Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին բացառիկ հարցազրույց է տվել «Ռադիոլուրին» և պատասխանել մի շարք հարցերի, որոնցից որոշները վերաբերում են 2020թ․ 44-օրյա պատերազմից հետո Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում տիրող բարդ հարաբերություններին, Ադրբեջանի ագրեսիոն գործողություններին, մտադրություններին ու ագրեսիվ հռետորաբանությանը, ինչպես նաև՝ 2022թ․-ից ի վեր ու հատկապես 2023թ․ սեպտեմբերին Արցախի վերջնական էթնիկ զտումից հետո Հայաստանում չմարող ներքաղաքական խոսույթներին ու բանավեճերին։
Այդ խոսույթներից որոշները ոչ այնքան կամ ոչ միայն ադրբեջանական են, այլև ադրբեջան-ռուսական, որոնք Հայաստանում լայնորեն տարածում են ռուսամետ ընդդիմությունը, Արցախի կազմալուծման համար պատասխանատվության իրենց բաժինն ունեցող Արցախի ու Հայաստանի նախկին ղեկավարությունը։
Լրագրողների ու Ֆրանսիայի դեսպանի միջև ծավալված հարցուպատասխանի այդ հատվածը մեջբերենք ամբողջությամբ։
Հարց։ Վերադառնանք ԵԱՀԿ Մինսկի խմբին, որի շրջանակում Ֆրանսիան ևս ավելի քան 30 տարի միջնորդ է եղել։ Վերջին շրջանում ԵԱՀԿ ՄԽ բանակցած փաթեթների մասին մինչ օրս չներկայացված իրարամերժ մանրամասներ են հնչում իշխանության և ընդդիմության կողմից։ Կարո՞ղ ենք հակիրճ ձևակերպել՝ ի վերջո ինչի՞ շուրջ էր 30 տարվա բանակցությունը։
Օլիվիե Դըկոտինյի․ «Այս դեբատի մեջ ես չեմ ուզում մտնել։ 30 տարուց ավելի բանակցություններ են տեղի ունեցել, որոնք, իսկապես, արդյունք չեն տվել։ Դրա ապացույցն այսօրվա իրավիճակն է։ Կարծում եմ, որ այսօր կարևոր հարցն այն է, որ խաղաղության բանակցություններն, ի վերջո, արդյունք տան, որպեսզի մարդիկ կարողանան ապրել խաղաղ և անվտանգ պայմաններում։ Կարծում եմ, որ ժողովուրդների ցանկությունը հենց սա է»։
Հարց։ Եթե այս հարցը միջազգային իրավունքի տեսանկյունից դիտարկենք, ապա այս 30 տարվա բանակցային փաթեթներում միշտ հավասարության նշան է դրվել տարածքային ամբողջականության, ինքնորոշման եւ ուժի չկիրառման իրավունքների միջև։ Կարո՞ղ ենք ասել, որ ինքնորոշման իրավունքը պարտվեց։
Օլիվիե Դըկոտինյի․ «Եթե խոսում եք Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին, ապա Լեռնային Ղարաբաղը որպես պետություն չի ճանաչվել ոչ միջազգային հանրության, ոչ էլ նույնիսկ Հայաստանի կողմից։ Ի դեպ, Հայաստանն էլ ընդունել է, ճանաչել է, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է կազմում Ալմա Աթայի հռչակագրի ընդունման պահից սկսած, քանի որ ԼՂ–ն Սովետական Ադրբեջանի մի շրջան էր։ Հետևաբար, նրանք, ովքեր պնդում են, թե Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է ճանաչվել 2022 թվականին Պրահայում, ստում են, որովհետև Լեռնային Ղարաբաղը Հայաստանի կողմից Ադրբեջանի մաս է ճանաչվել Ալմա Աթայի հռչակագրի պահից սկսած։ Ի դեպ, Պրահան ընդամենը հղում է անում, հիշեցնում է Ալմա Աթայի հռչակագիրը։ Եվ այսօր հարցը հետևյալն է՝ ինչպե՞ս հասնել խաղաղության՝ արդար, կայուն, ամուր խաղաղության, որպեսզի վերացվեն Հայաստանի վրա կախված սպառնալիքները»։
Երբ անցած 2 և ավելի տարիներին հայ փորձագետներից շատերն ասում էին վերոնշյալը, ինչն այսօր կատարյալ ճշգրտությամբ կրկնել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին, ոմանց թվում էր, թե դա ասվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու նրա իշխանությունը պաշտպանելու, նրա պատասխանատվությունը Արցախի կորստի հարցում զրոյացնելու կամ մեղմացնելու համար։ Մինչդեռ դա անհերքելի ու այլևս անշրջելի փաստ է։ Ըստ որում, որևէ օրվա իշխանություն չի կարող ավելի թանկ լինել, քան ճշմարտությունը և հայրենիքը։
Իսկ ճշմարտությունը ոչ միայն դա է, այլ վաղ բանակցային գործընթացում ու հատկապես դրա սկզբնական ու միջին շրջանում հայոց դիվանագիտության ու ներքին օրենսդիր կարգավորումների մեջ տեղ գտած բազմաթիվ փնթիություններ, հակասություններ, բացթողումներ, հակաքաղաքագիտական ու անհեռատես վարքագծեր։ Այս վերլուծության մեջ դրանցից կանդրադառնանք միայն նրանց, որոնք վերաբերում են այս խնդրին։
Ալմա Աթայի հռչակագիրը, դրան Հայաստանի միանալը․ «անուժ» բայց «գործող»
վերապահումնե՞ր
Եվ այսպես․ Ալմա Աթիի հռչակագրին Հայաստանը միացել է 1991թ դեկտեմբերի 8-ին, Հայաստանի համար այն ուժի մեջ է գտնվում 1991 թվականի դեկտեմբերի 21-ից: Որպես միջպետական պայմանագիր այն պատկանում է “Հռչակագրերի” տեսակին, վավերացվել է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1991թ․ դեկտեմբերի 8-ի որոշմամբ, իսկ սկզբնաղբյուրն է համարվում ՀՀԱԳՆՊՏ 2004.12.20/3(11) դասիչով բնօրինակը։ Ի թիվս այլ հարցերի, որոնք կարգավորում են նորանկախ 16 հանրապետությունների հարաբերությունները, վերպետական մարմին՝ ԱՊՀ ձևավորելու կամ ԽՍՀՄ իրավաժառանգորդման հարցերը, այն ճանաչել է ԽՍՀՄ փլուզումն ու 16 խորհրդային հանրապետությունների անկախացումը ԽՍՀՄ օրոք իրենց ունեցած սահմաններով։ Իսկ դա դե յուրե նշանակել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղը։
Ստորև տեղադրենք Ալմա Աթիի հռչակագրի տեքստը ամբողջությամբ,որն այս պահին անդամ երկրների համար ունի “գործող” կարգավիճակ։
ԱԼՄԱ ԱԹԱՅԻ ՀՌՉԱԿԱԳԻՐ
Անկախ պետությունները` Ադրբեջանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղզստանի Հանրապետությունը, Մոլդովայի Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը (ՌՍԴԽՀ), Տաջիկստանի Հանրապետությունը, Թուրքմենստանը, Ուզբեկստանի Հանրապետությունը և Ուկրաինան,
ձգտելով կառուցել ժողովրդավարական, իրավական պետություններ, որոնց միջև հարաբերությունները կզարգանան պետական ինքնիշխանության ու ինքնիշխան հավասարության փոխադարձ ճանաչման և հարգման, ինքնորոշման անքակտելի իրավունքի, միմյանց ներքին գործերին չմիջամտելու և իրավահավասարության սկզբունքների ուժի գործադրումից և ուժով սպառնալիքից, տնտեսական և ճնշման ցանկացած այլ մեթոդից հրաժարվելու, վեճերի խաղաղ կարգավորման, մարդու իրավունքների և ազատությունների հարգման, ներառյալ ազգային փոքրամասնությունների իրավունքները, միջազգային իրավունքի նորմերի ու հանրաճանաչ այլ սկզբունքների ու պարտավորությունների բարեխիղճ կատարման հիման վրա,
ճանաչելով և հարգելով միմյանց տարածքային ամբողջականությունն ու գոյություն ունեցող սահմանների անխախտելիությունը,
համարելով, որ բարեկամության պատմական խորը արմատներ ունեցող հարաբերությունների, բարիդրացիական և փոխշահավետ համագործակցության ամրապնդումը համապատասխանում է ժողովուրդների արմատական շահերին և ծառայում խաղաղության և անվտանգության գործին,
գիտակցելով իր պատասխանատվությունը քաղաքացիական խաղաղության և միջազգային համաձայնության պահպանման համար,
հավատարիմ լինելով Անկախ Պետությունների Համագործակցության ստեղծման մասին Համաձայնագրի նպատակներին ու սկզբունքներին,
հայտարարեցին ներքոհիշյալի մասին.
Համագործակցության մասնակիցների փոխգործունեությունն իրականացվելու է իրավահավասարության սկզբունքի, համակարգող ինստիտուտների միջոցով ձևավորված պարիտետային հիմքի վրա և գործող համագործակցության մասնակիցների միջև համաձայնագրերով որոշվող կարգով, որը ոչ պետություն է, ոչ վերպետական կազմավորում:
Միջազգային ռազմավարական կայունության և անվտանգության ապահովման նպատակներով պահպանվելու է միջուկային զենքի նկատմամբ միասնական հսկողությունը և ռազմաստրատեգիական ուժերի միացյալ հրամանատարությունը: Կողմերը կհարգեն ոչ միջուկային և (կամ) չեզոք պետության կարգավիճակի հասնելու միմյանց ձգտումը:
Անկախ Պետությունների Համագործակցությունը բաց է նրա բոլոր մասնակիցների համաձայնությամբ նախկին ԽՍՀ Միության անդամների, ինչպես նաև Համագործակցության նպատակներն ու սկզբունքները կիսող այլ պետությունների, դրան միանալու համար:
Հաստատվում է կողմնակցությունը ընդհանուր տնտեսական տարածության, համաեվրոպական և եվրասիական շուկաների ձևավորման ու զարգացման համագործակցությանը:
Անկախ Պետությունների Համագործակցության ստեղծմամբ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միությունը դադարեցնում է իր գոյությունը:
Համագործակցության մասնակից պետությունները երաշխավորում են իրենց սահմանադրական ընթացակարգերին համապատասխան նախկին ԽՍՀ Միության պայմանագրերից և համաձայնագրերից բխող միջազգային պարտավորությունների կատարումը:
Համագործակցության մասնակից պետությունները պարտավորվում են անվերապահորեն պահպանել սույն Հռչակագրի սկզբունքները:
*Հռչակագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1991 թվականի դեկտեմբերի 21-ից:
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը, որին ՀՀ Անկախության հռչակագրով վերապահված էր միջպետական պայմանագրերի վավերացման լիազորությունը, 1992թ․ փետրվարի 18-ին իր ընդունած ու նույն օրն էլ ԳԽ նախագահ Բաբկեն Արարքցյանի կողմից ստորագրված և ուժի մեջ մտած Հ.Ն-0525-1 որոշմամբ վավերացնում է այն՝ որոշման մեջ թվարկելով 10 “լրացումներ”, “վերախմբագրումներ”, դրանք անվանելով վերապահումներ։
Կրկին տեղադրենք այդ որոշման ամբողջական տեքստը․
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
1991 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8-ԻՆ ՄԻՆՍԿՈՒՄ ԲԵԼՈՌՈՒՍ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ, ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ (ՌԽՖՍՀ) ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԿՈՂՄԻՑ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.
Վավերացնել 1991 թվականի դեկտեմբերի 8-ին Մինսկում Բելոռուսի Հանրապետության, Ռուսաստանի Ֆեդերացիայի (ՌԽՖՍՀ) և Ուկրաինայի կողմից ստորագրված Անկախ Պետությունների Համագործակցության ստեղծման մասին համաձայնագիրը հետևյալ վերապահումներով.
- Համաձայնագրի նախաբանի չորրորդ պարբերությունում «ինքնորոշման անկապտելի իրավունքի» բառերը փոխարինել «ժողովուրդների ինքնորոշման անկապտելի իրավունքի» բառերով:
- Համաձայնագիրը 4 հոդվածից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր հոդվածով.
«Բարձր Պայմանավորվող Կողմերից յուրաքանչյուրը իրեն իրավունք է վերապահում շրջանառության մեջ մտցնել սեփական դրամանիշներ, նախօրոք տեղեկացնելով Անկախ Պետությունների Համագործակցության մյուս պետություններին»:
- Համաձայնագրի 5 հոդվածի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Բարձր Պայմանավորվող Կողմերը ճանաչում և հարգում են ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, միմյանց տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը»:
- Համաձայնագրի 6 հոդվածը չորրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Անկախ Պետությունների Համագործակցության անդամ պետությունը սեփական ռազմական ուժ ստեղծելու և նախկին ԽՍՀՄ-ի զինված ուժերից զենք, զինամթերք և ռազմական տեխնիկա ստանալու իրավունք ունի: Զենքի, զինամթերքի և ռազմական տեխնիկայի ծավալը և անվանացանկը որոշվում է ելնելով տվյալ երկրի անվտանգությունը ապահովելու անհրաժեշտությունից»:
- Համաձայնագրի 7 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Բարձր Պայմանավորվող Կողմերն ընդունում են, որ իրավահավասար սկզբունքներով իրականացվող համագործակցության ոլորտներն ընդգրկում են.
– խորհրդատվություններ արտաքին քաղաքականության բնագավառում,
– ընդհանուր տնտեսական տարածության զարգացում, մասնակցություն համաեվրոպական և եվրասիական շուկաներում, մաքսային քաղաքականություն,
– համագործակցություն տրանսպորտի, էներգետիկայի և կապի նորմալ գործունեության և զարգացման ապահովման բնագավառում,
– շրջակա միջավայրի պահպանություն, մասնակցություն էկոլոգիական անվտանգության համընդհանուր, միջազգային համակարգի ստեղծմանը,
– միգրացիոն քաղաքականություն,
– բռնագաղթվածների հիմնահարցը,
– պայքար կազմակերպված հանցագործության դեմ:
- Համաձայնագիրը 7 հոդվածից հետո լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր հոդվածով.
«Անկախ Պետությունների Համագործակցության անդամները համաձայնվում են, որ նախկին ԽՍՀ Միության արժեքները և ունեցվածքը, որոնք եղել են ընդհանուր օգտագործման մեջ (ոսկու պաշարը, պետական գանձարանը, դրամահատարանը, արտասահմանում նախկին ԽՍՀՄ-ի դիվանագիտական ներկայացուցչությունների ունեցվածքը, պետական բանկը, ռազմական, առևտրական, ձկնորսական նավատորմը և այլն), ենթակա են նախկին ԽՍՀՄ-ի բոլոր հանրապետությունների միջև համամասնական բաժանման»:
- Համաձայնագրի 8 հոդվածի առաջին պարբերությունը «Չեռնոբիլյան աղետի մոլորակային բնույթը» բառերից հետո լրացնել «Հայաստանի 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի լայնամասշտաբ հետևանքները» բառերով:
- Համաձայնագիրը 8 հոդվածից հետո լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր հոդվածով.
«Բարձր Պայմանավորվող Կողմերը պարտավորվում են համատեղ գործողություններ կիրառել ընկերակցության անդամ պետության նկատմամբ, եթե նա`
ա) խախտում է սույն համաձայնագրի 2, 3 և 7 հոդվածներով նախատեսված պարտավորությունները.
բ) իրականացնում է տնտեսական շրջափակում կամ համագործակցության անդամ պետության (պետությունների) տնտեսությունը քայքայող այլ գործողություններ:
Այն դեպքում, երբ սույն հոդվածի «ա» և «բ» կետերում նշված համաձայնագրի նորմերի խախտումները Բարձր Պայմանավորվող Կողմերից մեկի սեփական տարածքում իրավիճակը վերահսկելու անկարողության արդյունք է, և այդ փաստը արձանագրվում է նրա հայտարարությամբ, ապա Անկախ Պետությունների Համագործակցության անդամ պետություններն իրենց վրա են վերցնում համաձայնագրի պարտավորությունների կատարման ապահովումը, որի վերաբերյալ կայացվում է անդամ պետությունների համատեղ որոշում»:
- Համաձայնագրի 9 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Սույն համաձայնագրի նորմերի մեկնաբանման և կիրառման շուրջ ծագող վեճերը ենթակա են լուծման բանակցությունների ճանապարհով` միջազգային իրավունքի նորմերին համապատասխան»:
- Համաձայնագրի 13 հոդվածի երկրորդ պարբերությունը «բաց է ԽՍՀ Միության անդամ բոլոր պետությունների առջև» բառերից հետո լրացնել «այդ թվում ԽՍՀՄ-ի նախկին ինքնավար կազմավորումների համար, որոնք ԽՍՀՄ Գերագույն խորհրդի «ԽՍՀՄ-ի գոյության դադարեցման մասին» հռչակագրի ընդունումից առաջ անցկացրել են անկախություն հռչակելու վերաբերյալ համաժողովրդական հանրաքվե, և դրա հիման վրա ինքնավար կազմավորման իշխանության բարձրագույն գործադիր մարմինը դիմել է Անկախ Պետությունների Համագործակցություն` նրա կազմի մեջ ընդունվելու խնդրանքով» բառերով:
ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ՝ Բաբկեն Արարքցյան
18 փետրվարի, 1992թ
Իհարկե, Միջազգային պայմանագրերի մասին Վիեննայի կոնվենցիան, որին նույնպես միացել է Հայաստանը, պայմանագիր վավերացնող երկրին վերապահում է այն վերապահումով ընդունելու և վավերացնելու իրավունք, և ֆորմալ տեսանկյունից Հայաստանի Գերագույն խորհրդի վավերացման որոշումը որևէ խնդիր չունի։ Սակայն, վերապահումով միջազգային պայմանագրի վավերացումը ենթադրում է որոշակի պատշաճ ընթացակարգ, որի պահպանման դեպքում է միայն վերապահումը համարվում միջազգայնորեն օրինակարգ։ Խոսքը վերաբերում է վերապահումը միջազգային պայմանագրով սայմանված կարգով պայմանավորվող մյուս պետություններին ծանուցելուն։
Այս թեմայով 2024թ․ մարտին Ադրբեջանի ու Հայաստանի միջև տեղի ունեցող «պահանջ-պատասխան» փոխհրաձգության (Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացի շրջանակներում Ադրբեջանից պահանջներ էին հնչեցվում, որ Հայաստանի ԱԺ-ն պետք է չեղարկի 1992թ. ՀՀ ԳԽ կողմից ընդունված վերապայմանները), ինչպես նաև Հայաստանում բռնկված ներքաղաքական բանավեճի շրջանում հայաստանյան լրատվամիջոցներից Radar Armenia-ն Հայաստանի ԱԳ նախարարությունից փորձել էր պարզել, թե արդյո՞ք Հայաստանը ԱՊՀ է ներկայացրել Ալմա Աթայի հռչակագրի վերաբերյալ ՀՀ Գերագույն խորհրդի վերապահումները։ Արտգործնախարարությունից պատասխանել էին, որ ՀՀ-ն 1991թ. դեկտեմբերի 21-ի Ալմա Աթայի հռչակագիրը ստորագրել է առանց վերապահումների։ Նախարարությունից մանրամասնել էին, որ ՀՀ Գերագույն խորհրդի՝ 1992թ. փետրվարի 18-ի «1991թ. դեկտեմբերի 8-ին Մինսկում Բելառուսի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության (ՌԽՖՍՀ) և Ուկրաինայի կողմից ստորագրված Անկախ պետությունների համագործակցության ստեղծման մասին համաձայնագրի վավերացման մասին» որոշմամբ՝ «ԳԽ կողմից ձևակերպվել են վերապահումներ, որոնց առնչությամբ առկա չէ տեղեկատվություն՝ պայմանավորվող մյուս պետություններին ծանուցելու վերաբերյալ»։
Իսկ եթե լրատվամիջոցի առաջադրած պարզ հարցին ՀՀ ԱԳՆ տալիս է պարզ պատասխանը շրջանցող դիվանագիտական ձևակերպում, նշանակում է, որ Ալմա Աթայի հռչակագրի վերաբերյալ ՀՀ ԳԽ վերապահումները ԱՊՀ չեն ներկայացվել․․․
Իհարկե, այս խնդրի շուրջ ծավալված ներքին բանավեճում 1990-1995թթ․ գումարման ԳԽ պատգամավոր Սուրեն Զոլյանը ծավալուն հիմնավորումներ ներկայացրեց Ադրբեջանի անկախացման՝ իրավաբանորեն հակասական գործընթացի այն պատմաքաղաքական և իրավական փաստերի ու իրողությունների վերաբերյալ, որոնց արդյունքում ՀՀ ԳԽ որոշմամբ ամրագրված վերապահումները «շրջանցում» են Ադրբեջանի ԽՍՀՄ-յան տարածքային ամբողջականության հարցն ու Արցախի վրա Ալմա Աթայի հռչակագրի՝ «տարածքային ամբողջականությունն ու գոյություն ունեցող սահմանների անխախտելիությունը ճանաչելու և հարգելու դրույթը», այդուհանդերձ, դա վերլուծություն է (նման մի ուսումնասիրություն էլ կատարել էր ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիմի հետ կապ ունեցող «Լույս» հիմնադրամի փորձագետը կամ այլ իրավագետներ), թեկուզև հիմնավոր, իսկ փաստն այն է, որ վերապահումները կարող են միգուցե գործող համարվել Հայաստանի ներսում ու ՀՀ վարած արտաքին քաղաքականության համար, բայց միջազգային ու միջպետական հարաբերություններում միանգամայն կարող են համարվել «չգործող»․․․ Եվ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի՝ Ֆրանսիայի դեսպանը այդ Հռչակագիրը մեկնաբանում է ոչ թե այնպես, ինչպես Հայաստանում, այլ այնպես, ինչպես գրված է Հռչակագրի բնօրինակում․․․
Դա է եղել գլխավոր և միակ պատճառը, որ Հայաստանը երբեք միջազգային ատյաններում, ներառյալ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբում չի հայտարարել, որ այդ տարածքներն իրենն են։ Քաղաքական վերնախավի կողմից ոչ միայն նախկին ԼՂԻՄ-ը, այլ նաև դրան հարակից 7 շրջանները ներքին լսարանին ուղղված ելույթներում «ազատագրված» հռչակելը եղել է բացառապես ռազմահայրենասիրական էժանագին երեսպաշտություն ու կեղծիք, քանի որ պաշտոնական մակարդակով այդ շրջանները միջազգային բանակցություններում լավագույն դեպքում անվանվել են «բուֆերային գոտի»․․․
Վերստին՝ Հայաստանի դիրքորոշումները ձևավորած գործոնների մասին․ ինչո՞ւ Հայաստանը վավերացրեց Ալմա Աթիի հռչակագիրը
Աշխարհում չկա մի բանակցություն, դրա արդյունքում ընդունված որոշում կամ բանակցված պայմանագիրը, որը չկրի հակամարտության կամ հարաբերության կողմերի միջև տվյալ պահին առկա ուժային հաշվեկշռի, կամ որ նույնն է՝ ունեցած իշխանության, տվյալ քաղաքական ժամանակաշրջանի «ժամանակի ոգու» ու համատեքստի ազդեցությունը։ Այդպիսին գործոնների ազդեցության տակ են ձևավորվել Հայաստանի ու Ադրբեջանի դիրքորոշումները մի շրջանում, երբ Արցախյան հակամարտության ռազմական շրջափուլին զուգահեռ ընթանում էր նաև այդ երկրների անկախացման ու միջազգային կառույցներին անդամակցության գործընթացները՝ միջազգային հարաբերությունների լիիրավ սուբյեկտ դառնալու ու, ի թիվս այլ նպատակների, նաև պատերազմը և հակամարտության կարգավորումը միջազգային ատյաններում ու դիվանագիտական գործիքներով շարունակելու/սպասարկելու նպատակով։
1991 տարեվերջին, երբ Հայաստանից ու Ադրբեջանից ԽՍՀՄ զորքերի հեռացումից ու Արցախում դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած հանրաքվեից հետո հակամարտությունը թևակոխեց ռազմական փուլ, իսկ Ադրբեջանը և Հայաստանը անդամակցության հայտեր էին ներկայացրել ՄԱԿ-ին և ԵԱՀԿ-ին, վերջիններիս կողմից 1992թթ․ ողջ գարնանը քննարկվում էր ոչ միայն երկու հակամարտող երկրների միջև ռազմական գործողությունները դադարեցնելու ու ծագած հակամարտությունը լուծելու հարցերը, որի համար 1992թ․ Մինսկի խաղաղ գործընթաց սկսելու որոշումն ընդունվեց, այլև այդ կառույցներին անդամակցող Հայաստանի ու Ադրբեջանի պետական սահմանների հստակեցման հարցերը։
Դա ոչ միայն առանցքային էր հակամարտության խնդիրն ու նրա կարգավորման պարամետրերի սահմանման, այլ նաև նույն ԵԱՀԿ-ին Հայաստանի ու Ադրբեջանի անդամակցության վերջնական որոշումների կայացման համար, մանավանդ որ Լեռնային Ղարաբաղում սկսված պատերազմի արդյունքում հայկական ու ադրբեջանական կողմերը պատերազմի կանոններով օբյեկտիվ առումներով խախտում էին միջազգային իրավունքի նորմեր՝ Ադրբեջանը ագրեսիայի սանձազերծողն էր, Արցախն ու Հայաստանը՝ պաշտպանվողն ու հակահարձակվողը։
Պետք է հիշել ու խոստովանել, որ այս շրջանում Հայաստանի դիրքերը բանակցային սեղանի շուրջ ամենևին ուժեղ չէին ռազմաճակատում առկա իրողությունների պատճառով, քանի որ Ադրբեջանը գտնվում էր նախահարձակ ագրեսիայի փուլում, մասնավորապես՝ փակել էր Լաչինի միջանցքն ու նրա բանակը Արցախի հյուսիսից հայաբնակ շրջաններն ու բնակավայրերը գրավելով շարժվում էր Ստեփանակերտի ուղղությամբ, և 1992-ի ամռան դրությամբ Արցախի ադրբեջանական օկուպացիան ավելին էր, քան 50 տոկոսը։ Իսկ հայկական պաշտպանական ուժերն էլ աստիճանաբար անցնում էին կոնտրհարձակման՝ նախևառաջ Շուշիի ադրբեջանական վտանգը վնասազերծելու, ապա Հայաստանի հետ անխափան կապ ապահովող Բերձորի միջանցք ստեղծելու հեռահար ռազմական ծրագրով (այն հաջողությամբ պսակվեց մայիսի 8-9-ին Շուշիի ազատագրման օպերացիայով, և դրանից քիչ անց նաև Բերձորի միջանցքի բացմամբ), հընթացս իր հերթին գրավում էր այն, ինչ հնարավոր էր ու անհրաժեշտ էր թշնամուն կանգնեցնելու համար։
Հայաստանի դիրքավորման մեջ միակ ուժեղ բանը, փաստացի, ոչ թե ռազմաճակատում արձանագրված իրողություններն էին, որոնք նույնը չէին ինչ 1994թ․ մայիսին, այլ
1) իրավունքը՝ տարածաշրջանում ավտոխտոն, այն է՝ բնիկ համարվող էթնիկ խմբի՝ արցախահայության ինքնորոշման իրավունքը, այդ ժողովրդի կյանքի և ինքնապաշտպանության իրավունքը, հումանիտար օգնություն ստանալու և անվտանգության միջազգային երաշխիք ունենալու իրավունքը։ Հետևաբար պատահական չէ, որ Երևանի կողմից խնդրի պաշտոնական ձևակերպումը հենց այդ իրավունքների դաշտում էր՝ Արցախի ժողովուրդն ինքնորոշման նույնպիսի իրավունք ունի, ինչ Ադրբեջանի ժողովուրդը, Ադրբեջանի հարուցած գոյապահպանական վտանգի պատճառով այն կարող է դրսևորվել անկախացման տեսքով, և, Արցախի ժողովուրդն ունի աշխարհի, տվյալ պահին ու առաջին հերթին՝ Հայաստանի հետ հումանիտար միջանցքի ունենալու իրավունք։
Դրան էլ գումարած՝
2) ԽՍՀՄ կազմալուծմանը հանգեցրած, Հայաստանում թեպետ ազգային խնդրով մեկնարկած, բայց ժողովրդավարական հուժկու շարժման նկատմամբ Արևմուտքում ձևավորված համակրանքը հօգուտ Հայաստանի,
և, վերջապես,
3) ավանդական հայկական Սփյուռքի լոբին ԱՄՆ-ում, Ֆրանսիայում ու այլ երկրներում։
Սրանք են եղել այն գործոնները, որոնց վրա հենվել է Հայաստանի դիրքավորումն ու պայմանավորել ետնահանջը նախկինում որդեգրված Հայաստան-Արցախ «Միացում» օրակարգից, որն իր վատ հետևանքներն էլ ունեցավ, ցավոք։
Սակայն, ուզենք թե չուզենք, այլ ռազմավարական ակտիվ, քան այս 3-ը, Հայաստանը չուներ․․․ Սա չափազանց կարևոր է հասկանալու համար 1991-92թթ․ Հայաստանի կողմից կամ նրա մասին ընդունված որոշումները։
Նույն ԵԱՀԿ-ում հունվարից մինչև մայիս ամիսները, ճիշտ հակառակը, Բաքուն անընդհատ փորձել է խնդիրը տանել Հայաստան-Ադրբեջան տարածքային վեճի հարթություն, որպեսզի իրեն դուրս բերի պատերազմի ագրեսորի կարգավիճակից ու այդպիսին ներկայացնի Հայաստանին, որը տարածքային պահանջներ ու հավակնություններ ունի իրենից։ 1992թ․ հունվարի–մայիս ամիսներին ԵԱՀԿ անդամ տարբեր երկրների մայրաքաղաքներում տեղի ունեցած գագաթաժողովներում Արցախյան հակամարտության գոտում առկա վիճակի քննարկման նիստերում Ադրբեջանի պատվիրակության անդամները քանիցս նման հայտարարություններով են հանդես եկել, որին ի պատասխան հայկական պատվիրակությունը հակադարձել է, թե Արցախյան հակամարտությունը տարածքային վեճ չէ, այլ այնտեղ ապրող ժողովրդի ինքնորոշման հարց, Հայաստանը տարածքային պահանջ չունի Ադրբեջանից և ճանաչում է նրա տարածքային ամբողջականությունը, իսկ ուժի եղանակով Ադրբեջանի սահմանների փոփոխությունը տեղի է ունեցել Ադրբեջանի սանձազերծած հարձակմանն ի պատասխան հայկական ինքնապաշտպանական ուժերի պաշտպանության ու հակահարձակման, բայց ոչ Հայաստանի կամ նրա զինված ուժերի գործողությունների արդյունքում․․․
Եթե ՀՀ առաջին նախագահ Տեր-Պետրոսյանն այդ շրջանում ու հետագայում էլ փորձում էր խուսափել Արցախյան խնդիրը տարածքային վեճ ներկայացվելու ու ընկալվելու հեռանկարից, ցավոք, նրա իրավահաջորդի՝ Ռոբերտ Քոչարյանի ձեռքերով Ադրբեջանը դա փայլուն արեց․․․
Ահա, թե ինչու Հայաստանը միջազգային հարթակներում իր դիրքորոշումը կառուցեց նշված թեզերի վրա, ետ կանգնեց «Միացման» օրակարգից, և 1995թ․ Սահմանադրությամբ ուղղակի «արխիվացրեց» ՀՀ Գերագույն խորհրդի որոշումը Հայաստանի հետ Արցախի վերամիավորման մասին, քանի որ հակամարտության հիմքը այլևս փոխվել էր․․․ Մանավանդ, որ 1991թ․ սեպտեմբերի 2-ին Արցախի ընդունած անկախության ակտը և դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած հանրաքվեն իրենք էին առաջինը չեղարկել Արցախ-Հայաստան վերամիավորումը․․․
Հանուն արդարության, Հայաստանի կողմից իր սկզբնական դիրքորոշումից ետ կանգնելը ձեռնտու էր նաև միջազգային միջնորդներին, քանի որ տեղից սոցիալիստական ճամբարի ու ԽՍՀՄ-ի փլուզումն ուղեկցվում էր բազում արյունալի հակամարտություններով նաև Վրաստանում, Մոլդովայում, Հարավսլավիայում, որոնք խաթարում էին միջազգային կարգը, և Հայաստանի կողմից «վերջնագրային ու վերդիկտային», այն է՝ Արցախը Հայաստան համարող դիրքորոշումից ետնահանջի, դրա արդյունքում անուղղակիորեն Արցախի անկախացման գործընթացի՝ այդ թվում անկախացման հանրաքվեի ետ շրջումն ու նոր հանրաքվե անցկացնելու պատրաստակամությունը պատուհան էի բացում ամենատարբեր բանակցված լուծումների համար․․․
Իր 1988-1990-յան շրջանի դիրքորոշումից ետ կանգնելու ու հակամարտությունը բացառապես ինքնորոշման իրավունքի շրջանակ բերելու և այդ հենքի վրա Արցախի ապագաղութացումը հետապնդելու շարժառիթներից մեկն էլ «ժամանակի ոգին» էր՝ աշխարհում թե՛ մինչև այդ տեղի ունեցած ու օրինականացված ապագաղութացման գործընթացները, թե՛ նաև միգուցե հայկական կողմի մտահոգությունը, որ խնդիրը Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջ ձևակերպելու դեպքում պանդորայի տուփը բացվում է, հակամարտությունը բերվում է Հայաստան-Ադրբեջան տարածքային վեճի հարթութուն։ Այդ դեպքում հակամարտության թատերաբեմն այլևս ընդգրկում էր երկու երկրների տարածները, և Հայաստանի տարածքները նույնպես հայտնվում են բանակցային զամբյուղի մեջ։ Այդպիսի դիրքավորման արդյունքում նաև հաստատվում ու ամրապնդվում էին Հայաստանին ներկայացվող Ադրբեջանի մեղադրանքները։ Իսկ նման պայմաններում լուծումների դաշտում գործում են ոչ թե ապագաղութացման հայեցակարգերը, այլ բացառապես «մեծ սահմանագծման» ընթացակարգերը, այն էլ՝ 1992թ ռազմաքաղաքական բալանսի պայմաններում, երբ ռազմաճակատում տարածքային իրողություններն ամենևին Հայաստանի օգտին չէին։
Եվ, վերջապես, չի կարելի անտեսել նաև պաշտոնական Երևանի հիմնավոր մտահոգությունը և վախը, որ խնդիրը նման կերպ ձևակերպելու դեպքում դրական լուծում չեն ստանա նաև միջազգային կազմակերպություններին՝ ՄԱԿ-ին ու ԵԱՀԿ-ին Հայաստանի անդամակցության հայտերը․․․ Չէ՞ որ դրանց անդամակցող պետությունները միջազգային հարաբերությունների սուբյեկտ դառնալու համար պետք է ընդունեին միջազգային հարաբերություններում ընդունված խաղի կանոնները, որոնք սահմանված էին ՄԱԿ-ի կանոնադրությամբ ու Հելսինկյան Եզրափակիչ ակտով։ Իսկ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը այդ հանրահայտ 10 կանոններից մեկն էր, բայց ոչ միակը․ մյուսները, որոնք առնչվում էին կամ կարող էին առնչվել Արցախյան հակամարտության կարգավորմանը, վերաբերում էին այլ պետությունների, այդ թվում՝ հակամարտության մյուս կողմի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության ճանաչումը և հարգումը, ներքին գործերին չմիջամտելը, սահմանների անփոփոխելիությունն ու ուժի կամ դրա սպառնալիքի բացառումը․․․
Թվարկվածից զատ, ի վերջո չպետք է մոռանալ նաև այնպիսի պրակտիկ գործոնների ազդեցությունը Հայաստանի կողմից այդօրինակ պաշտոնական դիրքորոշման ձևավորման վրա, ինչպիսին Ռուսաստանի նախագահ Ելցինի ու Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հարաբերություններն էին․ Անվիճարկելի է, որ Ռուսաստանն ու նրա նախագահ Բորիս Ելցինը ԱՊՀ ստեղծելու միջոցով ոչ միայն ցանկանում էին պահպանել իրենց ազդեցությունը անկախացած հետխորհրդային երկրների վրա, այլ նաև կանխել կայսրության փլուզումն այնպես, որ դա չպրոյեկտվի նաև Ռուսաստանի վրա, որտեղ Չեչնիան Հյուսիսային Կովկասում արդեն անկախանալու հայտ էր ներկայացնում։
Ռուսաստանի գործոնի մասին տարիներ անց խոստովանել է նաև Լևոն Տեր-Պետրոսյանը իր 1997թ․ «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն․ լրջանալու պահը» հոդվածում, որտեղ նա ոչ միայն կրկնում է նախկինում հնչեցրած թեզը, թե Արցախի անկախացման հիմնական հակառակորդը ոչ թե Ադրբեջանն է, այլ միջազգային հանրութունը, իսկ “Առասպել երրորդ” վերնագրված ենթակետում կասկածի տակ է դնում, որ Ռուսաստանը երբևէ կփոխի իր վերաբերմունքն ու կաջակցի Արցախի անկախացմանը․ «Մի՞թե մեծ խելք է պետք հասկանալու համար, որ ինչպիսի իշխանություն էլ լինի Ռուսաստանում, միեւնույն է՝ նա չի կարող ճանաչել Ղարաբաղի անկախությունը, որովհետեւ իր կազմում ունի քսան Ղարաբաղ»։ Վերջապես, Ռուսաստանին ու Ելցինի դիրքորոշումներին դեմ չգնալու մեկ այլ շարժառիթ Լևոն Տեր-Պետրոսյանի մոտ ձևավորում էր պատերազմում Հայաստանի ունեցած կախվածությունը սպառազինության, պարենային ու այլ հարցերում, որոնք կենսական անհրաժեշտություն էր Արցախի ինքնապաշտպանության համար։
ՌԴ նախագահ Բորիս Ելցինին Լևոն Տեր-Պետրոսյանի տված խոստումը պահելու լավագույն դրվագներից մեկը 2020թ․ 44-օրյա պատերազմից հետո հրապարակված փաստաթուղթի բովանդակությունն ու պատմությունն է, որը ժամանակին անվանվել է «Գաղտնի պայմանագիրը Արցախի ու Հայաստանի միջև»՝ թվագրված 1993թ․ հունիսի 14-ով, որը պատրաստել էր Տեր-Պետրոսյանը ու Ստեփանակերտ կատարած այցի շրջանակներում ներկայացրել Արցախի ղեկավարությանը։ Քիչ ավելի ուշ հրապարկվեց նաև այդ հանդիպման տեսանյութը և սղագրությունը, որտեղ Տեր-Պետրոսյանը Արցախի ղեկավարությանը ժամանակ էր տալիս մեկնարկող խաղաղ բանակցային գործընթացին, դրան առանձին, բայցև Հայաստանի հետ միասնական մոտեցմամբ մասնակցելուն դրական պատասխանելու համար, ինչպես նաև Քարվաճառի շրջանը Ադրբեջանին վերադարձնելուն համաձայնելուն, քանի որ ինքը Բորիս Ելցինին դա խոսք է տվել։ Ավելի վաղ այդ մասին բարձրաձայնել էր նաև նրա իրավահաջորդ Ռոբերտ Քոչարյանի 2007թ․․․
Ահա հատված այդ հանդիպման սղագրությունից․
«Լևոն Տեր-Պետրոսյան- Ես եկել եմ մենակ: Կռվել եմ ընկերներիս հետ, որ մենակ գամչէին թողնում Բաբկենը, Վահանը, Վազգենը: Եկել եմ ասելու իմ վերջին խոսքը: Ձեզ հետ չեմ վիճելու
տրամադիր չեմ: Ոչ մի բանավեճ տեղի չի ունենալու, ամեն ինչ արդեն ասել ենք միմյանց: Ձեր փաստարկները ես գիտեմ, դուք գիտեք իմը: Կարող ենք տեղներս փոխել, բայց դրանից ոչինչ չի փոխվի: Չեմ ուզում կրկնել ելույթս, բայց մի բան կասեմցայսօր Ղարաբաղն ու Հայաստանը (չեմ անջատում իրարից) եթե պատերազմում էին Ադրբեջանի դեմ և հաջող, մերժման դեպքում պիտի պատրաստ լինել կռվելու ամբողջ աշխարհի դեմ: Չի կարելի ծաղրել միջազգային հանրությանը, որը պատասխան է պահանջում: Այսօր դուք պիտի ապացուցեք, որ իշխանություն եք: Մենք ձեռք ենք բերում կոնկրետ թշնամի
Թուրքիան չէ դա, Ադրբեջանը չէ, Իրանը չէ: Ռուսաստանն է: 300 տարվա հայ-ռուսական հարաբերությունների ընթացքում այսքան անկեղծ ու դաշնակցային չեն եղել մեր հարաբերությունները, որքան վերջին մեկուկես տարումԵլցինի և Տեր-Պետրոսյանի շնորհիվ: Եթե Ղարաբաղն այսօր կա ու գոյություն ունի
միայն Ռուսաստանի շնորհիվ: Ռուսաստանն այսօր խաղաքարտի վրա է դրել իր հեղինակությունը: Խաղաքարտի վրա է նաև Ելցինի հեղինակությունը: Աստված չանի, որ ձեռք բերենք Ելցինի պես հիշաչար մարդու անբարյացակամությունը: 40 օր հետո փամփուշտը վերջանալու է: 7 օր հետո վերջանալու է մթերքը: Բաթումից Ելցինի խոստացած նավը հետ է դարձել: Եթե Հայաստանը երեք օր սոված մնաց, կարող եք պատկերացնել, թե ինչ կլինի: Անցյալ անգամ մենք կոնսենսուսով որոշում ընդունեցինք: Դուք մենակ թողեցիք Գեորգի Պետրոսյանին, բայց համաձայնվեցիք, որ նա ստորագրի: Բոլորիդ է վերաբերվում սա: Հեռախոսային ձայնագրություններից գիտեմ, թե ինչ տեղի ունեցավ հետո, և դուք կանգնեցրիք մեզ փաստի առաջ: Եվ վերջինը` այսքան ստորացում հանդուրժել եմ, մեկն էլ կարող եմ հանդուրժել: Տասը օր որպես պատանդ պատրաստ եմ մնալ Ղարաբաղում»:
Ահա, թե ինչու Հայաստանի այդ շրջանի ղեկավարությունն իր Արցախյան ռազմավարության շրջանակներում խնդիր չէր տեսնում միանալու բոլոր այն փաստաթղթերին, որոնցով հարգվում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, սակայն դիմադրում էր նրանց, որոնք վնասում էին ժողովուրդների ինքնորոշման իրավունքը։ Թերևս, այդ լույսի ներքո է բացառիկ ներկայանում Ալմա Աթիի հռչակագրի վավերացման ԳԽ որոշման վերապահումը, որը ավելի շեշտված է դարձնում Ալմա Աթիի հռչակագրրի 2-րդ պարբերությունում ու դրա հիմքի վրա մշակված ԱՊՀ կանոնադրության 5-րդ հոդվածի առաջին պարբերության մեջ «ազգային փոքրամասնությունների իրավունքներ» ձևակերպումը, այն լրամշակում է «ազգերի ինքնորոշման իրավունքի», ըստ որում՝ հենց նույն վերապահման մեջ պահելով «միմյանց տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնմխելիությունը հարգելու ու ճանաչելու» պարտավորությունը։
Այդուհանդերձ, հարցական ու մեծ հետաքննության նյութ է մնում, թե ինչո՞ւ է Հայաստանը «մոռացել» կամ «թերացել» վերապահումը մասնակից պետություններին ծանուցելու ու այն ԱՊՀ դեպոզիտարիա ուղարկելու գործում․ պատերազմի թեժ պահին Բորիս Ելիցինին չնեղացնելո՞ւ, նրա ու Ռուսաստանի հնարավոր ռազմատեխնիական ու քաղաքական աջակցությունը չվտանգելո՞ւ, թե՞ հայկական դասական փնթիության արդյունքում․․․
Չունենալով վերը շարադրված հարցերի պատասխանը, առավել հավանական է դառնում այն բացատրությունը, որ Հայաստանի ԱԳՆ վերապահումները ԱՊՀ դոպոզիտարիա չի ուղակել այն պարզ պատճառով, որ Գերագույն խորհրդի որոշումն ընդունելուց հետո Հայաստանում հասկացել են կամ նկատել են կամ հուշել են, որ իրավական տեխնիկայի առումով այն չի բավարարում վերապահմանը։ Վերապահումը չի կարող միակողմանի լրացումներ կատարել միջազգային համաձայնագրերում՝ ավելացնելով դրույթներ կամ փոխելով արդեն իսկ համաձայնեցված դրույթների խմբագրումները։ Վերապահումը կարող է պարզաբանել դրույթները՝ եթե դրանք երկիմաստ են ու տալիս են տարբեր մեկնաբանությունների հնարավորություն, կամ կարող են չգործող ճանաչել որոշ դրույթներ։ Մինչդեռ Հայաստանի ԳԽ որոշման մեջ «ստեղծագործականության» տարրը չափազանց շատ էր ու նկատելի, և ծանուցման դեպքում այն բովանդակային տեսանկյունից կարող էր չճանաչվել որպես այդպիսին։ Իսկ ԳԽ որոշման ընդունումից հետո հայտարարելը, թե այն սխալ է ընդունվել կամ «անուժ» է ու «չգործող», այնքան էլ պատվաբեր չէ որևէ իշխանության համար։ Մանավանդ, որ Ալմա Աթայի Հռչակագրի վավերացմանը նվիրված քննարկումները Գերագույն խորհրդում չափազանց բուռն էին անցել, և ընդունված փաստաթուղթը տվյալ պահին իշխանության և ընդդիմության միջև կոնսենսուսային փաստաթուղթ էր․․․ Երաշխիք էլ չէր կարող լինել, որ իշխանության կողմից հին կոնսենսուսի չեղարկումը երաշխավորում է նոր կոնսենսուսի ձևավորումը։
Չափազանց տեսանելի էր այն շոկն ու անակնկալը, որն ունեցան անգամ Հայաստանի Գերագույն Խորհրդի որոշման մշակմանն ու ընդունմանը մասնակցած գործիչները, իմանալով, որ վերապահումները պահանջվող պատշաճ ընթացակարգով չեն ուղարկվել․․․
Իհարկե, սա չի նշանակում, թե նրանց մեկնաբանությունները Ալմա Աթայի հռչակագրի ու Ադրբեջանի տարածքային ամբողջականության աղերսների մասին հիմնազուրկ են։ Ադրբեջանն ինքն էլ մեծագույն հակասություններ է ստեղծել մի կողմից իր անկախության հռչակման փաստաթղթերի, Սահմանադրության ու այլ օրենսդրական ակտերի (ի վերջո, նա իրեն հռչակել է Ադրբեջանի առաջին՝ մուսավաթական հանրապետության իրավահաջորդ, որպեսզի խուսափի ԽՍՀՄ օրոք ընդունված մի շարք որոշումները ճանաչելուց, այդ թվում՝ ԼՂԻՄ կազմավորելու, Զանգեզուրը Հայաստանին «թողնելու» մասին՝ հետագայում ավելի մեծ Ադրբեջան ունենալու ստրատեգիան հետամտելու համար), մյուս կողմից՝ վավերացված միջազգային պայմանագրերի ու ստանձնած պարտավորությունների միջև՝ դրանք ենթարկելով հայեցողական ու սելեկտիվ մեկնաբանության։
Սակայն, անգամ դա իրավիճակը չի փոխում երրորդ կողմերի ու դերակատարների համար, որոնք Ալմա Աթիի հռչակագիրը ընթերցում և մեկնաբանում են ո՛չ Հայաստանի ԳԽ ընդունած որոշման վերապահումների, ո՛չ էլ Ադրբեջանի ընդունած ներքին կարգավորումների պրիզմայով, ինչը և արել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը, ինչը միշտ արել են աշխարհի երկրները։ Քանզի ոչ միայն աշխարհի երկրները, այլ հենց նույն Հայաստանն ու Ադրբեջանն են 1992թ համաձայնել Արցախի խնդրի կարգավորման ելակետ ընդունել միմյանց տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, սահմանների անձեռնխելիության հարգումը, ներառյալ՝ ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում, և բանակցային գործընթացում քննարկել Արցախին հնարավոր այլ կարգավիճակ տալու հարցը, որոնց պետք է համաձայնեին կողմերը և առաջին հերթին՝ Ադրբեջանը։ Իսկ հաջորդած բանակցային գործընթացի ողջ դրաման ցույց է տալիս, որ Ադրբեջանը հրաժարվել է ընդունել բոլոր այն կարգավորման տարբերակները, որոնք Արցախի համար ենթադրել են անկախից, Հայաստանի հետ վերամիավորումից մինչև ընդհուպ ինքնավարություն․․․
Ահա, թե ինչու Հայաստանի ներքին չմարող բանավեճում իշխանությունն այս անհերքելի փաստերն օգտագործում է ընդդիմախոսների դեմ՝ հիմնավորելով, որ Հայաստանի բոլոր երեք նախագահությունները ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ՝ Արցախն Ադրբեջանի կազմում։ Իհարկե, քաղաքական նկատառումներով իշխանությունը չափազանցության ու մանիպուլյացիայի էլ է դիմում՝ նշելով, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում մշակված կարգավորման բոլոր տարբերակները եղել են Արցախն Ադրբեջանին վերադարձնելու մասին։ Իհարկե, իշխանության կողմից նման հետևություն անելու համար հիմքեր կան, բայց դա ամենևին չի նշանակում, թե այդ հիմքերը միայն այդ մեկ եզրահանգման համար կարող են ծառայել։
Մասնավորապես, ծավալվող բանավեճն առավել քան հակասության դաշտ է մտնում 1999թ․ մշակված Մեղրիի տարբերակի և 2001թ․ Ադրբեջանի կողմից մերժված Քիվեսթյան տարբերակի դեպքում, որի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նրա թիմակիցները արդարանում են, թե լուծման տարրերից մեկն այնուամենայնիվ ենթադրում էր Բերձորի միջանցքով Արցախի վերամիավորում Հայաստանի հետ՝ առաջին դեպքում Մեղրիի շրջանը Ադրբեջանին հանձնելու, իսկ երկրորդ տարբերակում՝ Մեղրիի տարածքով Ադրբեջանը Նախիջևանին կապող «Հայաստանի սուվերենության, բայց Ադրբեջանի իրավազորության ներքո» գտնվող ճանապարհ տրամադրելու դիմաց։ Սակայն երկրորդ նախագահի այս ինքնաարդարացումներին էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հակադարձում են հարցով՝ “Իսկ այդ ո՞ւմ էր պատկանում Արցախը, որ այն ստանալու համար Հայաստանը Մեղրին կամ Մեղրիով անցնող ճանապարհի նկատմամբ իրավազորություն պետք է տար Ադրբեջանին”, այդ կերպ հիմնավորելով, որ նունիսկ այս տարբերակի դեպքում Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը ելակետ է ընդունել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու միջազգային իրավունքով Արցախի պատկանելությունը նրան։ Մյուս տարբերակների՝ «Ընդհանուր պետություն», «Մադրիդյան առաջարկություններ», «Կազանի փաստաթուղթ» կամ «Լավրովի/ռուսական պլան», իշխանությունն ավելի հեշտությամբ է ապացուցում ոչ միայն կարգավորման համար Հայաստանի ու Ադրբեջանի ճանաչած ելակետը, այլ որ բուն կարգավորման տարբերակներն էլ եղել են Արցախը Ադրբեջանին վերադարձնելու մասին․․․
Սակայն վերջաբանում կրկին վերադառնանք Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի հարցազրույցին, որտեղ նա հաստատում է այն, որ Հայաստանը 1991թ․ է ընդունել Ալմա Աթայի հռչակագիրը, և ոչ թե 2022թ․ հոկտեմբերին՝ Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման ժամանակ, որին մասնակցել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Ինչպես կրկին բավական պատշաճ է ներկայացնում դեսպան Դըկոտինյին՝ «Պրահան ընդամենը հղում է անում, հիշեցնում է Ալմա Աթայի հռչակագիրը» և «նրանք, ովքեր պնդում են, թե Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է ճանաչվել 2022 թվականին Պրահայում, ստում են, որովհետև Լեռնային Ղարաբաղը Հայաստանի կողմից Ադրբեջանի մաս է ճանաչվել Ալմա Աթայի հռչակագրի պահից սկսած»։
Իսկ ովքե՞ր են այս թեմայով ստել ու ստում՝ Ռուսաստանը, Ադրբեջանը և Հայաստանում ռուսական ընդդիմությունը՝ Արցախի և Հայաստանի նախկին 2 նախագահներն իրենց թիմերով․․․ Եվ նրանք ստել ու ստում են ոչ միայն Ալմա Աթայի հռչակագրի մասով, այլ նաև Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության մասով, որոնց նույնպես դեսպանն անդրադարձել է՝ չտալով անուններ։
Սակայն, բավարարվենք այսքանով, որքան էլ դեսպան Դըկոտինյիի հարցազրույցի մնացած հայտարարությունները նույնպես արձագանքում են ռուս-ադրբեջանական ծագման ապատեղեկատվություններին։ Բայց այդ ամենին միգուցե արժե անդրադառնալ մեկ այլ հոդվածով։
«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)