Գլխավոր դատախազությունը 2022 թվականի հոկտեմբերի 21-ին տեղեկացրել էր, որ Հակակոռուպցիոն դատարանը 28 անձի վերաբերյալ կայացրել է մեղադրական դատավճիռ՝ կաշառքի դիմաց վարորդական իրավունքի վկայականներն ապօրինի ձեռք բերելու համար:
Դատախազությունից հայտնում են, որ վերոնշյալ անձինք մեղավոր են ճանաչվել մեղսագրվող արարքի կատարման մեջ և դատապարտվել են տարբեր չափերի տուգանքների:
Գլխավոր դատախազությունը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով նախատեսված կարգով, 2022 թվականի դեկտեմբերի 19-ին դիմել էր Ոստիկանություն (ներկայում՝ Ներքին գործերի նախարարություն)՝ քաղաքացիների կողմից ապօրինի ձեռք բերված վարորդական իրավունքի վկայականներն անվավեր ճանաչելու միջնորդությամբ:
Հիմք ընդունելով Հակակոռուպցիոն դատարանի դատավճիռը և Դատախազության միջնորդությունը՝ Ոստիկանությունը (ՆԳՆ) ուժը կորցրած է ճանաչել մեղադրյալների վարորդական վկայականները. դրանց վերաբերյալ համապատասխան նշում է կատարվել Ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային ռեգիստրում: