Լրահոս 24/7

Մարուքյանը պատասխանել է Ադրբեջանի պաշտոնակցին

Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը պատասխանել է Ադրբեջանի հատուկ հանձնարարություններով դեսպան Փերվին Հայամ օղլու Միրզազադեին, որը օրեր առաջ իր «Թվիթերի» միկրոբլոգում հոդված էր հրապարակել, որտեղ անդրադարձել էր Մարուքյանի գործունեությանը՝ վիրավորական մեկնաբանություններ անելով.

«Ծանոթացա Ադրբեջանի ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպանի հոդվածին, որը նվիրված էր ինձ և «Թվիթերում» իմ որոշ հրապարակումներին:
Պարոն Միրզազադե, նախ, կարծում եմ, որ Դուք կեղծ տպավորություն եք ստացել վարվելակերպի նորմերի վերաբերյալ, որին ես հավատարիմ եմ, մասնավորապես, Ձեզ դիմելու ձևի հարցում։ Թվում է, թե նման թյուրիմացություն կարող է առաջանալ «Թվիթերում» առկա նորմերի Ձեր անտեղյակության պատճառով, որտեղ անունով կոչը կարծես սովորական երևույթ է: Ի դեպ, անգլերենում, որով գրվել է իմ հրապարակումը, ընդհանրապես բացակայում է «անուն-հայրանուն» շրջանառության ձևը»։

Իր պատասխանում Էդմոն Մարուքյանը վստահություն է հայտնել, որ տարածաշրջանում երկարաժամկետ և կայուն խաղաղության ճանապարհը կա, և դա Հայաստանի սուվերեն տարածքից ադրբեջանական զինծառայողներին դուրս բերելն է, բոլոր հայ ռազմագերիներին և պահվող անձանց վերադարձնելն է, Ալմա-Աթայի 1991 թվականի հռչակագրին և արձանագրությանը համապատասխան դելիմիտացիա իրականացնելն է, կողմերի սուվերենության հիմքի վրա կոմունիկացիաների բացումն է, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության, իրավունքների և ազատության երաշխավորումն է:

«Միևնույն ժամանակ խաղաղության ճանապարհ չեն կարող լինել սպառնալիքներն ու բռնությունը: Չնայած Ձեր ողջ հոդվածում կարմիր գծով անցնում են հենց հայ ժողովրդի հասցեին ուղղված սպառնալիքները, ինչը հատկապես ընդգծված է «գրավիչ» վերնագրով: Հիշեցնեմ, որ բոլորովին վերջերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրեց Սոչիի եռակողմ հայտարարությունը, որի շրջանակներում պայմանավորվել է զերծ մնալ ուժի և ուժի սպառնալիքի կիրառումից:

Խորապես հիասթափված եմ, որ արդեն այսօր Ձեր հայտարարությունները դուրս են եկել պայմանավորվածությունների շրջանակից, որոնց հասել է Ձեր իսկ կառավարությունը: Նաև ցավում եմ, որ, չնայած արտաքին գործերի նախարարությունում 33 տարվա աշխատանքին, Դուք հակված եք իրար հակասող եզրահանգումների: Մի կողմից Դուք խոսում եք տարիքով ավագների հանդեպ հարգանքի մասին, ինչն ընդունված է Կովկասում, իսկ մյուս կողմից Ձեզ հանգիստ իրավունք եք վերապահում անցնել անձնական վիրավորանքների: Ինչպես ասել է դասականը՝ «եթե ուզում եք հարգանք՝ մի սկսեք վիրավորանքներից»:

Սուտը, որը երբեմն դուրս է ցանկացած երևակայության սահմաններից, հաճախ կիրառվող գործիքներից մեկն է, որն օգտագործում եք Ձեր դատողություններում: Ռևանշիզմի, խաղաղասիրության բացակայության և այլ հորինված մեղադրանքների քողի տակ Դուք թաքցնում եք Ձեր ղեկավարության նոր ռազմական ագրեսիան արդարացնելու քաղցը: Նույն այդ քողի տակ Դուք փորձում եք թաքցնել Սումգայիթում և Բաքվում տասնյակ հազարավոր հայերի ջարդերը, որոնք ուղեկցվել են զանգվածային սպանություններով, թալանով և հրկիզումներով:

Դուք փորձում եք նաև մոռացության մատնել Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության նկատմամբ մշտական բռնությունը, ինչպես դա եղավ հակամարտության էսկալացիաների ընթացքում գրանցված ագրեսիաների ընթացքում՝  2016 թվականին և 2020 թվականին:

Դուք փորձում եք միջազգային իրավունքի մասին բառերի տակ թաքցնել խաղաղ մարդկանց սպանությունները, ռազմագերիներին պահելն ու գնդակահարելը, զոհված զինծառայողների և խաղաղ բնակիչների դիակները ծաղրելը, քաղաքացիական ենթակառուցվածքներ ոչնչացնելը, մշակութային և պատմական ժառանգության յուրացումն ու պղծումը: Երևում է՝ հենց այդպիսի մթնոլորտում են զարգացել պատմությունը խեղաթյուրելու և ամբողջությամբ վերաշարադրելու Ձեր մշտական փորձերը՝ հայկական քաղաքներն ու տարածքները յուրացնելու հատուկ ուղղվածությամբ:

Ընդգծեմ նաև Ձեր հոդվածի ամբողջական դիսոնանսը, երբ դատողություններ եք անում «սուվերենություն» հասկացության մասին: Մի կողմից Ձեզ համար Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանները հստակ ճանաչված ու պարզ են, երբ խոսք է գնում Արցախի ժողովրդի իրավունքների մասին, մյուս կողմից այդ սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի կարիք կա, երբ խոսք է գնում Հայաստանի սուվերեն տարածքների դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի մասին: Միթե՞ այդպես լինում է»,- ասված է Մարուքյանի պատասխան նամակում:

Էդմոն Մարուքյանը կրկնել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կա սահման, որոնք, ինչպես բազմիցս հաստատվել է, պետք է դելիմիտացվեն և դեմարկացվեն 1991 Ալմա-Աթայի հռչակագրին և արձանագրություններին համապատասխան: Նա հիշեցրել է, որ սահմանների դելիմիտացիայի համատեղ հանձնաժողովը ակտիվ աշխատանք է իրականացնում այդ ուղղությամբ: Ինչ վերաբերվում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, Էդմոն Մարուքյանն ակնհայտ է համարում, որ այդ հարցը երբեք էլ տարածքային վեճի բնույթ չի ունեցել:

«Եզրափակելով խոսքս՝ կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել, որ խաղաղության ճանապարհը բարդ է, սակայն այդ ճանապարհը կա: Ատելությունը, բռնությունը, սուտը և սպառնալիքները հակադրվում են խաղաղությանը, կյանքին, ճշմարտությանը և պայծառ ապագային: Հայ ժողովուրդը հազարամյակներով տարել է խաղաղապահության և արդարության խաչը և այսօր  չի պատրաստվում հրաժարվել իր ճանապարհից:

Ես հավատում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը, եթե կա բոլոր պայմանավորվածությունները իրագործելու և խաղաղության պայմանագիր կնքելու հստակ քաղաքական կամք: Կարող եմ վստահորեն փաստել, որ հայկական կողմն ունի մոտ ապագայում բոլոր պայմանավորվածությունները կյանքի կոչելու և խաղաղության պայմանագիր կնքելու ամուր քաղաքական կամք: Տեսնենք՝ Ադրբեջանն ունի այդ քաղաքական կամքը»,- եզրափակել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանը:

Թիվ 1

Recent Posts

Տարոն Աճեմօղլուն Նոբելյան մրցանակ է ստացել

Ինստիտուտների ձևավորումը և բարգավաճման վրա դրանց ազդեցությունն ուսումնասիրելու համար Տարոն Աճեմօղլուն, Սայմոն Ջոնսոնը և Ջեյմս…

8 mins ago

«Պոլոնեզից» մինչև «Օպտիմա». նոր գաղտնի փաստաթղթեր՝ Բելառուս-Ադրբեջան ռшզմական առևտրի մասին․ Hetq.am

«Հետքն» իր գործընկերոջից ստացել է Բելառուսի ու Ադրբեջանի ռազմական համագործակցության վերաբերյալ նոր գաղտնի փաստաթղթեր:  Այս…

19 mins ago

Երևանը շչակներ կնվիրաբերի

Երևանը Իջևան, Դիլիջան, Նոյեմբերյան և Բերդ խոշորացված համայնքներին ազդարարման շչակներ կնվիրաբերի. որոշման նախագիծն ընդգրկված է…

26 mins ago

Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին

Հոկտեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե…

26 mins ago

«Ադամ Շիֆը ներքին թշնամի է». Թրամփ

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դեմոկրատներին և մյուսներին, ովքեր իր դեմ հետաքննություն են ձեռնարկել, ներսի…

49 mins ago

Գյումրիի փոխքաղաքապետը ձերբակալվել է

Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդու գործով կա ձերբակալված. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ քննչական կոմիտեից։…

50 mins ago