Գլխավոր
21.02.2023

Ալիևը հայտնվել է փակուղում հենց Լաչինի հարցով․ Ա․ Բլեյան

Ալիևը հայտնվել է փակուղում հենց Լաչինի հարցով․ Ա․ Բլեյան

Փետրվարի 18-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ Մյունխենի անվտանգության 59-րդ համաժողովի շրջանակներում տեղի ունեցավ Հարավային Կովկասի հարցերով պանելային քննարկում: 

Տեղի ունեցած քննարկման վերաբերյալ Թիվ 1-ը զրուցել է «Հանուն Հանրապետության» կուսակցության անդամ Առնլոդ Բլեյանի հետ:

-Պարոն Բլեյան, ինչ կարևոր արձանագրումներ կարող ենք անել այս հանդիպումից:

-Առաջին արձանագրումը՝  նախագահ Մակրոնի ելույթն էր, որում ի թիվս այլ կարևոր հանգամանքների, որոնք հիմնականում վերաբերում էին ռուս-ուկրաինական պատերազմին, բացահայտ և ի լուր աշխարհի կրկին խոսվեց  որ Ֆրանսիան, որը հանդիսանում է Եվրոմիության լոկոմոտիվ երկիրը և միջուկային տերություն՝ Հայաստանի կողքին է․ դա շատ կարևոր արձանագրում է: 

Երկրորդ արձանագրումը հիմնականում եղավ հարավկովկասյան շրջանակներում երեք նախագահների՝ Փաշինյանի, Ղարիբաշվիլիի, Ալիևի հետ համատեղ քննարկման արդյունքում: Թերևս նախագահ Ալիևը ճիշտ չէր հաշվարկել, և առ այսօր ճիշտ չի ընկալում ինչի մասին է ռուս-ուկրաինական պատերազմը․ որ իրականում Ռուսաստանը ձեռնոց է նետել գործող աշխարհակարգին, որը ձևավորվել է 2-րդ  աշխարհամարտից հետո, որի բուն նպատակը՝ թույլ չտալ այլ երկրների՝ հիմնականում գերտերությունների, ուժի  սպառնալիքով հարցեր լուծեն, այդ թվում տարածքային ամբողջականության, ազգերի ինքնորոշման հարցերով: 

Եվ կոլեկտիվ Արևմուտքի արձագանքը հենց դրա մասին է, և ըստ էության Ալիևը փորձում էր բոլորին համոզել՝ օգտագործելով հռետորաբանություն, որը չի ընդունվում այդ նույն կոլեկտիվ Արևմուտքի մոտ։ Եվ կարող ենք նաև ասել, որ Փաշինյանի կողմից շատ ավելի լավ ելույթ ստացվեց, քան նախորդած նմանատիպ հանդիպմանը: Մենք հիշում ենք Փաշինյան-Ալիև հանդիպում եղավ, որը չի կարելի ասել, որ այդքան էլ դրական ազդեցություն ունեցավ, բայց այս անգամ բոլոր թերացումներով հանդերձ, վարչապետի մոտ ավելի լավ ստացվեց ճիշտ մեսիջներ հղել։ 

-Հայաստանի կողմից ի՞նչ կարևոր արձանագրումներ արվեց, և ի՞նչ մեսիջներ հղվեց աշխարհին։ 

-Կարևոր մեսիջներն այն է, որ ՀՀ-ն ժողովրդավար երկիր է: Մենք գիտենք, որ Վրաստանի իշխանությունների նկատմամբ մի փոքր թերահավատություն կա իրենց ժողովրդավարական նկրտումների հանդեպ, և այսօր Հայաստանը տարածաշրջանային ժողովրդավարության բաստիոնն է: 

Եվ վարչապետի խոսքը հենց դրա մասին էր՝ մենք չտեսանք որևէ ռազմատենչական հռետորաբանություն, հակառակը՝ տեսանք, որ նա փորձում էր ներկաներին և Ալիևին հորդորել, որ չգնա այդ ուղղությամբ: 

Շատ կարևոր արձանագրումներ եղան նաև Լաչինի միջանցքի մասին: Այստեղ նաև հետաքրքիր էր Ալիևի ճեպազրույցում արված այն հայտարարությունը, որ կարծես թե նա համաձայն է հետքայլ կատարել՝ իր զանգեզուրյան նկրտումներում և համաձայնվել  տեղադրել անցակետ, բայց նա դա արդեն կապում է Լաչինի հետ: Ինքն ասում է, եթե պիտի լինի անցակետ՝ Զանգեզուրում, ապա թող լինի նաև Լաչինում: Ալիևը հայտնվել է փակուղում հենց Լաչինի հարցով, ի դեպ՝ շատ կարևոր հարցադրում էր հենց մոդերատորի կողմից, որ «Խնդրեմ, նախագահ Ալիև, միգուցե դու՞ք էլ կարող եք մարդակային որևէ ժեստ անել»: 

Մենք տեսանք դրական ժեստ Հայաստանի կողմից՝ մարդասիրական օգնություն Թուրքիային, ընդ որում՝ երկու անգամ․ Փաշինյանն ասաց, որ պատրաստ են նորից ուղարկել, իսկ Ալիևը կարող էր օգտվել դրանից, և նույնպես նմանատիպ քայլ կատարել: Բայց մենք նաև հասկանում ենք, որ Ալիևը միանձնյա չի որոշում, և ընդհանրապես Ալիևի  քաղաքական լծակները սակավաթիվ են, և նա չունի Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարների աջակցությունը: 

ՌԴ-ի պարագայում այն օրեցօր նվազում է, քանի որ Ռուսաստանի ղեկավարության դիրքերը գնալով թուլանում են Ուկրաինայի դեմ ռազմաճակատում, այսօր էլ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարեց, որ մոտ 700 տանկ են ուղարկելու, ի թիվս այլ ռազմական օգնության, որը նախատեսվում էր կոլելկտիվ Արևմուտքի կողմից՝ Ուկրաինային: 

Մենք տեսնում ենք, որ Թուրքիայի դիրքերն են թուլանում՝ պայմանավորված երկրաշարժով՝ 80-ից 100 մլրդ. դոլարի տնտեսական վնաս է կրում, իսկ թուրքական տնտեսությունը առանց այն էլ բարվոք վիճակում չէր, և Թուրքիան չի կարող հաղթահարել նմանատիպ դժվարություններն առանց Արևմուտքի աջակցության, իսկ ինքը՝ Ռուսաստանն էլ ի վիճակի չէ Թուրքիային օգնել այդ հարցում: 

Բացի դրանից՝ զոհերի թիվը կարող է հասնել 100 հազարի, քանի որ այդ թիվն ամեն օր ավելանում է, քաղաքաներ, գյուղեր կան որտեղ դեռ չեն էլ սկսվել որոնողափրկարարական աշխատանքները, և հետևաբար՝ Թուրքիան կսկսի շատ ավելի Արևմուտքի դաշտում խաղալ: Ես վստահ եմ, որ մենք կլսենք Շվեդիայի և Ֆինլանդիայի հարցում թուրքական դիրքորոշման փոփոխության մասին, որը կազդի նաև Հունգարիայի դիրքորոշման վրա:

-Երբ մոնիթորինգ ենք իրականցնում այս քննարկման վերաբերյալ, թե ի՞նչ են գրել համացանցում, մի մասը պնդում էր, որ վարչապետ Փաշինյանը բավականին լավ հանդես եկավ, մյուս մասն էլ ընդհակառակը՝ խայտառակ ելույթ էր: Եթե մենք դետալ առ դետալ վերլուծենք, որտե՞ղ էր, որ Նիկոլ Փաշինյանը լավ ելույթ ունեցավ, պնդումներն էլ փաստարկված էին և որտե՞ղ էր, որ թերացավ և կարող էր ավելի լավ հակափաստարկներ բերել:

-Իրականում մենք չգիտենք, թե կոնկրետ ինչի՞ մասին են իրենք խոսել այս քննարկմանը նախորդած՝ Բլինքենի հետ հանդիպման ժամանակ: Միգուցե եկել են շատ կարևոր համաձայնությունների, և լրացուցիչ հռետորաբանությունը Փաշինյանի կողմից կարող էր խաթարել Ալիևի այդ պատրաստակամությունը՝ գնալ այն համաձայնությունների կատարման ուղղությամբ, որոնք իրենք ձեռք են բերել Բլինքենի հետ միաժամանակ: 

Ես այնտեղ նկատեցի Փաշինյանի կողմից զգուշավորություն, որպեսզի լրացուցիչ անգամ չլարեր իրավիճակը, բայց միևնույն ժամանակ ես նկատեցի Փաշինյանի կողմից ավելի ինքնավստահ ելույթ: 

Ի վերջո՝ Ալիևի նկրտումները հայ-ադրբեջանական սահմանի վերաբերյալ եվրոմիության դիտորդների տեղակայվելուց հետո, որը տեղի ունեցավ արդեն երեկ, իհարկե չենք կարող ամբողջությամբ բացառել, բայց կարելի է ասել՝ ի չիք են դարձել, և ես չեմ պատկերացնում, որ օրինակ, Ալիևը կկարողանա գնալ նմանատիպ լայնամասշտաբ էսկալացիայի, պրովոկացիայի, որին նա գնաց սեպտեմբերյան իրադարձությունների ժամանակ: 

Հիմա այստեղ շատ ավելի կարևոր է, թե ի վերջո ի՞նչ է լինելու Արցախի հետ: Կարծում եմ՝ ճիշտ էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից չանդրադառնալը Ռուբեն Վարդանյանի գործոնին, որովհետև իրականում Վարդանյանի մասին Ալիևի ելույթն ավելի շատ հռետորաբանություն էր, թե իբր նա պայքարում է հակառուսականության դեմ, իհարկե ես չեմ ասում, որ դա այդպես չէ, բայց իր հիմնական նպատակը՝ ցույց տալ Արևմուտքին և բոլոր ներկաներին, որ նա նույն իրավիճակում է՝ ինչ Ուկրաինան, նա պայքարում է իր տարածքի համար, բայց դա չի գնվում Արևմուտքի կողմից և դա շատ կարևոր արձանագրում է:

Ես նշեմ նաև, որ այժմ շատ կարևոր է հայ-ֆրանսիական և հայ-ամերիկյան հարաբերությունները հնարավորինս արագ դարձնել ռազմավարական, որովհետև մենք որքան էլ ապավինենք հնդկական զենքին, սպառազինությանը, հասկանում ենք, որ դրա՝ պրակտիկայում կիրառելը երկրաժամկետ պրոցես է: Որոշ զինտեսակներ ժամանակ է պահանջում մինչև 2 տարի սովորելու, կամ մինչ այդ սպառազինությունը կհասնի մեզ, իհարկե մեզ տվել են 2 տարի ժամանակ, բայց շատ կարևոր է ունենալ դաշնակցային այնպիսի համաձայնություններ, որոնք ընդհանրապես կբացառեն Ալիևի որևէ նկրտումներ, որպեսզի նույնիսկ մտքով չանցնի, որ կարող է գնալ սանձազերծության: 

Բայց միևնույն ժամանակ այն երկրները, որոնք ես նշեցի, չեն գնա համաձայնությունների կնքման ինչ-որ մի երկրի հետ, քանի դեռ այդ երկիրը չի ձգտում իր մարտական և անվատանգային մակարդակը բարձրացնել, և հետևաբար այստեղ շատ լուրջ աշխատանք է պետք տանել: 

Բայց ամենակարևոր աշխատանքը, որը պետք է կատարել, և որը ես ընդհանրապես չեմ տեսնում, դա Հայաստանի ներսում գործակալական ցանցերի մաքրումն է, մեզ շատ դժվար ժամանակներ են սպասվում: ԵՄ դիտորդները կարող են դիտել հայ-ադրբեջանական սահմանը, բայց ովքեր են դիտելու, «զսպելու կամ պաշտպանելու» Հայաստանի քաղաքացուն այն արհավիրքից, որը կարող է այստեղ իրագործել հինգերորդ շարասյունը: 

Եվ մենք գիտենք, որ ՀՀ-ում սփռված են գործակալական ցանցեր, և իրենք 90 տոկոսանոց մակարդակով ուղղորդվում են միայն մեկ կենտրոնից, որը կոչված է մեր ռազմավարական դաշնակիցը: Եվ այդ առումով դա Հայաստանի ամենացավալի ու ամենաթույլ կողմն է, և որևէ աշխատանք այդ ուղղությամբ չի տարվում: Նույն Ուկրաինան չէր կարողանա ունենալ այն հաջողությունը, որն ունի այս պահին, եթե նա չմաքրեր, չզտեր իր երկիրը այդ սպառնալիք կազմող 5-րդ շարասյունից:

Մերի Մանուկյան 

Լրահոս
Այս մարդը կամ կրետին է, կամ հայաստանյան հանրությանն է կրետինի տեղ դրել. Վահրամ Աթանեսյան
23:34
Այս մարդը կամ կրետին է, կամ հայաստանյան հանրությանն է կրետինի տեղ դրել. Վահրամ Աթանեսյան
FlyOne Armenia-ն Airbus ընկերությունից ձեռք կբերի A321-200NX տիպի երկու օդանավ
17:22
FlyOne Armenia-ն Airbus ընկերությունից ձեռք կբերի A321-200NX տիպի երկու օդանավ
«Ալիևի մեսիջներն ուղղված են Եվրոպական պառլամենտին»․ Խաչատուր Սուքիասյան
16:35
«Ալիևի մեսիջներն ուղղված են Եվրոպական պառլամենտին»․ Խաչատուր Սուքիասյան
ՀՀ-ում կվերացվի պետական պաշտոն զբաղեցնելու առավելագույն՝ 65 տարեկան տարիքային սահմանափակումը
16:22
ՀՀ-ում կվերացվի պետական պաշտոն զբաղեցնելու առավելագույն՝ 65 տարեկան տարիքային սահմանափակումը
Իշխանությունը 2 տեսակի նախընտրական վախ է տարածում․ Արման Թաթոյան
16:06
Իշխանությունը 2 տեսակի նախընտրական վախ է տարածում․ Արման Թաթոյան
«Ցավալի է ՀՀ իշխանությունների կողմից անարձագանք թողնելը»․ Գառնիկ Դանիելյան
15:49
«Ցավալի է ՀՀ իշխանությունների կողմից անարձագանք թողնելը»․ Գառնիկ Դանիելյան
Ֆրանսիան և նախագահ Մակրոնը կանգնել են Հայաստանի կողքին. վարչապետ
15:34
Ֆրանսիան և նախագահ Մակրոնը կանգնել են Հայաստանի կողքին. վարչապետ
Մարտին Գալստյանն ընտրվեց ԿԲ նախագահի պաշտոնում
15:13
Մարտին Գալստյանն ընտրվեց ԿԲ նախագահի պաշտոնում
Ռուսաստանը լքեց Հայաստանին. Մակրոն
14:39
Ռուսաստանը լքեց Հայաստանին. Մակրոն
Իրանի դեմ պատերազմը էական վնաս չի հասցրել նրա միջուկային ծրագրին. Reuters
14:15
Իրանի դեմ պատերազմը էական վնաս չի հասցրել նրա միջուկային ծրագրին. Reuters
Երկիրը կարող է լինել նույն աշխարհագրական կոորդինատների ներքո, բայց աշխարհագրական դիրքը փոխվի. վարչապետ
13:46
Երկիրը կարող է լինել նույն աշխարհագրական կոորդինատների ներքո, բայց աշխարհագրական դիրքը փոխվի. վարչապետ
Փաստորեն ԵՄ որոշ ղեկավարների գնահատմամբ, ուրիշ ազգի և պետության շահերը դավաճանելը խիզախություն է
13:28
Փաստորեն ԵՄ որոշ ղեկավարների գնահատմամբ, ուրիշ ազգի և պետության շահերը դավաճանելը խիզախություն է
Հայաստանը Հարավային Կովկասում մեր հիմնական հենասյունն է. Կալլաս
13:06
Հայաստանը Հարավային Կովկասում մեր հիմնական հենասյունն է. Կալլաս
Կասկադի ծրագիրը բաղկացած է երկու հիմնական բաղադրիչից. Սոնա Թևանյան
12:41
Կասկադի ծրագիրը բաղկացած է երկու հիմնական բաղադրիչից. Սոնա Թևանյան
Նոր գնված 45 տրոլեյբուսից 22-ն արդեն Երևանում է. քաղաքապետ
12:28
Նոր գնված 45 տրոլեյբուսից 22-ն արդեն Երևանում է. քաղաքապետ