Ակնհայտորեն խախտելով 2020 թվականի հրադադարի մասին համաձայնագիրը՝ Ադրբեջանը հումանիտար ճգնաժամ է հրահրում Լեռնային Ղարաբաղում և կրկին սպառնում հարևան Հայաստանին ռազմական ագրեսիայով: Քանի որ Ռուսաստանը չի կարող կամ չի ցանկանում օգնել, Եվրամիությունը պետք է ավելի մեծ դեր ստանձնի Հարավային Կովկասում խաղաղության և կայունության պահպանման գործում: Այս մասին նշված է Project Syndicate պարբերականում ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի լայնածավալ հոդվածում:
Նրա խոսքով՝ աշխարհի ուշադրությունն արդարացիորեն կենտրոնացած է Ուկրաինայում պատերազմի վրա, բայց դա արդարացում չէ՝ անտեսելու ևս մեկ ճգնաժամ, որը հասունանում է Եվրոպայի շեմին։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը կրկին աճում է, ինչը մեծացնում է նոր պատերազմի հավանականությունը։ Անցյալ շաբաթ ես այցելեցի Լաչինի միջանցք՝ Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայ բնակչությանը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը։
Դեկտեմբերից բնապահպանական բողոքի պատրվակով ադրբեջանցիները արգելափակել են միջանցքի մուտքը։ Այդ գործընթացը տեղի է ունենում Բաքվի ռեժիմի բացահայտ աջակցությամբ։ Amnesty International-ը զգուշացնում է, որ «ցուցարարների» կողմից Լեռնային Ղարաբաղ բոլոր քաղաքացիական և առևտրային փոխադրումները արգելափակելու պատճառով շուրջ 120 000 էթնիկ հայեր զրկված են հիմնական ապրանքներից և ծառայություններից, ներառյալ՝ կենսական նշանակության դեղամիջոցներն ու բժշկական սպասարկումը:
Հայաստանի և Ադրբեջանի միջև 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի պատերազմին վերջ դրած հրադադարի համաձայնագրով Ադրբեջանը պարտավորվել է ապահովել ճանապարհի ազատ տեղաշարժը երկու ուղղություններով:
Ընդունելով, որ Ադրբեջանը խախտում է իր պարտավորությունները՝ հրաժարվելով վերացնել շրջափակումը, ՄԱԿ-ի Միջազգային դատարանը փետրվարի 22-ին կարգադրություն է հրապարակել, որով Ադրբեջանից պահանջում է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը միջանցքի ապաշրջափակման համար:
Բայց անցավ մեկ ամիս, և ոչինչ չփոխվեց։ Անգործության էին մատնված նաև միջանցքի երկայնքով տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերը, որոնք պետք է պահպանեին երթուղին։ Եթե Եվրոպան և ողջ միջազգային հանրությունը ճնշում չգործադրեն Ադրբեջանի վրա՝ շրջափակումը վերացնելու համար, ներկայիս հումանիտար ճգնաժամը կարող է վերածվել հումանիտար աղետի։
Ադրբեջանն օգտագործում է շրջափակումը և այլ միջոցներ Լեռնային Ղարաբաղը խեղդելու համար։ Բնակիչներին հաճախ թույլ չեն տալիս վերադառնալ իրենց տները, իսկ գազն ու էլեկտրաէներգիան պարբերաբար անջատվում են՝ առանց նախազգուշացման և բացատրության: Այս ամենի նպատակը, ակնհայտորեն, հայ բնակչության կյանքն առավելագույնս բարդացնելն է, և մոտալուտ էթնիկ զտման լուրջ վտանգ կա։
Մենք չպետք է մեր հայացքը փախցնենք այն ամենից, ինչ տեղի է ունենում: Իր հերթին, ադրբեջանական ռեժիմը (և համացանցում գործող նրա խամաճիկները) շարունակում են նսեմացնել շրջափակման կամ նույնիսկ դրա գոյության հետևանքները: Նրանք նույնիսկ հրաժարվում են ապահովել միջազգային դիտորդների հասանելիությունը՝ իրավիճակը գնահատելու համար:
Այսպիսով, միջազգային հանրության առաջնային խնդիրը Լաչինի միջանցք Միավորված ազգերի կազմակերպության կամ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության հովանու ներքո փաստահավաք առաքելություն ուղարկելն է: Մենք պետք է հստակ հասկացնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կբախվի հետևանքների հետ, եթե շարունակի անտեսել Միջազգային դատարանի պարտավորեցնող կարգադրությունը:
2020 թվականի Լեռնային Ղարաբաղի պատերազմը հստակ ցույց տվեց, որ Ադրբեջանը զգալի ռազմական առավելություն ունի Հայաստանի նկատմամբ՝ շնորհիվ այն զենքի, որը նա գնել է Ռուսաստանից, Թուրքիայից և Իսրայելից: Այս փաստը հաստատվեց անցյալ տարվա սեպտեմբերին, երբ Ադրբեջանը զավթեց տարածքներ հենց Հայաստանում, այդ թվում՝ ռազմավարական դիրքեր Ջերմուկ քաղաքի վրա, ընդամենը երկու օր տևած մարտերից հետո։
Չնայած Հայաստանը շարունակում է մնալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ՝ տարածաշրջանային դաշինքի, որը Ռուսաստանը կապում է հինգ հարևան նախկին խորհրդային պետությունների հետ, նրա ինքնիշխան տարածքի վրա այս հարձակումից հետո որևէ աջակցություն չի եղել:
Հայաստանը մնում է խոցելի և միայնակ։ Ավելի վատ է այն, որ Ադրբեջանն իր զորքերը թողել է Հայաստանի տարածքում և հրաժարվել է վերադարձնել հայ ռազմագերիներին։ Քանի որ խաղաղ բանակցությունները փակուղի են մտել, ակնհայտ նշաններ կան, որ Ադրբեջանը կարծում է, որ ռազմական ճանապարհով կարող է ավելիին հասնել, քան խաղաղ բանակցությունների միջոցով:
Չի կարելի բացառել առաջիկա ամիսներին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման վերսկսումը։ Քանի որ Հայաստանի անվտանգության ավանդական երաշխավորը՝ Ռուսաստանը, չի կարող կամ չի ցանկանում օգնել, Եվրոպական Միությունը պետք է ավելի մեծ դեր ստանձնի տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման գործում: Թե՛ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, թե՛ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ընդունել են դա և այդ հարցում զգալի քաղաքական կապիտալ են ներդրել:
Սեպտեմբերին ռազմական գործողությունների վերսկսումից հետո ԵՄ-ն քաղաքացիական առաքելություն է ուղարկել Հայաստան՝ Ադրբեջանի հետ սահմանը դիտարկելու համար: Բայց դեռ շատ բան կա անելու։ ԵՄ առաքելությունը, որը ներկայումս տեղակայված է միայն Հայաստանի տարածքում, պետք է արագ ընդլայնվի՝ դիտարկելու հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքը: Եվրոպացի առաջնորդները պետք է ճնշում գործադրեն Ալիևի կառավարության վրա, որպեսզի վերջինս թույլ տա Եվրամիության անձնակազմին՝ գործել նաև Ադրբեջանի տարածքում: Իհարկե, ԵՄ անզեն առաքելությունը չէր կարողանա դադարեցնել ռազմական գործողությունները, սակայն դիտորդների ներկայության ավելացումը լրացուցիչ ճնշում կգործադրի Ադրբեջանի վրա, որպեսզի այդ երկիրը բանակցությունները գերադասի ռազմական առճակատումից։
Վերջին մեկ տարվա ընթացքում ԵՄ-ն ավելի ու ավելի սերտ տնտեսական կապեր է հաստատել Ադրբեջանի հետ՝ ռուսական գազից ու նավթից արագորեն հրաժարվելու շնորհիվ: Սակայն ԵՄ առաջնորդները պետք է Ալիևին հստակ հասկացնեն, որ նրան թույլ չեն տա անպատիժ գործել, և որ Եվրոպայի կարճաժամկետ առևտրային շահերը չեն գերիշխի նրա արժեքներին կամ երկարաժամկետ շահերին Հարավային Կովկասում խաղաղության և կայունության պահպանման հարցում։ Եթե Ադրբեջանը շարունակի անտեսել իր միջազգային պարտավորություններն ու Արդարադատության միջազգային դատարանի իրավաբանորեն պարտադիր դատական որոշումները, ապա ստիպված կլինի բախվել քաղաքական և տնտեսական հետևանքների:
Հայաստանը զարգացող ժողովրդավարություն է՝ չափազանց բարդ հարևանների շրջանում։ Ռուսաստանի ազդեցության թուլացման պայմաններում Եվրոպան պետք է ավելի մեծ դեր խաղա տարածաշրջանում։ Սա բարեգործություն չէ։ Բոլորի շահերից է բխում գործել հիմա՝ մեր հարևանությամբ մեկ այլ լուրջ հակամարտություն կամ նույնիսկ էթնիկ զտումներ կանխելու համար»,- գրել է Ռասմուսենը:
Այսօր գարնանային գիշերահավասարի օրն է և աստղագիտական գարնան սկիզբը։ Վաղվանից սկսած մինչև սեպտեմբերի 22-ը ցերեկվա…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը կգործուղվի Ամերիկայի Միացյալ Նահանգներ: «Համաձայն «Կառավարության…
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն նախազգուշացրել է Կիևում առկա դժվարությունների մասին՝ խաղաղության համաձայնագրերի հասնելու…
Շատ քչերը հասկացան, թե քառասունչորսօրյա պատերազմից հետո Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ինչու՞ հրապարակայնացրեց,…
Երևանը Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությանը կից Հայաստանի Հանրապետության պաշտպանության հարցերով կցորդ կունենա։…
«ՀՀ-ն շարունակում է առաջ մղել խաղաղության օրակարգը»,- հայտարարել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նրա խոսքով,…