Դատախազը 2023 թվականի փետրվարի 24-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ա.Գ.-ի նկատմամբ՝ առանձնապես խոշոր չափերով գույքերը չհայտարարագրելու, ապօրինի հարստանալու և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի գույքն օրինականացնելու համար:
Դատախազության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել է, որ Ա.Գ.-ն, հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձ (2012 թվականի մայիսի 6-ին և 2017 թվականի ապրիլի 2-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր և պաշտոնավարել մինչև 2019 թվականի հունվարի 14-ը), ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած 2017 և 2018 թվականների,
ինչպես նաև 2019 թվականի հունվարի 14-ին իր և իր հետ փոխկապակցված անձանց առկա գույքի և եկամուտների հայտարարագրերում թաքցրել է իրեն պատկանող անշարժ գույքերի և սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում բաժնեմաս ունենալու վերաբերյալ հայտարարագրման ենթակա տվյալները, ինչը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքերի չհայտարարագրմանը:
Բացի այդ, հաշվետու ժամանակահատվածում, Ա.Գ.-ն ապօրինի հարստացել է (գույքի ավելացումն էականորեն գերազանացել է նրա օրինական եկամուտները և ողջամտորեն չի հիմնավորվել դրանցով), ինչպես նաև օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի գույքը:
Մասնավորապես՝ Ա.Գ.-ն 2017 թվականի հայտարարագրում չի ներառել (թաքցրել է) Ամերիկայի Միացյալ Նահանգներում իրեն պատկանող, առանձնապես խոշոր չափերով երեք անշարժ գույքերի՝ 2011 թվականի ապրիլի 6-ին 490 հազար ԱՄՆ դոլարով ձեռք բերված՝ Լոս Անջելես վարչաշրջանի Վուդլենդ Հիլսում գտնվող բնակարանի, 2015 թվականի օգոստոսի 10-ին 520 հազար ԱՄՆ դոլարով ձեռք բերված՝ Գլենդեյլի Քեմփբլ փողոցում գտնվող բնակարանի,
2016 թվականի հունիսի 2-ին Վելլի Վիլիջ թաղամասի Ուիթսեթ ավենյուի վրա գտնվող բնակարանի, ինչպես նաև 2017 թվականի հունվարի 30-ին «Արվիվի» ՍՊԸ-ում 100 տոկոս բաժնեմաս ձեռք բերելու վերաբերյալ հայտարարագրման ենթակա տվյալները: 2019 թվականի փետրվարի 7-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում Ա.Գ.-ն կրկին չի ներառել վերը նշված հայտարարագրման ենթակա տվյալները:
Բացի այդ, Ա.Գ.-ն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած 2018 թվականի հայտարարագրում 50 մլն դրամ, 1 մլն 600 հազար ԱՄՆ դոլար և 150 հազար եվրո է հայտարարագրել, որից հետո, ԱՄՆ Լոս Անջելես վարչաշրջանում գտնվող առանձնատունը ձեռք բերելու նպատակով, 2019 թվականի հունվարի 10-ին 22 մլն 212 հազար 540 դրամին համարժեք՝ 45 հազար 750 ԱՄՆ դոլար է վճարել «Ուան Քի Էսկրոու կորպ Սիթի Նեյշնլ Բանկ»-ի հաշվեհամարին՝ որպես նշված առանձնատան գնման իրավունքի կանխավաճար:
Ա.Գ.-ն նույն տարվա ընթացքում ծախսել է նաև օրինական եկամուտներով չհիմնավորվող, ծագման աղբյուրն անհայտ 2 մլն 138 հազար 465 դրամ, սակայն 2019 թվականի հունվարի 14-ին՝ պաշտոնից ազատվելուց հետո ներկայացված հայտարարագրում, չի նվազեցրել նախորդ տարվա համար հայտարարագրված գումարները՝ կրկին անփոփոխ հայտարարագրելով 50 մլն դրամը, 1 մլն 600 հազար ԱՄՆ դոլարը և 150 հազար եվրոն:
Միաժամանակ, Ա.Գ.-ն պաշտոնական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ իր և իր հետ փոխկապակցված անձանց գույքի և եկամուտների 2019 թվականի փետրվարի 7-ին ներկայացրած հայտարարագրում՝ որպես աշխատանքի վարձատրության դիմաց ստացված օրինական եկամուտ, հայտարարագրել է 114 հազար 660 դրամ, սակայն այդ պայմաններում նրա գումարն ավելացել է 24 մլն 351 հազար դրամով:
Ա.Գ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը հարուցվել է 18.04.2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածով (ապօրինի հարստանալը), 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (երեք դրվագ՝ առանձնապես խոշոր չափերով հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելը (փողերի լվացումը):
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Զրուցակիցները քննարկել են…
ՄԻՊ Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Ժնև շարունակվում է: Այդ մասին տեղեկանում ենք ՄԻՊ-ի Ֆեյսբուքի էջից:…
Սպիտակ տունը ներկայացրել է Էր Ռիադում ռուսական և ուկրաինական պատվիրակությունների հետ հանդիպումների մանրամասները: Նշվում է,…
Մարտի 25-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի…
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հայտնում է, որ աշխարհում կարմրուկի առումով համաճարակային իրավիճակը լարված…
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել՝ հայտնելով. «Հաշվի առնելով սահմանագոտու տարբեր հատվածների վերաբերյալ տարատեսակ գրառումների ու…