Ակնհայտ է, որ նմանօրինակ գործողություններով Ադրբեջանը հետապնդում է Արցախի ժողովրդի էթնիկ զտման նպատակ՝ «չկա հայ Արցախում, չկա խնդիր» տրամաբանությամբ:
Այս մասին փետրվարի 23-ին Արցախի Հանրապետության կառավարության նիստում հրապարակած ուղերձում ասել է Նախագահ Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով Արցախի շրջափակմամբ Ադրբեջանի հետապնդած կարճաժամկետ ու երկարաժամկետ նպատակներին:
«Իսկ ավելի միջնաժամկետ ու կարճաժամկետ կտրվածքում Ադրբեջանը նպատակ ունի նոր կենսական զիջումներ կորզել Արցախից ու Հայաստանից, փլուզել Արցախի ինքնիշխանությունը, տնտեսությունը, մեծացնել մեր կախվածությունն իրենցից, հոգեբանական ահաբեկչությամբ խթանել արտագաղթը և այլն, և այլն»,- հավելել է երկրի ղեկավարը՝ նշելով, որ հայկական, անկախ ու անվտանգ Արցախի պահպանումն ու ամրապնդումը ռազմավարական նպատակ է, իսկ այս փուլի գլխավոր նպատակը ադրբեջանական սադրանքներին վճռականորեն դիմակայելն է, որպեսզի թույլ չտրվի էթնիկ զտման քաղաքականության հաջողումը:
«Այդ ճանապարհին կարևոր նպատակներից է նաև մեր կենսական շահերի ու կարմիր գծերի պաշտպանությունը:
Ուժի ապօրինի կիրառման արդյունքում 2020 թվականին ստեղծված իրավիճակը չի կարող և չպիտի ճանաչվի որպես հակամարտության համընդգրկուն կարգավորման մեկնակետ։ Արցախի Հանրապետության կարգավիճակն առաջվա պես կարիք ունի միջազգային ճանաչման՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը հարգելու հիման վրա»,- համոզմունք հայտնեց Հանրապետության նախագահը՝ շեշտելով, որ պայքարի գլխավոր միջոցն Արցախում հաստատակամորեն ապրելն է՝ առանց տրվելու հոգեբանական ճնշման տարաբնույթ սադրանքներին:
Երկրորդ նպատակն, ըստ Նախագահի, կենսական շահերի ու կարմիր գծերի անկոտրում պաշտպանությունն է՝ թույլ չտալով դրանց անդառնալի ոտնահարումը, իսկ երրորդը՝ Ադրբեջանի հանդեպ միջազգային գործնական ճնշման ավելացումը, որտեղ Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի դերը պակաս կարևոր չէ:
«Առ այսօր մենք զգալի հույսեր ենք կապել միջազգային ճնշման հետ, սակայն բարի ու երբեմն կոշտ հայտարարություններից անդին գործնական քայլեր չենք տեսել: Այնուամենայնիվ, շարունակում ենք մեր ջանքերը նաև միջազգային իրավական ճակատում, և այդ առումով սպասված ու ողջունելի էր ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի երեկվա որոշումը ճանապարհի բացման պահանջով, որը, սակայն, կարող է մեծ արդյունքներ ապահովել միայն միջազգային հանրության ազդեցիկ դերակատարների քաղաքական ամուր կամքի և գործնական քայլերի առկայության պարագայում:
Ամեն դեպքում, անկախ Ադրբեջանի ցուցաբերած պատասխանատվությունից ու վարքից, սա պետք է համարել միջազգային իրավական հարթակում կարևորագույն հաղթանակ, որն ունի առանցքային իրավական արժեք ու նշանակություն ոչ միայն այսօր, այլև վաղը»,-ասաց Նախագահ Հարությունյանը:
Նրա համոզմամբ՝ պայքարի ռազմավարական նպատակին հասնելու համար պետք է երկար ճանապարհ անցնենք՝ հաշվի առնելով հակամարտության բարդությունը, ադրբեջանական հայատյաց քաղաքականությունը, տարածաշրջանային աշխարհաքաղաքական միջավայրի անկայունությունը և մեր ներքին խոցելիությունները:
«Շրջափակման այս պայմաններում մեր պայքարը արդեն բավականին կանխարգելիչ արդյունքներ է ապահովել, և որոշակի դրական միտումներ կան, որ առաջիկա օրերին այս ճգնաժամային իրավիճակը կարող է զգալիորեն մեղմանալ, ընդ որում՝ առանց մեր կենսական շահերն ու կարմիր գծերը խախտելու կամ վնասելու:
Այնուամենայնիվ, մենք խնդիր ունենք ապահովելու որոշակի կայուն ու կանխատեսելի միջավայր առաջիկա ամիսների (միգուցե նաև մեկ-երկու տարվա) ժամանակահատվածում, քանի դեռ չի կայունացել խիստ փխրուն աշխարհակարգը և չենք կարողացել նշանակալիորեն բարձրացնել մեր ներքին դիմադրողականության մակարդակը:
Իսկ այս ողջ ընթացքում մեզանից պահանջվում է առանձնահատուկ զգոնություն, ճկունություն, հեռատեսություն ու ռազմավարական համբերություն»,-ընդգծել է երկրի ղեկավարը:
Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…
Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…
Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…
Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…
Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…