ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Ստրասբուրգում Եվրախորհրդարանի պատգամավորների հետ լիագումար նիստում անդրադարձել է սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածք ներխուժմանը:
«Մենք ականատես չենք լինում վիճելի տարածքում ռազմական գործողությունների շարունակությանը, այլ ավելի շուտ ականատես ենք լինում Հայաստանի տարածք ներխուժումների: Երկու երկրներն էլ միմյանց մեղադրում են հրադադարի ռեժիմը խախտելու մեջ, սակայն փաստն այն է, որ Ադրբեջանը ռմբակոծել և օկուպացրել է Հայաստանի տարածքի մի մասը այս տարածաշրջանում։
Սա բացարձակապես անընդունելի է։ Սա անհարգալից վերաբերմունք է միջազգայնորեն ճանաչված սահմանների նկատմամբ։ ԵՄ-ը կոչ է արել Ադրբեջանին հետաքննել ռազմագերիների սպանության կադրերը։ Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչները հավաստիացրել են, որ իրենք հետաքննություն կանցկացնեն»,- նշել է ելույթում Բորելը: