ղեկավարները փոխադարձ շնորհավորանքներ հղել են միմյանց, սակայն հարաբերությունների կարգավորման նախկին փորձերից ու հատկապես 2020թ.-ի պատերազմից հետո սա աննախադեպ երևույթ է՝ հաշվի առնելով նաև աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային խնդիրները:
Ընդ որում՝ նախկին նախագահների (Քոչարյան-Սեզեր, Սարգսյան-Գյուլ) շնորհավորանքները եղել են միայն գրավոր:
Ուշագրավ է, որ սրանով երկու ղեկավարները ոչ միայն բարձր մակարդակով քաղաքական հարցերի շուրջ անմիջական շփումների մեկնարկ են ազդարարել, այլև «մշակութային» նոր մակարդակ են արձանագրել. Հայաստանի վարչապետը Թուրքիայի նախագահին շնորհավորել է Կուրբան Բայրամի առթիվ, իսկ Թուրքիայի նախագահը Հայաստանի վարչապետին՝ գալիք Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ։
Այստեսակ շնորհավորանքներ, այն էլ՝ հեռախոսազանգով, սովորաբար փոխանցվում են միմյանց հետ քիչ թե շատ գործակցող, դիվանագիտական հարաբերություններ ունեցող առաջնորդների միջև, և հուսադրող է, որ բացի մեզ հայտնի մշտական թեմաները՝ նաև քաղաքակրթական-մշակութային դրսևորմամբ շփում է մեկնարկել:
Ըստ երկու երկրների պաշտոնական հաղորդագրությունների՝ Հայաստանի վարչապետն ու Թուրքիայի նախագահն ընդգծել են իրենց երկրների միջև հարաբերությունների կարգավորման երկկողմ գործընթացի կարևորությունը, ինչը կնպաստի նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը։ Այս համատեքստում նրանք ակնկալիք են հայտնել, որ հուլիսի 1-ին իրենց երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները շուտ կյանքի կկոչվեն:
Ակնհայտորեն՝ հիմա ընդդիմադիր ներկայացուցիչները և նրանց աջակից փորձագետները պիտի լծվեն նոր մեղադրանքների ու դավադրապաշտական տեսությունների հնարման, սակայն իրական գործընթացները հասկանալ և պետական կարևորության հարցերի պարզաբանում ստանալ ցանկացող քաղաքացիների համար այս հեռախոսազրույցը պիտի որ ոգևորող նշանակություն ունենա։
Նախ՝ այն պատճառով, որ Հայաստանի ղեկավարի ոչ թե միջնորդավորված, այլ անմիջական զրույցը մյուս երկրի ղեկավարի հետ նշանակում է զրույց պետությունը պետության հետ։ Միջնորդների գործն, անշուշտ, գնահատելի է, սակայն դա անվերջ շարունակվել չի կարող՝ հաշվի առնելով նրանց համատեղ ու անհամատեղելի փոփոխական շահերը։
Մյուս պատճառների շարքում, հաշվի առնելով տարածաշրջանային անվտանգության թեմայի շոշափումը հեռախոսազրույցի ընթացքում, պիտի թվարկենք ի վերջո տարածաշրջանային կայունության ապահովման, տնտեսական համագործակցության անհրաժեշտությունը և դրանց հասնելու ճանապարհին անմիջական շփումների, ասել է թե՝ կանխատեսելի ու վերահսկելի միջավայրի առկայությունը: Ի վերջո՝ քաղաքական շփումների բացակայությունը լի է անորոշություններով, իսկ իրական խաղաղության հասնելու ճանապարհին անմիջական ձեռքսեղմման այլընտրանք քաղաքական պատմությանը հայտնի չեն:
Վահրամ Հովհաննիսյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է գյուղատնտեսական ապահովագրության թեմային՝ նշելով, որ սա գաղափարախոսական հարց է։…
Բիշքեկում Ղրղզստանի և Տաջիկստանի նախագահներ Սադիր Ժապարովն ու Էմոմալի Ռահմոնը պետական սահմանի մասին համաձայնագիր են…
Եվրոպական խորհրդարանի մարտի 12-ի լիագումար նիստում քննարկվեց Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների նկատմամբ շինծու դատավարությունների…
Լրագրող Թաթուլ Հակոբյանը գրել է. «Թարմ ուղեղով՝ դառը սուրճի հետ Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել…
«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. «Բաքվում պահվող հայ գերիների հարցը բացահայտում է…
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման…