Ինչպես արդեն հայտնել ենք, սեպտեմբերի 25-ին Հայաստանի Հանրապետության 18 համայնքներում անցկացվելու են տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով ընտրություններ:
Օգոստոսի 31-ին մեկնարկեց ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը, այն կտևի մինչև սեպտեմբերի 23-ը, իսկ սեպտեմբերի 24-ին կհայտարարվի լռության օր:
Բյուրեղավան համայնքում 4 քաղաքական ուժ է պայքարում, նրանք են՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Արդար Հայաստան», ՀՀԴ կուսակցությունները և «Միասնություն» կուսակցությունների դաշինքը:
ՔՊ թեկնածու Վլադիմիր Վարդևանյանի խոսքով՝ այժմ նախապատրաստական փուլում են և բուն քարոզարշավը կսկսեն սեպտեմբերի 5-ից:
Չնայած այդ փաստին՝ Վարդևանյանն ընդգծում է՝ քաղաքացիների հետ միշտ շփվում է և տեղյակ է, թե որոնք են համայնքի հիմնական խնդիրները: «Խնդիրները բազմազան են՝ աղբահանություն, թափառող շներ, կանաչապատ տարածքների բացակայություն, կոյուղատար համակարգի մաշվածություն, վերելակների անվտանգության հարցեր և այլն»,- «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասում է նա:
Վերջինիս պնդմամբ՝ համայնքն անմխիթար վիճակում է գտնվում, և ընտրություններից առաջ քաղաքային իշխանությունները հասկանալի պատճառներով նոր միայն փորձ են կատարում ցույց տալ, թե աշխատանք է տարվում: Իսկ արված որոշակի աշխատանքների ճնշող մեծամասնությունն էլ Կառավարության հատկացրած սուբվենցիոն ծրագրերի միջոցներով է իրականացվել:
«Բարեբախտաբար, մեր քաղաքացիները հասկանում են իրականությունը: Մենք նրանց հավաստիացնում ենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը ձայնը տալու դեպքում համայնքում արմատական փոփոխություններ են տեղի ունենալու»,- շեշտում է թեկնածուն:
Հարցադրմանը, թե ինչպե՞ս է տեսնում համայնքում նշված հիմնախնդիրների ու մասնավորապես թափառող շների հարցի լուծումը, վերջինս հայտնում է, որ բոլոր ոլորտների հետ կապված կա հստակ տեսլական և լուծումների բանաձև, իսկ ինչ վերաբերում է թափառող շների հիմնախնդրին, որը, ըստ Վարդևանյանի, արդեն լուջ սպառնալիք է քաղաքացիների համար, կան մի քանի լուծումներ. «Դրանցից որևէ մեկի ընտրության համար նաև հանդիպումներ են նախաձեռնված կենդանիների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների հետ, և քննարկումների արդյունքում վերջնական որոշում կկայացվի»:
Վլադիմիր Վարդևանյանի խոսքով՝ իրենց նախընտրական ծրագրում ուշադրություն է դարձված բոլոր ոլորտներին և սոցիալական խմբերին. գյուղատնտեսություն, մշակույթ, սպորտ, կրթություն, առողջապահություն, երիտասարդության հիմնախնդիրներ և այլն:
«Օրինակ՝ ունենք մարզադպրոց, բայց այն տարիներով անմխիթար վիճակում է գտնվում: Համայնքային մարզադաշտը նույնպես ոչ բարվոք վիճակում է: Մարզիչները, մեղմ ասած, ամաչում են դրսից հյուրեր ընդունել և միջոցառումներ անցկացնել, քանի որ նույնիսկ ամենատարրական պայմաններն ապահոված չեն»,- ընդգծում է ՔՊ թեկնածուն:
Դիտարկմանը, որ համայնքներում մշակույթին կյանքին այդքան էլ ուշադրություն չի դարձվում, ի՞նչ քայլեր են պատրաստվում իրականացնել բնակիչների շրջանում մշակույթի նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու համար, զրուցակիցը նշում է.
«Նախ, պետք է նշեմ, որ ցանկացած համայնքային իշխանության առաջնային խնդիրը համայնքում կրթամշակութային կյանքը խթանելն ու զարգացնելն է, մինչդեռ մեր համայնքում այն տարիներով բարձիթողի վիճակում է: Առանց զարգացած մշակութային կյանքի՝ համայնքի առողջ զարգացման հեռանկարը վտանգված է: Մեր նպատակն է մշակութային ենթակառուցվածքների զարգացմանը զուգահեռ այն լցնենք նաև բովանդակությամբ, մշակութային միջոցառումների անցկացմամբ և խմբակների ձևավորմամբ: Օրինակ՝ հեղափոխությունից հետո՝ 2018 թվականին, սուբվենցիոն ծրագրերով Բյուրեղավանում կառուցվեց մշակույթի տուն: Սակայն այդ հաստատության պոտենցյալն ամբողջությամբ չի օգտագործվում: Մեր հասարակությունն ու մասնավորապես երիտասարդությունն արժանի են ունենալ ինքնակրթության և սեփական հնարավորությունները զարգացնելու համար պատշաճ պայմաններ: Երիտասարդները պետք է ձգտեն մնալ իրենց համայնքում, իսկ դրա համար համայնքային իշխանությունները պետք է նոր միջավայր ձևավորեն: Մենք գալիս ենք այդ միջավայրը ձևավորելու, մեր համայնքի կյանքում երկար սպասված փոփոխություններ իրականացնելու»:
Հարցադրմանը՝ ինչո՞ւ քաղաքացիները հենց «Քաղաքացիական պայմանագրին» պետք է ընտրեն, կուսակցության թեկնածուն ընդգծում է՝ իրենք իրենց թիմով և ծրագրով վստահություն են ներշնչելու:
«Նախ, մենք ունենք լավ թիմ, որտեղ ընդգրկված են բավականին կայացած մարդիկ, որոնցից շատերին մեր քաղաքացիները ճանաչում են: Համայնքը մեկ տասնյակից ավելի տարի գտնվում է լճացած վիճակում, չկա զարգացում: Այսօր Բյուրեղավանը կանգնած է երկընտրանքի առջև՝ գնալ փոփոխությունների կամ համակերպվել հին իրողությունների հետ: Ես համոզված եմ, որ մեր համայնքն ընտրելու է փոփոխությունը»,- վստահ է նա:
Իսկ թե ընտրությունների արդյունքներից ելնելով, եթե կարիք լինի կոալիցիա կազմելու, ո՞ր ուժի հետ են դիտարկում, Վարդևանյանը նշում է, որ այս պահին իրենց օրակարգում նման հարց չկա, քանի որ գնում են հաղթանակ տանելու:
ՄԻՊ Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Ժնև շարունակվում է: Այդ մասին տեղեկանում ենք ՄԻՊ-ի Ֆեյսբուքի էջից:…
Սպիտակ տունը ներկայացրել է Էր Ռիադում ռուսական և ուկրաինական պատվիրակությունների հետ հանդիպումների մանրամասները: Նշվում է,…
Մարտի 25-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի…
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հայտնում է, որ աշխարհում կարմրուկի առումով համաճարակային իրավիճակը լարված…
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել՝ հայտնելով. «Հաշվի առնելով սահմանագոտու տարբեր հատվածների վերաբերյալ տարատեսակ գրառումների ու…
Իսրայելն առավելագույն ճնշում կգործադրի ՀԱՄԱՍ-ի վրա բոլոր միջոցներով՝ հայտնել են երկրի վարչապետի աշխատակազմից՝ մեկնաբանելով The…