Վահրամ Մարտիրոսյան «Անկրկնելի պատմություն», որ վերջապես «շրջանցեց լեռները»

Գեղարվեստական գրականությունը ես տարեցտարի ոչ թե ավելի արագ, այլ դանդաղ եմ կարդում։ Հազար ու մի բանի ուշադրություն դարձնելով, մտքերս գրառելով։ Բայց Վաչե Սարգսյանի «Անկրկնելի պատմությունը»՝ «Ակեղդամա» եռերգության առաջին վեպը կարդացի մի շնչով:

Գիրքը մի շարք ողբերգությունների կնիք է կրում, որ ցնցում են ընթերցողին։ Նախ՝ հերոսի ճակատագիրը. միայն այն բանի համար, որ հայ գրականության քննությանը Եղիշե Չարենցին չի դատապարտում, տասնութ տարեկանում նա դատապարտվում է տասը տարվա ազատազրկման։ Ապա՝ գրքի ճակատագիրը. առաջին անգամ հրատարակության է հանձնվել 1965-ին, լույս է տեսել… հիսունչորս տարի անց, 2019-ին։

Ուրիշ ինչի՞ շնորհիվ է ժամանակակից ընթերցողը մեկ շնչով կարդում՝ համեմատեք ձեր պահանջների հետ.

ա) բացառիկ կենսափորձի,

բ) առաջին դեմքով պատումի, որ ներկայության էֆեկտ է ստեղծում. մենք «ուղիղ հեռարձակմամբ» տեսել ենք «9/11»-ը, չեչեն ահաբեկիչների կողմից «Նորդ օստի» դահլիճի գրավումը 2002-ին, Սիրիայի պատերազմը… 2018-ի թավշյա հեղափոխությունը՝ դժվար ենք հավատում վերացական հեղինակի պատումին,

գ) հեղինակի դիտողականության, ապա նկատված «մանրուքները» խաղարկելու, «գործող անձ» դարձնելու ունակության, ինչը ընթերցողին թույլ է տալիս ընդհանրացումներ կատարել՝ բավարար սոցիոլոգիական երևակայության առկայության դեպքում։

Ա) Վաչե Սարգսյանի (1924-1987) սիբիրյան ճամբարների կենսափորձը, ցավոք, եզակի չէ. Ռուսաստանում, ապա ՍՍՀՄ-ում տասնյակ միլիոնների են գնդակահարել կամ աքսորել՝ 1917-ի բոլշևիկյան հեղաշրջումից սկսած։ Բայց հազվադեպ մարդիկ են միայն գրավոր վկայություններ թողել՝ մահացու վտանգների, դաժան գրաքննության պատճառով, իսկ շատ օրագրեր ու ստեղծագործություններ ոչնչացվել են։ Ինչը չի «այրվել», բացառիկ, անգնահատելի է որպես պատմական փաստաթուղթ՝ «Անկրկնելի պատմություն»։

Բ) Վեպի պատումը առաջին դեմքով է։

Գ) Մանրամասների գեղարվեստական «խաղարկման» տաղանդն էլ հեղինակն ի հայտ է բերում վեպի առաջին էջերից։ Վաչե Սարգսյանի ու վեպի հերոսի կենսափորձերը համընկնելու աստիճան մոտ են, բայց եթե Վաչե Սարգսյանը ձերբակալվել է 1942-ին, նրա հերոսը՝ Վազգենը, 1941-ի հունիսին է հայտնվում բանտում, որտեղ շաբաթներ ի վեր լուր չի ստանում, որ… Սովետական Միությունը ներքաշվել է համաշխարհային պատերազմի մեջ. «Մկա դուք էս աշխարքեն չե՞ք, հորի՞ ձըզի քոռի տեղ դրած եք։ Մեկ ամիս լե ավել է, օր նեմեց մըզի կզանա»,- նոր կալանավոր Բեգլարն է միամտորեն կշտամբում մի քանի քառակուսի մետրում իրար գլխի լցրած խցակիցներին։ Լուրը սրում է իրավիճակի դրամատիզմը։ Քաղբանտարկյալները՝ սասունցի Բեգլարը, որի մեղքը Արևմտյան Հայաստանում ծնված լինելն է, հայտնի մարդկանցից՝ «շեկ քանդակագործ» Երվանդ Քոչարը, չնայած վաղօրոք հասցրել է վերացնել Չարենցի կիսանդրին, սիրով զենքը ձեռքին կմեկնեին ռազմաճակատ, ֆաշիստական Գերմանիայի դեմ կռվելու, բայց կրում են «ֆաշիստի» պիտակը։ Զարհուրելի ծեծուջարդի հետևանքով նրանք «խոստովանել» են հայրենիքի դավաճանության մեղքը, ավելին՝ իրենք են սուտ ցուցմունք տվել ուրիշ մարդկանց դեմ. «Ես մի անգամ իմ ընկերներին բողոքեցի առաջնորդի կուլտի դեմ ու կարեկցեցի նրա զոհերին։ Հետո այնտեղ ներկա գտնվողները այստեղ դարձան կազմակերպության անդամներ, իսկ ես նրանց ղեկավարը, ու ինքս այդ բանը հաստատեցի թղթի վրա»,- պատմում է Ռուբենը՝ անվանի դասախոսի թոռը (ընդգծումներն իմն են՝ Վ. Մ.)…

Խղճահարության չափը

Նկատված երևույթ է, որ մարդը խղճում է ուրիշին մինչև որոշակի աստիճան, հետո պատնեշում է իրեն, «անջատվում է»։ Դա վերաբերում է նաև գրական հերոսների հանդեպ վերաբերմունքին։ «Անկրկնելի պատմության» մեջ բնականաբար շատ է տառապանքը, որից սիրտդ տակնուվրա է լինում, բայց կան և դիմադրություն, որ չի թողնում նյութից խորթանալ։

Արդեն կոտրվելուց՝ հարցաքննությանը իր «հանցակիցներին» մատնելուց հետո, ծաղր ու ծանակից նվաստացված, Վազգենը իրենից նորանոր «հակահեղափոխականների» անուններ կորզելու քննիչի հերթական փորձի ժամանակ թվարկում է… թաղի երեխաներին՝ հիմար դրության մեջ գցելով, խայտառակելով նրան պետերի առաջ։

Սասունցի Բեգլարը յոթհարկանի հայհոյանքներով է «վրեժ լուծում» իրեն խմբով ծեծող չեկիստներից. «Տվեք։ Թող Բեգլարի աստված լա երկնքում, վին լացի սովոր է»։

Ռուբենը, որին շուտով կգնդակահարեն, մտածել, վերլուծել է սովորեցնում իր բախտակիցներին. երբ անմեղ մարդկանց են որպես լրտես բռնոտում, դա հեռացնում է կասկածը իսկական լրտեսներից, և դա է իսկական դավադրությունը երկրի դեմ..

Դիմադրելն աներևակայելի դժվարանում է, երբ քաղբանտարկյալներին տեղափոխում են միջավայր, որտեղ իշխում են քրեական հանցագործները, ստալինյան համակարգի դրվածքի համաձայն։ Բաքվի Քիշլի բանտում «հյուսիսկովկասցի» հսկա «պախան Կազբեկը» խլում է նորեկներից, ինչ դուրը գա, դանակով հանում ոսկե ատամաշապիկները։ Վազգենն ու ընկերները տեղի չեն տալիս, կռվում են։ Թեև թեթև են պրծնում՝ ոչ մեծ վերքերով, բայց վտանգ կա, որ բանտի վարչակազմը տղաներին իրարից բաժանի, որ քրեականները հետները հեշտ հաշվեհարդար տեսնեն։ Բարեբախտաբար, տեղի հայ կալանավորի միջնորդությամբ հարևան խցի մի ուրիշ գող սպանում է Կազբեկին։

Այս և հետագա շատ դրվագներում դրսևորվում է Վազգենի պոռթկուն բնավորությունը՝ ենթադրել տալով, որ դա բխում է նախատիպից՝ հեղինակից։

«Հացի փորձություն»

Լուրջ փորձություններից մեկը, որին Վազգենը պետք է դիմագրավի, քաղցն է։ Ես համեմատեցի ֆաշիստական համակենտրոնացման ճամբարների ու ստալինյան «Գուլագի» չափաբաժինները՝ նույնիսկ տխրահռչակ Ներքին գործերի ժողովրդական կոմիսար Լավրենտի Բերիան 1939-ին բողոքում է ճամբարականների ցածր նորմայից (էջ 376)։ Գերմանական ճամբարներում ուտելիքն ավելի բազմազան է, կալորիաները… 20-30%-ով շատ, ինչը թույլ է տալիս մարդկանց պահպանել աշխատունակությունը։ Վերապահմամբ՝ սա «ոչ արիացի» ազգերի ներկայացուցիչներին՝ հրեաներին, գնչուներին, և սովետական ռազմագերիներին չի վերաբերում. Ստալինը չի ստորագրել 1929 թ. Ռազմագերիների հետ վարվեցողության ժնևյան համաձանագիրը, որի 11-13 կետերը հավասար սնունդ էին նախատեսում ռազմագերիների ու սովորական, զորանոցային պայմաններում գտնվող զինվորականների համար, արգելում էր ուտելիքի սահմանափակմամբ պատիժը։ Արդյունքում… ռազմաճակատի գծի երկու կողմում էլ ազատազրկված սովետական մարդկանց հասանելի էր միայն «ոչ արիացիների» սննդակարգը, որը ևս չէր պահպանվում «ճամբարային» գրականությունից հայտնի հրեշավոր կոռուպցիայի պատճառով բռնատիրական երկու երկրում էլ։

Երբ Վազգենն է հայտնվում «Գուլագում», տարեկան մահացությունը 30-ականների մի քանի տոկոսից հասնում է 25-ի (1942-43 թթ.), այսինքն, մեռնում է յուրաքանչյուր չորսից մեկը։ Նա և ընկերները… կիսում են հացը իրար հետ, բայց ոչ թե սովամահությունը կանխելու համար՝ չնչին փշուրներ են, այլ ինքնապահպանման բնազդից ծնվող գազանացումը. կալանավորները թույլերից խլում կամ իրարից գողանում են հացը։

Ճիշտ է, երկու տարվա ընթացքում երեք բանտ փոխելուց հետո՝ Վազգենը հանգում է այն եզրակացության, որ քաղցած… ավելի հեշտ է. մի կտոր հացը դառնում է կալանավորի կյանքի իմաստը՝ տեղ չթողնելով ազատության կարոտին։

Կյանք՝ աշխատանքի դիմաց

Աքսորում Վազգենին նոր մարտահրավեր է սպասում. բազմաժամյա տաժանակիր աշխատանքը սպանում է հյուծված աքսորականներին։ 170 սմ հասակով Վազգենը, որ արդեն 38 կգ է կշռում, ընկնում է հիվանդանոց։ Այստեղ նրա կյանքը փրկում են քաղբանտարկյալ բժիշկը, բուժքույրը… իրենց օրապահիկը հետը կիսելով՝ անձնազոհություն, որ արցունք կքաղի զգայուն ընթերցողի աչքերից։

Վազգենն էլ ուժեղ կամք ունի. փոքր-ինչ կազդուրվելով՝ ստանձնում է ամենածանր աշխատանքը՝ ծառահատումը, որ կոփվի։ Բայց դա խաղուպար չէ. տայգայում՝ 30-40 աստիճան ցուրտ է, բարձր պլանը չկատարելու պատիժը հացից զրկվելն է։ Նա դիմակայում է, վարպետանում-գերակատարում պլանը և ի վերջո… նշանակվում բրիգադավար։

Ավելին՝ hetq.am

editors

Recent Posts

Ինչ-որ մեկը փորձում է լարել կուսակցությունների հարաբերությունները. Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ՀՅԴ 35-րդ ընդհանուր ժողովը որակել է «հանգրվանային»։ Ըստ նրա՝…

14 minutes ago

Նարա Շլեպչյանը պարգևատրվել է ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

Ծննդյան 90-ամյա հոբելյանի և հայկական հեռուստատեսության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար ՀՀ ժողովրդական արտիստ,…

44 minutes ago

ՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում անդրադարձել է թվային տեխնոլոգիաների ընդլայնմանը

Փետրվարի 25-ին Ժնևում` ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ…

55 minutes ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-4 աստիճանով

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ փետրվարի 26-ի ցերեկը, 27-ին հանրապետության առանձին շրջաններում…

1 hour ago

730 մլն դրամ արժողությամբ գույքը վերադարձվել է պետությանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է. «Դատարանի վճռով Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղուն հարող տարածքում գտնվող՝…

2 hours ago

ԿԽՄԿ ներկայացուցիչները հանդիպել են Բաքվում պահվող հայերին

ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում պահով հայ գերիներին։ Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ղեկավար Զառա Ամատունին…

2 hours ago