ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրել է, որ ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու հարցով «Քաղաքացիական պայմանագիրը» չի դիմի Սահմանադրական դատարան:
Ռուբինյանը նաև մանրամասնել է, թե ինչու են նման որոշում կայացրել: Որպես առաջին պատճառ մատնանշել է ժողովրդի կողմից ընդդիմադիրներին տրված քվեի նկատմամբ ունեցած հարգանքը:
«Երկրորդ, մենք կարծում ենք, որ մեր երկրին հիմա պետք է քաղաքական կայութնույուն և համերաշխություն: Եվ, վերջինը, եթե ընդդիմությունը կարծում էր, թե մենք պետք է դիմեինք ՍԴ և իրենց՝ Ազգային ժողովից փախուստի փրկօղակ նետեինք, սխալվում են: Նրանք պետք է գլուխները կախ գան ԱԺ, նայեն մեր աչքերի մեջ և չկարողանան կրկնել այն, ինչն ասել են այս ամիսներին փողոցներում, և ոչ միայն փողոցներում, մենք էլ պետք է նայենք իրենց աչքերին և ասենք այն ամենը, ինչն ուզեցել ենք ասել, ուզում ենք ասել, և ասելու ենք»,-ասել է Ռուբինյանը: