Հայաստանի անվտանգության խորհրդի գրասենյակից հաստատել են տարածվող լուրերն Անվտանգության խորհրդի քարտուղարի ծառայողական ավտոմեքենայի վթարի մասին: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ Անվտանգության խորհրդի գրասենյակից հաստատել են՝ հայտնելով, որ վթարի հետևանքով տուժածներ չկան:
«Ինչպե՞ս կմեկնաբանեք այսօր վաղ առավոտից տարածվող տեղեկությունը, ըստ որի ԱԽ քարտուղարի ծառայողական մեքենան վթարի է ենթարկվել»,– հարցրել են «Արմենպրես»–ից, և ԱԽ գրասենյակից պատասխանել են.
– Տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, և բարեբախտաբար տուժածներ չկան: Դեպքից անմիջապես հետո իրականացվել է Քարտուղարի ծառայողական մեքենայի վարորդի սթափությունը պարզելու փորձաքննություն, ինչը փաստել է վարորդի սթափ լինելը: Հավելենք նաև, որ ԱԽ քարտուղարը ավտոմեքենայում չի եղել։














