«Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը շարունակում է մնալ լարված». հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ գազամատակարարումն ու էլեկտրամատակարարումները դադարեցված են։
Վարչապետն անդրադարձել է Լաչինի միջանցքում նախօրեին տեղի ունեցած միջադեպին, երբ Գորիսից Ստեփանակերտ ուղևորվողներին թույլ չեն տվել վերադառնալ իրենց տներ.
«Նախորդ օրվա միջադեպը կրկին արձանագրեց, որ միջազգային դատարանի վճիռը չի կատարվում, և մենք պետք է շարունակենք սրանից բխող մեր դիվանագիտական ջանքերը»։
Անդրադառնալով Լաչինի միջանցքին կապող Կոռնիձոր-Տեղ ճանապարհին՝ Փաշինյանը նշեց, որ դրա արդյունքում Հայաստան-Ադրբեջան սահմանի՝ մոտ 12 կմ հատվածի պահպանությունը պետք է ստանձնեն սահմանապահ զորքերը.
«Սահմանի անմիջական պահպանության ստանձնման ժամանակ, ինչպես հայտնի է, որոշակի խնդիրներ են առաջացել, ինչի մասին տեղեկացրել էր ԱԱԾ-ն՝ ընդգծելով, որ երկու կողմերի տեղակայման ընթացքում ի հայտ են եկել քարտեզների տարընթերցումներ։
Որոշ տեղերում ադրբեջանական կողմը դիրքավորվել ու ինժեներական աշխատանքներ էր իրականացրել սահմանից 100-300 մետր առաջ՝ ՀՀ տարածքում։ Դրանից հետո պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ երկու կողմերի քարտեզագիրները ճշգրտեն իրավիճակը։
Այս ընթացքում սահմանապահների տեղակայման կետերի ուղղությամբ աշխատանքներ են տարվել, և իրավիճակը որոշակիորեն բարելավվել է։ Մասնավորապես, 12 կմ-ից 7 կմ-ում տեղակայման կետերը հստակեցված են, 5 կմ վերաբերյալ աշխատանքները շարունակվում են։ Մեր տրամադրվածությունը եղել և շարունակում է մնալ իրավիճակի էսկալացիայից խուսափելը։
Հույս ունեմ՝ տեղակայման կետերի ճշգրտման աշխատանքները կիրականացվեն կառուցողական մթնոլորտում։ Համենայն դեպս, սա է մեր տրամադրվածությունը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ հարկավոր են ամուր նյարդեր ու զսպվածություն՝ տարածաշրջանային իրավիճակը պայթեցնելու հարցում շահագրգիռ ուժերին տուրք չտալու համար։