Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն առաջարկում է Բաքվի, Երևանի ու Թբիլիսիի մասնակցությամբ եռակողմ հարթակ ստեղծել՝ Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն ապահովելու համար։
Նախաձեռնության մասին նա հայտարարել է Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի շրջանակում՝ նշելով, որ այդ հարթակում կարող են քննարկվել նաև էներգետիկայի, կապի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
Անդրադառնալով երեկվանից քննարկվող հայ-թուրքական բանակցություններին, Ալիևը վստահեցրել է, որ աջակցում է Երևանի ու Անկարայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։
Հիշեցնենք՝ պաշտոնական Վրաստանը մի քանի անգամ հայտարարել է, որ պատրաստ է հարթակ տրամադրել հայ-ադրբեջանական բանակցությունների համար և դառնալ միջնորդ դրանց կայացման հարցում:














