Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, որ հրասայլերի և այլ սպառազենի փոխանցումը Կիևին վկայում է այդ հակամարտությանն Արևմուտքի ուղղակի մասնակցության մասին:
Այդ մեկնաբանությամբ Պեսկովն արձագանքել է Ուկրաինային տասնյակ հրասայլեր փոխանցելու Միացյալ Նահանգների և Գերմանիայի որոշումներին:
«Եվրոպական մայրաքաղաքներում և Վաշինգտոնում մշտապես հավաստիացնում են, թե սպառազենի տրամադրումը չի նշանակում ներգրավում, բայց մենք կտրականապես դեմ ենք այդ մոտեցմանը: Նշված մայրաքաղաքների գործողություններն ուղղակի մասնակցության վկայություններ են, և այդ միտումը հետզհետե ուժեղանում է», – ասել է Պեսկովը:
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ասել է, որ արևմտյան հրասայլերի փոխադրումը Ռուսաստանի դեմ ուղղված հարձակողական սպառնալիք չէ, և դրա նպատակն է օգնել ուկրաինացիներին «բարելավել բաց տեղանքներում մանևրելու ունակությունը»:
Զելենսկին Արևմուտքից մեծ թվով հրասայլեր և այլ զրահատեխնիկա է խնդրել և այն անվանել է «երկաթե բռունցք», որն անհրաժեշտ է ռուսների պաշտպանական գծերը ճեղքելու և նրանց գրավյալ տարածքներից վտարելու համար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.azatutyun.am/a/32240772.html














