Արցախ
15.03.2023

Ինչո՞ւ է Լաչինի միջանցքը փակ այժմ էլ՝ ՄԱԿ-ի արդարադատության դատարանի որոշումից հետո

Ինչո՞ւ է Լաչինի միջանցքը փակ այժմ էլ՝ ՄԱԿ-ի արդարադատության դատարանի որոշումից հետո

Թիվ 1-ը, շարունակելով ուշադրության կենտրոնում պահել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հարցը, թեմայի շուրջ զրուցել է իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի հետ։ 

-ՄԱԿ-ի արդարադատության դատարանը միջանկյալ միջոց կիրառեց Ադրբեջանի նկատմամբ, պարտավորեցնելով բացել Լաչինի միջանցքը, բայց ինչպես տեսնում ենք՝ Ադրբեջանը չի կատարում, ի՞նչ մեխանիզմներ կամ գործիքակազմ ունի, որը կարող է կիրառել միջազգային դատարանը։  

-Նախ միջազգային իրավունքի կիրառությունը առանձնահատկություններ ունի և այստեղ կենտրոնացված կատարողական ծառայություն գոյություն չունի և դատական ակտերի կամ միջազգային այլ նորմերի կատարումը ապահովվում է պետությունների կամ միջազգային կազմակերպությունների ուժով։ 

Այստեղ կարևոր հանգամանքն այն է, որ ՄԱԿ-ի դատարանն իր իրավասության շրջանակներում քննության վաղ փուլում արդեն իսկ արձանագրել է որոշակի փաստեր, որի ուժով կիրառել է նաև անհապաղ միջոցներ՝ անդառնալի վնասները կանխելու նպատակով, և այս որոշումը պետք է ապահովվի քաղաքական ուժով։ 

Հասկանալի է նաև, որ պետք է ակտիվ  քաղաքական և դիվանագիտական աշխատանք տարվի, որպեսզի իրագործվի դատական ակտի պահանջները։ ՄԱԿ-ի դատարանի պարագայում  վերջնական ակտերի առնչությամբ ըստ էության գոյություն ունի հստակ այս մեխանիզմը, որ դատարանը տեղեկացնում է՝ ծանուցում է  Անվտանգության խորհրդին, միևնույն ժամանակ մշտադիտարկում է իրականացնում՝ պարբերաբար տեղեկատվություն պահանջելով պետությունից․ և արդեն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում տարաբնույթ որոշումներ կարող են կայացվել՝ ամենամեղմից մինչև ամենածանր։ 

Ընդամենը կարող է դատապարտող կոչեր հնչեն և կարող է պետության նկատմամբ քաղաքական, տնտեսաակն կամ այլ բնույթի պատասխանատվության միջոցներ կիրառվեն։ Եվ իհարկե, քանի որ դատարանը գտնվում է ՄԱԿ-ի հովանու ներքո, ճնշում բանեցնում են նաև այլ մարմիններ՝ օրինակ, այդպիսին կարող է լինել Գլխավոր անսամբլեան, մարդու իրավունքների հարցերով զբաղվող կանոնադրական կամ պայմանագրային հենք ունեցող մարմինները։

 Իհարկե, գործնականում կարճատև ժամանակահատվածում հնարավոր չէ լիարժեքորեն ապահովել դատական ակտի պահանջների կատարումը, բայց սա մեծ հնարավորություն է, որպեսզի Հայաստանը ակտիվացնի իր դիվանագիտությունը և այդ ջանքերի շնորհիվ մեծանա քաղաքական ճնշումը Ադրբեջանի նկատմամբ, որքան այն ինտենսիվ և հետևողական լինի՝ այնքան մեծանում են ակտի պահանջների իրագործման հնարավորությունները․ բայց մենք պետք է համակերպվենք և ընդունենք այն իրողությունը, որ  իրավական ակտերը առանց քաղաքական և դիվանագիտական աշխատանքի չեն կարող իրական արդյունքներ բերել։

-Դուք Ձեր խոսքում ևս նշեցիք, որ դիվանագիտական աշխատանքը պետք է ավելի ակտիվ իրականացնել, ըստ էության Ադրբեջանը իր դիվանագիտական ջանքերն է գործադրում՝ ամեն կերպ ապացուցելով միջազգային հանրությանը, որ Հայաստանը ստում է, և Լաչինի միջանցքը ամենևին էլ փակ չէ, և որպես դրա ապացույց՝ ներկայացնում են Լաչինի միջանցքով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ՝ Արցախից Հայաստան հիվանդների տեղափոխումը, սա հետագայում կարո՞ղ է իր ազդեցությունն ունենալ ՄԱԿ-ի արդարադատության դատարանի որոշման վրա, և օրինակ, կիրառված միջանկյալ միջոցը չեղարկվի։  

-Ամենևին ոչ, որովհետև Դատարանը այդ դիրքորոշումը լսելով հանդերձ չի կիսել ադրբեջանական մոտեցումը և հաստատել է այլ փաստեր, որոնք այս պահին անվիճելի են։ Կարծում եմ, այդ չկատարումը  կարող է այլ հրամայական առաջացնել, օրինակ, քաղաքական առումով նպատակահարմար լինի Ադրբեջանի նկատմամբ քաղաքական սանկցիաների կիրառումը։ Միշտ չէ, որ եվրոպական կառույցները նույն՝ ԵՄ-ն կամ ԱՄՆ-ը, Միացյալ Թագավորությունը, Կանադան անմիջականորեն կիրառում են պատժամիջոցներ՝ պետության ներկայացուցիչների կամ պետության նկատմամբ, որովհետև նաև դիտվում են պատժամիջոցների քաղաքական նախադրյալները, կարծում եմ, եթե Ադրբեջանը միտումնավոր չի կատարում ակտի պահանջները և միջազգային կառույցների հեղինակությանն է մարտահրավեր նետում, սա բարենպաստ քաղաքական նախադրյալներ կարող է ստեղծել, որի պայմաններում միջազգային կառույցները ձեռնամուխ լինեն արդեն պատժամիջոցների կիրառմանը։ 

-Ըստ էության, ՀՀ-ն այս պահին գտնվում շահեկան դիրքերու՞մ։ 

-Այո՛, հետպատերազմյան արդյունքներով չուներ բանակցային ուժ, մինչդեռ բանակցություններն ամբողջովին ընթանում էին քաղաքական հարթակում, որտեղ Հայաստանը պատշաճ ներկայացված չէր։ Հիմա իրավական հարթակները կարող եմ պատկերավոր ասել՝ վերազինել է Հայաստանի դիվանգիտական և քաղաքական կորպուսին,  և այդ նոր զինվածության պայմաններում  նրանք հաջող քաղաքականություն վարելու իրական հնարավորություններ ունեն, փաստացիորեն որքանով դա կհաջողվի՝ չենք կարող ասել, քանի որ սա պայմանավորված է նաև անձերի կոմպետնցիաներով, ինչևիցե՝ ես համարում եմ, որ իրավական թիմի ձեռքբերումները կարող են արդյունավետորեն կապիտալացվել և արդյունք ապահովել նաև քաղաքական հարթակում։

-Որքան էլ որ ՀՀ-ի կողմից ջանքեր են գործադրվում, որպեսզի պարտավորեցվի Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը, բայց 21-րդ դարում 3 ամսից ավել է՝ Արցախը շրջափակված է, և արցախահայության իրավունքները շարունակվում են ոտնահարվել անգամ միջազգային հանրության ճնշման պայմաններում, մենք այս պարագայում ի՞նչ ակնկալիքներ կարող ենք ունենալ։

-Միջազգային հանրությունը դատապարտում է, բայց այն անհրաժեշտ գոյություն ունեցող միջամտություն չի ցուցաբերում, որի պարագայում կարող էր միջանցքը անմիջապես բացվել։ 

Օրինակ՝ միջանցքի բացումը հնարավոր էր նաև ուժային տարբերակով և մենք պետք է նաև փորձենք հասկանալ, թե օրինակ, ինչու՞ է միջազգային հանրությունն իր ողջ զինանոցը օգտագործում Ուկրաինային աջակցելու և այնտեղ ցանկալի արդյունքներ երաշխավորելու նպատակով,  և ինչու՞ իր զինանոցի ժամանակակից գործիքները չի օգտագործում Լաչինի միջանցքի կապակցությամբ։

Այստեղ պատճառը կարծում եմ ակնհայտ է՝ այնտեղ գործ ունենք գերտերությունների շահերի մրցակցության հետ, և այդ զենքերի գործածությունն էլ կախվածության մեջ է դրված նրանց՝ տարածաշրջանում դիրքավորումից։ Քանի որ Արևմուտքը և Ռուսաստանը մրցակցության մեջ են այստեղ, կարծում եմ՝ որոշ կենսական շահեր այս պարագայում անտեսվում են և միջազգային հանրությունը միասնական և հետևողական դիրքերից հանդես չի գալիս։ Եվ մյուս կողմից՝  կան նաև այլ բացասական նախադրյալներ, որի մասին շատ ուղիղ տեքստով բարձրաձայնում են եվրոպացի գործընկերները։ 

Նրանք ունեն լեգիտիմ բացատրություն ինչու՞ չեն կիրառում պատժամիջոցներ, որովհետև պատժամիջոցների կիրառումը անհրաժեշտորեն բխում է այն իրավիճակից, երբ մյուս գործիքները արդյունք չեն ապահովել։ Ավելի փափուկ գործիքներ, օրինակ՝ երկխոսությունը, որևէ արդյունք չի տվել, բայց քանի որ նույն եվրոպական գործընկերների միջնորդությամբ տեղի է ունենում երկխոսություն, և հայկական կողմը լեգիտիմացնում է Ադրբեջանի իշխանությունների հետ երկխոսությունը՝ այն որակելով որպես կենսունակ՝ ի հայտ բերելու արդյունքներ, որևէ կերպ բացատրելի չէ միջազգային գործընկերներին, թե ինչու՞ պետք է ձեռնարկել կոշտ քայլեր, և վտանգել Ադրբեջանի հետ իրենց  բարիդրացիական հարաբերությունները։ Այստեղ կարծում եմ, Հայաստանը այնպիսի գրագետ դիվանագիտություն չի վարում, որպեսզի նպաստի պատժամիջոցների կիրառման քաղաքական նախադրյալների ձևավորմանը, ճիշտ հակառակը՝ իր գործելակերպով լեգիտիմացնում է դրանց չկիրառումը առնվազն որոշակի ժամանակագատվածում։             

Մերի Մանուկյան

Լրահոս
Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա
19:53
Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա
Թրամփի վարչակազմը դադարեցրել է ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի 83%-ը
19:38
Թրամփի վարչակազմը դադարեցրել է ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի 83%-ը
2 հայ ըմբիշ այսօր կպայքարեն ոսկե մեդալի համար․ Մ23 ԵԱ
19:22
2 հայ ըմբիշ այսօր կպայքարեն ոսկե մեդալի համար․ Մ23 ԵԱ
Ադրբեջանում հայերի բեմադրված դատավարություններ են. Միրզոյան
19:01
Ադրբեջանում հայերի բեմադրված դատավարություններ են. Միրզոյան
Գավառում հողամասի և անշարժ գույքերի նկատմամբ վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը
18:43
Գավառում հողամասի և անշարժ գույքերի նկատմամբ վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը
Անահիտ Ավանեսյանը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում
18:29
Անահիտ Ավանեսյանը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում
Շուտ պիտի տարանջատվեին. Շարմազանովը՝ Քոչարյանի թիմակիցներին
18:20
Շուտ պիտի տարանջատվեին. Շարմազանովը՝ Քոչարյանի թիմակիցներին
Gulf-ի նոր բենզալցակայանը բացվեց Երևանի սրտում՝ Աթենքի 2/1 հասցեում
17:48
Gulf-ի նոր բենզալցակայանը բացվեց Երևանի սրտում՝ Աթենքի 2/1 հասցեում
Որոշել եմ սրանից հետո, որ մի բան լինի, ասեմ, որ ես չեմ, երկվորյակս է. Սիմոնյան
17:43
Որոշել եմ սրանից հետո, որ մի բան լինի, ասեմ, որ ես չեմ, երկվորյակս է. Սիմոնյան
Բասկետբոլի Հայաստանի հավաքականը բարելավել է դիրքը ՖԻԲԱ-ի աղյուսակում
17:16
Բասկետբոլի Հայաստանի հավաքականը բարելավել է դիրքը ՖԻԲԱ-ի աղյուսակում
Երևանին և Բաքվին առաջարկվում է անհայտ կորածների հարցով ԴՆԹ համեմատության անկախ մեխանիզմ ներդնել
16:59
Երևանին և Բաքվին առաջարկվում է անհայտ կորածների հարցով ԴՆԹ համեմատության անկախ մեխանիզմ ներդնել
«Իսլամական Ռուսաստանում» անհանգիստ է
16:37
«Իսլամական Ռուսաստանում» անհանգիստ է
Երևանը պատրաստ է աջակցել Փարաքարի համայնքին տարբեր ծրագրերում․  Ավինյան
16:11
Երևանը պատրաստ է աջակցել Փարաքարի համայնքին տարբեր ծրագրերում․ Ավինյան
Քննարկել են ՀՀ-ում ներդրումային միջավայրի բարելավման հարցեր
15:54
Քննարկել են ՀՀ-ում ներդրումային միջավայրի բարելավման հարցեր
Իրանի դեսպանը հյուրընկալվել է ԲԴԽ-ում
15:41
Իրանի դեսպանը հյուրընկալվել է ԲԴԽ-ում