Լրահոս

Թյուր է այն կարծիքը, թե մենք թիմային հաղթանակ չենք կարող տանել․ ԿԳՄՍ փոխնախարար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը Հայաստանի նկարիչների միության շենքում ներկա է եղել «Արարատ-73»-ի փառահեղ հաղթանակի 50-րդ տարեդարձին նվիրված ֆոտոլրագրողներ Հերբերտ և Մելիք Բաղդասարյանների ֆոտոցուցահանդեսի բացմանը:

Միջոցառմանը մասնակցել են նաև «Արարատ-73»-ի լեգենդար ֆուտբոլիստներ Սերգեյ Բոնդարենկոն, Էդուարդ Մարկարովը, Նորիկ Պետրոսյանը, Սամվել Պետրոսյանը, ներկայացուցիչներ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, հայկական մի շարք ակումբներից, ինչպես նաև հայկական ֆուտբոլի բազմաթիվ երկրպագուներ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի խոսքով՝ «Արարատ-73»-ն իր փառահեղ հաղթանակներով ապացուցել է՝ քրտնաջան աշխատանքի պարագայում մենք կարող ենք հաջողությունների հասնել նաև թիմային պայքարում:

«Սա իսկապես մեր սպորտի պանծալի ու փառավոր էջերից էր: Ցավոք, «Արարատը» այսօր այդ նույն դրոշակակիրը չէ հայկական ֆուտբոլում, բայց մեծ հույսեր ունեմ, որ այդ անունը կրկին կհնչի ամենաբարձր հարթակներում՝ որպես ամենամեծ հաղթանակների նվաճող:

Սա նաև ապացույցն է այն բանի, որ թյուր է այն կարծիքը, թե մենք թիմային հաղթանակ չենք կարող տանել և թույլ ենք թիմային մարզաձևերում: Որտեղ կա աշխատանք, այնտեղ կլինի նաև հաջողություն: Վստահ եմ, որ հայկական սպորտում մենք շուտով թիմային մեծ հաղթանակներ ենք ունենալու»,- նշել է Կարեն Գիլոյանը:

Ֆոտոլրագրող Մելիք Բաղդասարյանն ասում է՝ սա երբեմնի «Արարատին» հիշելու լավ առիթ է. «50-ամյակն ինձ հուշեց, որ պետք է նմանօրինակ ցուցահանդես լինի: Այս լուսանկարներն անգիր եմ հիշում, ուղղակի արխիվում էին: Երևի ամենահիշարժանը Կիևի «Դինամոյի» հետ եզրափակիչ խաղի լուսանկարներն են»:

Եղբայրներ Հերբերտ և Մելիք Բաղդասարյանները, ի թիվս այլ իրադարձությունների, վավերագրել են նաև «Արարատ-73»-ի փառահեղ հաղթանակի լավագույն կադրերը, որոնց հիման վրա էլ պատրաստվել է ցուցահանդեսը: Այն կգործի մարտի 28-ից ապրիլի 1-ը։

«Արարատ-73»-ի լեգենդար կիսապաշտպան Սերգեյ Բոնդարենկոն նշում է՝ այս լուսանկարներն իրեն միշտ են ուղեկցել և հաճելի հիշողություններ արթնացրել. «Ուղիղ կես դար է անցել․ 50 տարի առաջ «Արարատը» սխրանք գործեց՝ դառնալով ԽՍՀՄ չեմպիոն ու գավաթակիր։ Ուրախ եմ ու երջանիկ, որ խաղացել եմ հայկական «Արարատում», շնորհակալ եմ ժողովրդիս, որ 50 տարի է անցել, բայց մեզ հիշում են։ Մեծ ցավ կա ներսումս, որ մեր հոյակապ ընկերներից 6-ն արդեն ֆիզիկապես մեր կողքին չեն»։

Բոնդարենկոն ընդգծում է՝ խաղադաշտում իրենք ներդրել են ողջ ուժերը՝ հանուն թիմի:

«Եթե Հայաստանի հավաքականի կազմում դուրս ես եկել խաղադաշտ, եթե մարզաշապիկիդ գրված է «Հայաստան», ապա կյանքդ դի՛ր, թող պատգարակով քեզ տանեն, մենք այդպես էինք անում, դրա համար էլ հասանք այդ ամենին։ Մեր ժողովուրդն այն ժամանակ ասում էր միայն թե «Նևթչիին» ու «Թիֆլիսին» չպարտվեք, հաղթում էինք ու 3 տարի հանգիստ ապրում, բայց հաղթում էինք 4-0, 6-1»,- հիշում է լեգենդար ֆուտբոլիստը:

«Արարատ» ֆուտբոլային ակումբն ամբողջ տարվա ընթացքում նախատեսում է չեմպիոնական մրցաշրջանը խորհրդանշող միջոցառումներ անցկացնել: ԿԳՄՍ նախարարի տեղակալի փոխանցմամբ՝ ևս մեկ միջոցառում կանցկացվի արդեն ՀՀ կառավարության կողմից՝ 2023 թվականի աշնանը:

Ֆոտոցուցահանդեսի բացման ընթացքում կայացել է նաև «Արարատ» ֆուտբոլային ակումբի կողմից հրատարակված Արսեն Կակոսյանի «Ֆուտբոլին հաջորդող գիշերը․ երկրպագուի օրագիր» գրքի շնորհանդեսը: Սա 1974 թվականին լույս տեսած այս գրքի ռուսերենից հայերեն թարգմանությունն է, որում հեղինակը երկրպագուի աչքերով վերապրում և իր օրագրին է հանձնում 1973 թվականի «ոսկե» մրցաշրջանի բոլոր խաղերից իր ստացած տպավորությունները։

Թիվ 1

Recent Posts

Իսրայելում քաղաքական ճգնաժա՞մ է

«Ամեն անգամ, երբ ԱՄՆ-ում եւ Իսրայելում հաղթում է ուժեղ աջական առաջնորդը, ձախ խորքային պետությունն օգտագործում…

3 hours ago

Ազգերի լիգա․ Հայաստանի հավաքականը պարտվեց վրացիներին

Մարտի 20-ին Երևանում կայացավ ՈւԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլի Հայաստան-Վրաստան հանդիպումը: Մեր ընտրանին զիջեց…

3 hours ago

Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…

6 hours ago

Հայ շախմատիստները առաջատարների շարքում են Եվրոպայի անհատական առաջնությունում

Հայ շախմատիստները առաջատարների շարքում են 2025 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում: 5 խաղափուլից հետո գրոսմայստերներ…

7 hours ago

Եվրոպան՝ որպես լուսավորչության օրրան, պետք է կրկին ոտքի կանգնի. Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել Խորհրդարանների նախագահների «Ժողովրդավարության պաշտպանություն» թեմայով եվրոպական համաժողովում։…

7 hours ago

ԵԱՏՄ-ից դուրս գալը կրիտիկական վնաս կհասցնի ՀՀ-ի տնտեսությանը. Շոյգու

Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի հնարավոր դուրս գալը Եվրամիությանը միանալու շուրջ բանակցությունների փուլում կարող է զգալի…

7 hours ago