Ի պատասխան 168.am լրատվական կայքում տեղ գտած՝ «Ինչ է կատարվում Արագածավանում» վերտառությամբ հրապարակմանը՝ Արագածոտնի մարզպետարանից հայտնում են, որ լուրը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը։
«Արագածավան ոչ մի թուրք չի մտել, ոչ մի հովիվ գերի չէ։ Չենք բացառում, որ կեղծ ահազանգը կարող էր որևէ մեկի կամ մի խումբ անձանց նենգ ու ոչ ողջամիտ արարքը լինել։
Լրատվամիջոցներին կոչ ենք անում առանց տեղեկատվությունը պաշտոնապես ճշգրտելու չհրապարակել իրականությանը չհամապատասխանող լուրեր, առավել ևս, երբ դրանք վերաբերում են մեր հայրենակիցների անվտանգությանը»,- հայտնում են մարզպետարանից։
Հիշեցնենք՝ ֆեյսբուքյան որոշ օգտատերեր երեկ լուրեր էին տարածել Արագածավան համայնքում Թուրքիայի սահմանապահների կողմից հովիվներին՝ հոտերի հետ միասին գերեվարելու մասին: Նույն աղբյուրները նաև գրել էին, թե ռուս սահմանապահների միջնորդությամբ գերիներն ու անասուններն ազատ են արձակվել:
Նաև կային հրապարակումներ, համաձայն որոնց՝ թուրքերը զինված շրջում են գյուղում, իսկ ոստիկանությունը հորդորում է բնակիչներին տներում մնալ: