Լրահոս

Հավատում ենք, որ Հայոց բանակը պիտի վերագտնի փառքի իր ճանապարհը. Գարեգին Երկրորդ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Հայոց բանակի կազմավորման 31-րդ տարեդարձի առթիվ:

Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձում ասվում է.

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայոց բանակի օրվա առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքն ենք բերում Հայոց բանակի սպաներին ու զինվորներին և համայն մեր ժողովրդին:

Հայոց բանակը կազմավորվեց մեր անկախության վերահաստատման տարիներին, դարձավ պատվարն ու պահապանը հայոց վերածնյալ պետականության, երաշխավորը մեր ժողովրդի խաղաղ ու անվտանգ կյանքի: Մեր խիզախ զորավարների ու զինվորների քաջագործություններով, նաև բանակին սատարող մեր ժողովրդի պայքարով ազատագրվեց Արցախ աշխարհը, և արցախահայությունը իր անկախ կյանքը կառուցելու հնարավորությունն ունեցավ։

Արցախյան 44-օրյա աղետալի պատերազմը, անցյալ տարվա սեպտեմբերին Հայաստանի սահմանների նկատմամբ ոտնձգությունները, հառնած մարտահրավերները և պաշտպանական լրջագույն հիմնահարցերը նոր հրամայականների առջև են կանգնեցրել մեր երկիրն ու ժողովրդին։ Այս ծանր իրավիճակում առաջնային և հրատապ է բանակի արդիականացումը՝ ժամանակի չափանիշներին ու պահանջներին համապատասխան։ Առաջնային և հրատապ է ազգային ողջ ներուժի համախմբումը, որպեսզի Հայոց բանակը շուտափույթ հաղթահարի պատերազմի պատճառած աղետալի հետևանքները, ամոքում գտնեն անդառնալի կորուստների վերքերն ու ցավերը, և բացառվեն այնպիսի ողբերգություններ, որ ապրեցինք շաբաթներ առաջ։ Հավատում ենք, որ Հայոց բանակը պիտի վերագտնի փառքի իր ճանապարհը և կարող լինի աննկուն ու հաղթական իրագործել իր սրբազան առաքելությունը:

Ի խորոց սրտի աղոթում ենք հայրենիքի պաշտպանության համար նահատակության պսակն ընդունած բոլոր քաջորդիների համար։ Հայցում ենք Երկնավորից, որ մխիթարություն պարգևի կորուստներից ու վշտերից բեկված հոգիներին: Թող Ամենակալն Աստված Իր պահպանությունն ու զորակցությունը շնորհի Հայոց բանակի քաջարի զինվորներին ու հրամանատարական կազմին, խաղաղություն ու բարօրություն՝ Հայաստան ու Արցախ մեր հայրենիքին և աշխարհասփյուռ մեր ժողովրդին։

«Շնորհք ընդ ձեզ եւ խաղաղութիւն յԱստուծոյ Հօրէ մերմէ եւ ի Տեառնէ Յիսուսէ Քրիստոսէ» (Հռոմ. 1.7) այսօր և միշտ. ամէն»։

Թիվ 1

Recent Posts

Կամ ՌԴ-ն չի կարողանում պարտադրել Ալիևին կատարել պայմանավորվածությունները, կամ պարզապես չի ուզում

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. «Բաքվում պահվող հայ գերիների հարցը բացահայտում է…

2 hours ago

Քննարկվել են Հայաստան-Լատվիա երկկողմ օրակարգին առնչվող հարցեր

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման…

4 hours ago

Վճռաբեկ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանավորումը

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր…

4 hours ago

ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում

Մարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման…

5 hours ago

Մկրտչյանը հանդիպել է Չեռնոգորիայի մարդու և ազգային փոքրամասնությունների իրավունքների նախարարի հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի մարդու և…

5 hours ago

Քննարկել են խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել…

5 hours ago