Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից․ քաղաքական պատճառներն ու փաստարկումները ժամանակի քննության մեջ կհիմնավորվեն կամ ի չիք կդառնան․ բայց որ իրական հարցադրումներ կան, թե որքանո՞վ էր արդյունավետ նրա պաշտոնավարումը Լեռնային Ղարաբաղում և ի՞նչ իրողություններ ի հայտ եկան այս ընթացքում՝ առաջին հերթին Արցախի ներքաղաքական կյանքում և Ստեփանակերտ-Երևան հարաբերություններում․ անվիճելի է։
Լայն կապեր ու լայն հնարավորություններ ունեցող հանրային գործիչ, գործարար Վարդանյանը Արցախ տեղափոխվելու մտադրության մասին հայտարարեց 2022 թվականի սեպտեմբերի 1-ին։ Այդ կապակցությամբ նա տեսաուղերձով հանդես եկավ և նշեց, որ «Արցախ տեղափոխվելու դժվարին որոշում է կայացրել»։
«Արցախցիներից շատերն այսօր գտնվում են վատ հոգեբանական վիճակում։ Ցավոք, վերջին երկու տարիների իրադարձությունների պատճառով շատերին այստեղ թվում է, որ իրենք լքված են, ոչ մեկին պետք չեն։ Սա անընդունելի է։ 2020 թվականի պատերազմից հետո մենք՝ ողջ աշխարհի հայերս, պարտավոր ենք լինել Արցախի ժողովրդի կողքին»,- այն ժամանակ հայտարարեց Վարդանյանը։
Նրա խոսքով, Հայաստանի և Արցախի «հարեւանները շատ ու հաճախ օգտագործում են ագրեսիվ հռետորաբանություն։
«Ես ուզում եմ նրանց ասել՝ մի արեք: Որքան շատ եք սեղմում զսպանակը, այդքան ուժեղ է լինելու բումերանգի էֆեկտը: Մենք պետք է անցնենք ատելության աստիճանը աստիճանաբար իջեցնելու դժվարին ճանապարհով»,- նշել էր սոցիալական ձեռներեցը։
Վարդանյանը տեղեկացրեց նաև մեկ այլ որոշման, ըստ որի՝ Ռուսաստանին երախտապարտ լինելով հանդերձ՝ ինքը հրաժարվում է ՌԴ քաղաքացիությունից և ԼՂ է տեղափոխվելու որպես ՀՀ քաղաքացի։
«Այսօր մենք ապրում ենք գոյաբանական Սարդարապատ, եւ եթե բոլոր ոչ անտարբեր մարդիկ միմյանց չօգնեն, մենք կկորցնենք մեր ապագան»,-եզրափակել էր Վարդանյանը։
Արցախի ու արցախահայության ապագայով մտահոգ Վարդանյանի այս քայլն ու որոշումը, ինչ խոսք, գնահատանքի է արժանի և այդպես էլ եղավ։ Շատերը, այդ թվում՝ Արցախում, Հայաստանում և ինչու չէ՝ հայկական սփյուռքում դրվատանքով խոսեցին հայտնի գործչի հայրենասիրական ու գործնական ժեստի մասին՝ ակնկալելով, որ նրա շնորհիվ Արցախում հետպատերազմական կյանքը դրվելու է կայունացման և զարգացման բնականոն ռելսերի վրա՝ Մայր հայրենիքի ու ՀՀ իշխանությունների հետ սերտ գործակցությամբ։
Նախքան 2022 թ․ նոյեմբերի 4-ին լայն լիազորություններով և իրավասություններով Արցախի պետական նախարար նշանակվելը, սակայն, տեղի ունեցավ մի ուշագրավ բան, որի շուրջ, թերևս, նախանշվեց ոչ թե Արցախի ապագան, այլ Ռուբեն Վարդանյանի՝ ղարաբաղյան գործունեության ապագայի դոկտրինը։
2022 սեպտեմբերի 15-ին Ռուբեն Վարդանյանը հանդես եկավ ՀՀ իշխանությունների սուր քննադատությամբ․
«Ես հասկանում եմ, որ այս պատերազմում ներքաշված են շատերը, այդ թվում՝ Հայաստանի ղեկավարությունը: Ինձ համար անընդունելի է նաեւ, որ Արցախի հարցի առաջնահերթությունը, մեր հայրենակիցների ճակատագիրը եւ շատ կարեւոր այլ արժեքներ նրանց համար վերջին տեղում են։ Ակնհայտ է, որ իշխանությունները չեն կարողանում հաջողել ո՛չ պաշտպանության, ո՛չ դիվանագիտության մեջ, ո’չ տեղեկատվական պատերազմում եւ, ամենակարեւորը` չեն կարողանում վտանգի պահին համախմբել հասարակությունը»։
Վարդանյանի հայտարարությունն, ինչպես ասում են, «ամպրոպ էր՝ խաղաղ երկնքում», մանավանդ, որ հեռահար հավակնություններ ունեցող գործիչը թիրախավորվեց Արցախի անվտանգության գլխավոր ու միակ երաշխավոր Հայաստանի վրա՝ ի դեմս իշխանությունների։
Ճիշտ է, նույն հայտարարության մեջ փորձեց որոշակիորեն քողարկել իր վերաբերմունքը՝ նշելով, որ «պատերազմի ժամանակ անթույլատրելի է վտանգել սեփական երկրի իշխանությունների լեգիտիմությունը` ինչպիսին էլ որ դրանք լինեն»: Նա նաև անընդունելի համարեց ՀՀ իշխանություններին դավաճանության մեջ մեղադրելը, ընդդիմության հանրահավաքներին միանալն ու հրաժարական պահանջելը:
Բայց, ինչպես ցույց տվեց ապագան (որի մասին շատ է սիրում խոսել և ակնարկել Վարդանյանը), հայտնի գործարարը գործնականում հավաստեց, որ ՀՀ իշխանություններին քննադատելու կուրսը օրինաչափություն է՝ ընդորում, դրա տողատակերը տեսանելի են նաև համաշխարհային ազդեցիկ լրատվամիջոցների հետ նրա հարցազրույցներում, որքան էլ Արցախի պետնախարարը փորձի հերքել այդ ամենը։ Այս տարվա հունվարին BBC-ի հետ հարցազրույցում, օրինակ, Վարդանյանը «շահարկում» էր որակել Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև լարված հարաբերությունների մասին խոսակցությունները։
Մասնավորապես լրագրողի այն հարցին, թե «Հայաստանի կառավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այժմ խիստ քննադատաբար է վերաբերվում Մոսկվային՝ մեղադրելով ռուս խաղաղապահներին իրենց պարտականությունները չկատարելու մեջ։ Բայց դուք, հետաքրքիր է, շատ ավելի քիչ եք քննադատում Մոսկվային։ Ինչո՞ւ», Վարդանյանը պատասխանել էր
«Ես նման տեղեկատվության չեմ տիրապետում։ Եվ, ի դեպ, մեր երկրում գլխավոր մարդը նախագահն է։ Եվ նա միշտ լավ հարաբերություններ է ունեցել վարչապետի (Հայաստանի) հետ։ Ես չգիտեմ, թե ինչի մասին եք խոսում։ Սա շահարկում է, կարծում եմ՝ իմաստ չունի մեր զրույցում քննարկել կամ անդրադառնալ դրան»։
Բայց հետագա զարգացումներն այլ իրականություն են պատկերում։ Այս համատեքստում հարկ է հիշատակել հետևյալը․ պաշտոն ստանալուց հետո Ռուբեն Վարդանյանն, ըստ էության, կիսեց իշխանությունը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, ինչը շատերի կարծիքով Ղարաբաղում ստեղծեց ներքաղաքական պառակտվածություն, երկիշխանություն։ Ամբողջացնելու համար պատկերը և համադրելով Հայաստանից ու Արցախից հնչող քաղաքական արձագանքները՝ կարելի է փաստել, որ նա այս պահին դարձել է «Persona non grata»` ոչ ցանկալի անձ թե՛ ղարաբաղյան, և թե՛ հայաստանյան շրջանակների համար։
Մեկ այլ ուշագրավ փաստ․ 2022 թ․ դեկտեմբերի 12-ին ադրբեջանցի կեղծ բնապահպանների կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումից հետո համատեղության կարգով նաև Արցախի օպերատիվ շտաբի ղեկավար նշանակված Վարդանյանը «Ռուսարմինֆոյի» եթերում հայտարարեց․
«Ես տեսնում եմ, որ բազմաթիվ մարդիկ տարբեր երկրներում արձագանքում են, բայց պետությունների, միջազգային կազմակերպությունների մակարդակով պատշաճ արձագանք չկա: Չնայած, հեռու գնալ պետք չէ, Հայաստանն ինքն էլ չի արձագանքում, և նման անտարբերություն կամ զգուշավորություն ես չէի սպասում»,- նշել էր Արցախի պետնախարարը:
Մասմեդիայի հետ շփումների մեծ սիրահար Վարդանյանը նաև զարմանք էր հայտնել, որ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը, լինելով պետական հեռուստաալիք, ոչ մի անգամ իրեն կամ Արցախի իշխանության այլ ներկայացուցիչների չի հրավիրել հարցազրույցի:
«Հայաստանը, ստորագրելով եռակողմ հայտարարություն Ադրբեջանի և Ռուսաստանի հետ, չի պահանջում դրա կատարում: Ադրբեջանը, համապատասխանաբար, խախտում է դրա դրույթները, իսկ Ռուսաստանը Հայաստանի լռության ֆոնին չի կատարում իր պարտավորությունները: Բոլորը հանգիստ հետևում են կատարվողին: Բայց ուզում եմ ձեզ ասել. 30 հազար երեխաներ ամեն օր ձեզ կայցելեն ձեր երազներում»,-նույն հարցազրույցում հայտարարել էր Վարդանյանը:
Թե ով ինչ կտեսնի երազում ու թե ո՞վ ինչ երազանքներ ուներ Ռուբեն Վարդանյանի Արցախ տեղափոխվելու և նրա պաշտոնավարման հետ կապված, թերևս, կարևոր չէ այս պահին, որովհետև ճշմարտությունն ու համազգային շահերը, առանց ավելորդ պաթոսի և վերամբարձության, ենթադրում են մեկ բան՝ Արցախում ղեկավար չի կարող լինել մի մարդ, ով սեպ է խրում Ստեփանակերտի և Երևանի միջև։
Դավիթ Հակոբյան

















