«Ինչո՞ւ եմ այսօր խոսել այդ մասին, որովհետեւ այսօր ոտնձգության է ենթարկվում ՀՀ-ն։ Մեզ ասում են՝ միջանցք, մենք էլ ասել ենք, որ ՀՀ-ի տարածքով որեւէ մեկին միջանցք չենք տալու։ Թուղթ չենք ստորագրելու որեւէ, որը ՀՀ տարածքային ամբողջականությունը որեւէ ձեւով կդնի կասկածի տակ։ Սա շատ պարզ բան է, եւ ուղիղ եմ ասում՝ բոլորիդ աչքերի մեջ նայելով»,-քիչ առաջ ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերով հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց․ «Եթե ճիշտ եմ հասկանում, խոսքը նրա մասին է, թե ես ստորագրել եմ կամ պատրաստվում եմ ստորագրել։ Այս պահի դրությամբ ոչ մի թուղթ չեմ ստորագրել, թղթի նախագիծ չկա այսօր իմ սեղանին դրած, որը պետք է ստորագրվի կամ ոչ։ Առաջիկա օրերին էլ նման բան նախատեսված չէ։ Վերաբերմունք արտահայտեք այն աղբյուրների հանդեպ, որոնք նման բան են տարածում։ Զինվորները զանգում, հարցնում են՝ ճի՞շտ է, որ թուղթ եք ստորագրել։ Ադրբեջանական կայքերում դա պաշտոնական լրահոսի կարգավիճակ է ստացել։ Թուղթ չկա, նախագիծ չկա ստորագրելու կամ չստորագրելու»։














