ՀՀ-ն ներկայացնող ցանկացած անձի դեմ իրականացված հարձակում պետք է ունենա իրավական հետևանք:
Այս մասին՝ անդրադառնալով Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) նախագահ Մուրադ Փափազյանի՝ Հայաստանի Հանրապետություն մուտքի արգելքին, գրել է հատուկ հանձնարարուոյթւոններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ նշելով.
«Արտերկրում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող ցանկացած անձի դեմ իրականացված հարձակում կամ ոտնձգություն պարտադիր պետք է ունենա իրավական հետևանք, քանի որ արտերկրում ՀՀ դեսպանատների, ՀՀ դրոշակիր մեքենաների վրա հարձակումները, ըստ էության, համարվում են հարձակում Հայաստանի Հանրապետության դեմ։
Բնականաբար, միտքը չի վերաբերում քաղաքական, քաղաքացիական անհամաձայնություն արտահայտող խաղաղ ցույցերին կամ ակցիաներին, այլ վերաբերում է հարձակումներին, որոնք քրեորեն հետապնդելի արարքներ են ինչպես Հայաստանում, այնպես էլ ցանկացած այլ պետությունում»։
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը այսօր պարզաբանել էր, թե ինչու է արգելվել Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան:
Նշվում էր, որ տվյալ անձը հանդիսանում է նախորդ տարվա հունիսի 1-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպանության մոտ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության՝ ՀՀ պետական դրոշակիր ավտոշարասյան դեմ հարձակում կազմակերպած անձանցից մեկը: Ավտոշարասյան ուղղությամբ նետվել են տարբեր իրեր, առարկաներ: Վարչապետի ՀՀ պետական դրոշակիր ավտոմեքենան ենթարկվել է հարձակման, և ստեղծված իրավիճակը հաղթահարվել է միայն ֆրանսիական ոստիկանության և անվտանգության ուժերի ջանքերի արդյունքում: Ոչ միայն Փափազյանի, այլև հարձակման ակտիվ մասնակիցների մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է:














