Հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետը նախատեսվում է երկարաձգել մինչև 2036 թվականը, սակայն մինչև 2046 թվականը դրա շահագործումը շարունակելը տնտեսապես նպատակահարմար չէ։ Այս մասին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը։
Նրա խոսքով՝ Մեծամորի ատոմակայանի՝ մինչև 2031 թվականը շահագործումն ապահովելու համար անհրաժեշտ աշխատանքների մեծ մասն արդեն ամբողջությամբ իրականացվել է։
«Մասնագետները կասկած չունեն, որ կայանի շահագործման ժամկետը հաջողությամբ կերկարաձգվի մինչև 2036 թվականը»,- ասել է Լիխաչովը։
Նրա խոսքով՝ տեսականորեն կայանը հնարավոր է արդիականացնել և շահագործել մինչև 2046 թվականը, սակայն դրա համար անհրաժեշտ կլինի հարյուրավոր միլիոն դոլարների կապիտալ ներդրում։ Դրանք, մասնավորապես, կներառեն ռեակտորի կորպուսի կրկնակի թրծման և օգտագործված միջուկային վառելիքի պահման ավազանների ընդլայնման աշխատանքները։
Լիխաչովի գնահատմամբ՝ նման ծախսերը կարող են հանգեցնել սպառողների համար էլեկտրաէներգիայի արժեքի կրկնապատկմանը։ Այդ պատճառով, որպես այլընտրանք, «Ռոսատոմն» առաջարկում է կենտրոնանալ նոր ատոմակայանի կառուցման վրա։













