Լրահոս 24/7

Եվրոպան ուժեղ Ադրբեջանից չի ցանկանա գազ գնել

Եվրոպայի կողմից ադրբեջանական գազի պահանջարկի մեծացման համատեքստում, ուսումնասիրելով քաղաքագիտական վիճակագրություն, հանգում ենք այն եզրակացության, որ մինչև 2020թ. Հայաստանում Ադրբեջանի վարքագիծը փորձագետների կողմից չի դիտարկվել որպես առևտրային՝ Արցախի հարցում եվրոպական «համաձայնեցման» դիմաց կասպյան գազի շահարկմամբ։

Այն ժամանակ, իհարկե, եվրոպական երկրներում ռուսական գազից մասամբ հրաժարվելու և Ռուսաստանը շրջանցող ուղիներով այլ մատակարարներից էներգակիրներ ստանալու մասին խոսակցությունները սաղմնային փուլում էին։ Այսօր արդեն Եվրոպայում արդիական է ռուսական վառելիքից լիովին հրաժարվելու հարցը, և որպես այլընտրանք քննարկվում է Ադրբեջանից գազի ստացման հարցը։
2020թ.-ից առաջ հայկական փորձագիտական շրջանակների հնչեցրած տեսակետներում գերիշխում էին Եվրոպայի կողմից մարդու իրավունքների հարցում ստանձնած պարտավորությունները, արժեհամակարգը, և գրեթե բացառվում էր էներգետիկ ռեսուրսների նպատակով Արցախի հարցում Բաքվին աջակցելու հավանականությունը։ Մինչդեռ վերջին 2 տարիների ընթացքում ակնհայտ դարձավ, որ գազը, նավթը և կենսական այլ նյութեր հաճախ վեր են դասվում մարդու իրավունքներից, հատկապես, երբ դրանք վերաբերում են հակամարտությունների գոտիներին։
Ռուս-ուկրաինական պատերազմից հետո, ինչպես հայտնի է, եվրոպական կողմը միջոցներ է ձեռնարկում Ադրբեջանից գազի ներկրման ծավալների մեծացման ուղղությամբ։ Բուլղարիան, օրինակ, արդեն ամբողջությամբ ադրբեջանական գազ է սպառում՝ հրաժարվելով ռուսականից։ Սակայն ակնհայտ է նաև, որ Ադրբեջանը չի կարող բավարարել եվրոպական ամբողջ պահանջարկը՝ մի կողմից, և մյուս կողմից՝ Եվրոպային բնավ ձեռնտու չի լինի համեմատաբար հզոր ու կամակոր Բաքվից այն ստանալը, քանի որ վերջինը ցանկացած պահի կարող է կրկին շահարկել իր «ապրանքը», ինչպես դա արել է տարիներ ի վեր ու շարունակում է անել։
Այսպես, Տրանսադրիատիկ գազատարը (TAP), որն ադրբեջանական գազը Եվրոպա հասցնող գազատարի եվրոպական հատվածն է, սկիզբ է առնում թուրք-հունական սահմանից և հասնում մինչև Իտալիա, շահագործման է հանձնվել Արցախի դեմ պատերազմի ավարտից ընդամենը օրեր անց՝ 2020թ. նոյեմբերի 15-ին։

Մեկնարկն ավելի շուտ էր նախատեսված, սակայն դա ձգձգվեց, որի պատճառները միայն Արցախի դեմ պատերազմի պայմաններում ակներև դարձավ, երբ եվրոպական երկրները ոչ միայն չդատապարտեցին թուրք-ադրբեջանական-ահաբեկչական հանցագործություններն Արցախի խաղաղ բնակչության դեմ, այլև, ըստ որոշ տեղեկությունների, նրանց մի մասը տարբեր կերպ աջակցեց Բաքվին։
Այսօր արդեն քննարկվում է Եվրոպայի և Ադրբեջանի միջև գազի վերաբերյալ նոր համաձայնագրի ստորագրման հարցը, և կողմերը միմյանցից, կարծես, պահանջներ ու դժգոհություններ ունեն։ Եթե Բաքուն գազի լրացուցիչ պաշարների դիմաց փորձում է նոր զիջումներ կորզել Եվրոպայից՝ տարածաշրջանում և հատկապես Հայաստանի (նաև՝ Արցախի) հաշվին նոր առավելությունների համար, ապա Եվրոպայում աճում է գիտակցությունը, որ ադրբեջանական գազը կարող է ոչ միայն եվրոպական արժեհամակարգի մասին պատկերացումների տապալում արժենալ, այլև, որն ավելի կարևոր է, նոր լծակ դառնալ զարգացած երկրների նկատմամբ։
Թե որ երկրներն ամբողջությամբ կկարողանան անցնել ադրբեջանական գազի (Բուլղարիայից հետո), դեռ հարց է՝ հաշվի առնելով առկա գազատարների թողունակությունը, սակայն ակնհայտ է, որ այդ երկրները, ինչպես նաև Եվրոպական Միությունն ընդհանրապես, փորձելու են ռուսական գազը փոխարինել ոչ թե նոր լծակով, այլ արդեն քաղած դասերը հաշվի առնելով՝ սեփական լծակները բանեցնել մատակարարի նկատմամբ։ Այս պարագայում, անշուշտ, առկա է հայկական շահի անտեսման կամ զիջման ռիսկը, ինչը հենց, ըստ երևույթին, փորձում է չեզոքացնել Երևանը շատ քննադատված բրյուսելյան միջնորդությամբ բանակցությունների միջոցով։
Վերջին շրջանում Ալիևի դժգոհությունները Եվրոպայի Խորհրդից՝ հայամետ բանաձևերի ու Արևմուտքից՝ Հայաստանին ցուցաբերվող աջակցության համար, վկայում են. Բաքուն չի վայելում նախկին վերաբերմունքն իր նկատմամբ, որ տածում էին եվրոպական երկրները մինչև TAP գազատարի գործարկումը և դրա ճյուղավորումը Հունաստանից դեպի հարևան երկրներ։


Վահրամ Հովհաննիսյան

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

3 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

4 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

4 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

5 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

5 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

6 hours ago