«Ստիպված եմ հրապարակավ արձագանքել (առաջին և, հուսով եմ, վերջին անգամ) «Հայելի ակումբի» ղեկավարի կողմից իմ հասցեին հաճախակի հնչող վիրավորանքներին ու մեղադրանքներին (կարծում եմ՝ բոլորը ծանոթ են տ-ն Ա.Թովմասյանի խոսքի յուրահատուկ ոճին ու բառամթերքին):
Պնդում եմ իմ այն կարծիքը, որ «Հայելի ակումբն» արդեն տևական ժամանակ է, ինչ վերածվել է ատելություն, թշնամանք, ապատեղեկատվություն, կեղծիք, սադրանք, բռնության կոչեր, խուճապ, ադրբեջանական պրոպագանդիստական նարատիվներ տարածող «տեղեկատվական» հարթակի:
Նման բովանդակության սփռումը ստեղծում է թունավոր միջավայր, հոգեբանական վատ ազդեցություն է թողնում հանրության վրա, տանում է մարդկանց սոցիալական, քաղաքական, մշակութային դեգրադացիայի: Դա այդպես է, անկախ նրանից թե տ-ն Անժելան այդ ամենը գիտակցում է, թե՝ ոչ:
Անշուշտ, «Հայելի ակումբի» ղեկավարը ազատ է վարել իր ճաշակին համապատասխանող խմբագրական քաղաքականություն: Բայց յուրաքանչյուր, նույնիսկ ամենաժողովրդավար պետության ոչ միայն իրավունքն է, այլ նաև պարտավորությունն այդպիսի բովանդակությունը սահմանափակել կամ արգելափակել առնվազն լիցենզավորում պահանջող և վերահսկողության ներքո գտնվող, (մուլտիպլեքսներ, կաբելային ցանցեր) հանրային լայն սփռում ունեցող տեղեկատվական համակարգերում:
Պետությունները դիմում են այդ քայլերին երկրի անվտանգությունը պաշտպանելու, մարդկանց հոգևոր առողջությունը չվնասելու, հասարակությունում ընդունված արժեքային համակարգի և բարոյական նորմերի փլուզումը կանխելու, տեղեկատվական հոսքերում ապատեղեկատվությունը, սադրանքն ու ատելությունը նվազեցնելու համար:
Ուստի, ոչ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը, ոչ անձամբ ՀՌՀ նախագահը «Հայելի ակումբի» և նրա ղեկավարի «հետևից չեն ընկել», այդ «ակումբի տակ չեն մնացել» («ամենափափուկ» մեջբերումները տ-ն Անժելայի մի քանի օր առաջ հնչեցրած ելույթից): Իրավական տեսակետից Հանձնաժողովին չի հետաքրքրում տ-ն Անժելայի գործունեությունը համացանցում: Մենք մեր լիազորությունների շրջանակում վերահսկում ենք, որպեսզի հեռուստառադիոընկերությունները գործեն օրենսդրության և ինքնակարգավորման նորմերին համապատասխան:
Եվ հենց հեռարձակողներն են պատասխանատվություն կրում իրենց եթերի համար: Շատ պարզունակ համեմատություն անցկացնեմ. կարգավորող մարմինները կարգի են հրավիրում ոչ թե պորնոֆիլմի ռեժիսորին կամ դերասաններին, այլ պորնոֆիլմը ցուցադրող հեռուստատեսություններին:
Ուստի, տ-ն Անժելան կարող է հանգիստ շարունակել իր գործունեությունը, պարզապես, հեռարձակողների տիրույթից դուրս: Քանի հանրությունը հանդուրժում է նման բովանդակությունը, քանի օրենսդրությունը խոցելի է տեղեկատվական անվտանգության տեսակետից, քանի «Հայելի ակումբի» հյուրերի հոսքը չի դադարում, քանի ուժեր և անհատներ կան, որոնք պատրաստ են ֆինանսավորել չարությունն ու սադրանքը. տ-ն Անժելայի «բիզնեսը» պաշտպանված է:
Հ.Գ. Տեղադրում եմ «Հայելի ակումբի» հաղորդումների սքրինշոթերը (վերցված է տ-ն Անժելայի ֆեյսբուքյան էջից), որոնք մեկնաբանության կարիք չունեն: Հայաստանի քաղաքացիներին ուրիշ ոչ բովանդակություն «ակումբը» չի առաջարկում»,-գրել է ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը։
«Սուրմալու» առևտրի կենտրոնի հարակից տարածքում մետրոյի կայարանի համար մրցույթ կհայտարարվի. այս մասին հայտարարել է Երևանի…
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր նշել է, որ Երևանի ՏԻՄ օրենքի նոր նախագիծը շատ կարևոր…
Հայաստանի սահմանադրությունն ընդունվել է 1995թ.-ին: Առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավորները կհիշեն, թե նախագիծը հանրաքվեի դնելու…
Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…
Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…
Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…