

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցը հույս է տալիս, որ Հայաստանը միայնակ չէ իր պայքարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ամերիկյան «Վաշինգտոն Փոստ» օրաթերթին տված հարցազրույցում ասել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ հայտնի սյունակագիր Դեյվիդ Իգնատիուսին ներկայացնելով նախորդ շաբաթ Միացյալ Նահանգներ կատարած իր այցի նպատակները:
«Ես այստեղ եմ քննարկելու, թե ինչպես կարող ենք ամրապնդել ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները: Հնարավոր համագործակցության ոլորտները ներառում են անվտանգությունը, էներգետիկան, դիվանագիտությունը և տնտեսական հարաբերությունները: Հարաբերությունների հիմքում լինելու է «ժողովրդավարությունն ամրապնդում է ժողովրդավարությունը» սկզբունքը», – ասել է Արմեն Գրիգորյանը:
Հոդվածի հեղինակ Դեյվիդ Իգնատիուսը իր հերթին հավելում է, որ ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ սեպտեմբերի 17-ին, Հայաստանի դեմ Ադրբեջանի հարձակումից անմիջապես հետո Երևան կատարած այցը դարձավ կատալիզատոր ԱՄՆ-Երևան հարաբերությունների բարելավման համար:
Թե արդյոք հայ-ամերիկյան հարաբերությունների ընդլայնումը կտարածվի նաև ռազմական համագործակցության վրա՝ ըստ Դեյվիդ Իգնատիուսի, առայժմ մնում է անորոշ: Ամեն դեպքում հեղինակը հիշեցնում է, որ սեպտեմբերին Պենտագոն էր այցելել Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
«Հայաստանի զինված ուժերը, որոնք Ադրբեջանի հետ վերջին պատերազմում ծանր պարտություն կրեցին, ավելի լավ մարտական պատրաստության և սպառազինության կարիք ունեն: Բայց առայժմ Միացյալ Նահանգների կողմից ռազմական աջակցության տեսանելի նշաններ չկան», – գրում է սյունակագիրը:
Իգնատիուսի խոսքով՝ քանի որ «ուկրաինական ճահճի» մեջ խորանալու պատճառով Ռուսաստանը գնալով կորցնում է Հայաստանի և Ադրբեջանի տևական հակամարտությունը կարգավորելու իր ռազմական և դիվանագիտական կարողությունները՝ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի վարչակազմը փորձում է լրացնել դատարկ տարածությունը՝ միջնորդական ակտիվ ջանքեր գործադրելով այդ ուղղությամբ: Դրանցից մեկը Բայդենի խորհրդական Ջեյք Սալիվանի միջնորդությամբ Արմեն Գրիգորյանի և Հիքմեթ Հաջիևի միջև Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպումն էր, որը Սալիվանը բնութագրել էր իբրև «անմիջական և կառուցողական բանակցություններ»:
Ըստ Դեյվիդ Իգնատիուսի՝ Հայաստանի մյուս հարևանի՝ Թուրքիայի հետ հարաբերությունների հարցում նույնպես փոփոխության թույլ շողեր են առկայծում: Իգնատիուսը հիշեցնում է, որ Անկարան շարունակում է ժխտել 1915 թ. Հայոց ցեղասպանությունը՝ Հայոց պատմության ամենաողբերգական իրադարձությունը: Սակայն Արմեն Գրիգորյանն ասել է, որ «նորմալացման» գործընթացը Երևանի և Անկարայի միջև սկսվել է, և կողմերը սկզբունքորեն համաձայնության են հասել Հայաստան-Թուրքիա սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար բացելու սկզբունքների շուրջ:
«Մենք ակնկալում ենք, որ դա տեղի կունենա որքան հնարավոր է՝ շուտ», – ասել է Գրիգորյանը:
«Բայց, ինչպես միշտ, նման դիվանագիտական խաղերում սատանան մանրուքների մեջ է», – որպես վերջաբան հավելել է Դեյվիդ Իգնատիուսը:
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 26-ին այցելել էր Վաշինգտոն: Սեպտեմբերի 27-ին նա ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ Սպիտակ տանը հանդիպել էր Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ: Գրիգորյանը հանդիպումներ էր ունեցել նաև կոնգրեսական Ֆրենկ Փալոնի, ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Լաուրա Կուպերի, Կենտրոնական հետախուզական գործակալության՝ Լենգլիում գտնվող գլխամասային գրասենյակի ներկայացուցիչների, իսկ Քարնեգի հիմնադրամում՝ ամերիկացի ներկա և նախկին պաշտոնյաների, դեսպանների, հիմնադրամի և այլ վերլուծական կենտրոնների անդամների հետ:
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…