ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի ու գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովների` հունիսի 23-ի համատեղ նիստում քննարկվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում 2022 թ. պետական բյուջեի տարեկան կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը. այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։
Հաշվեքննիչ պալատի անդամ Գագիկ Բարսեղյանն իր ելույթում նշել է, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը բյուջետային 23 ծրագրերի իրականացման համար տարեկան բյուջեով նախատեսվել է 87,807,122.0 հազ.դրամ, հաշվետու ժամանակահատվածի ճշգրտված պլանը կազմել է 80,830,301.0 հազ. դրամ, փաստացի ֆինանսավորումը` 77,768,554.7 հազ. դրամ, կատարողականը` շուրջ 96 տոկոս:
Ըստ նրա` Հաշվեքննիչ պալատը 2022 թ. նախարարությունում իրականացրած հաշվեքննության արդյունքում արձանագրել է անհամապատասխանություններ և խեղաթյուրումներ:Արձանագրվել է անհամապատասխանություն ՀՀ կառավարության 2016թ. «Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների գործունեության ֆինանսավորման կարգը հաստատելու մասին» որոշման պահանջների նկատմամբ: Նախարարությունը վերոնշյալ կարգով սահմանված բանաձևում կիրառել է ոչ թե «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն աշխատավարձի չափը` 68,000 դրամ, այլ նվազագույն աշխատավարձի չափը` ավելացված աշխատավարձից վճարվող հարկերը, սոցիալական կամ պարտադիր այլ վճարները, հավելումները, հավելավճարները, պարգևատրումները և լրավճարները: Այն բազմապատկվել է 1,75 գործակցով, ինչի արդյունքում աշխատավարձի տարեկան ֆոնդը ավելի է հաշվարկվել շուրջ 349,773.9 հազ. դրամով: Նախարարության կողմից «Բարձրագույն մասնագիտական կրթության գծով ուսանողական նպաստների տրամադրում» միջոցառման հաշվեքննությամբ արձանագրվել է նաև, որ 4 հաստատություններ ներառված չեն եղել ՀՀ կրթության և գիտության նախարարի 2015թ. հրամանում և դրանց համար սահմանված չեն եղել հաշվարկային թվեր: 2022թ. նախարարությունը 4 ուսումնական հաստատություններին հատկացրել է 20,712.6 հազ. դրամ (Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամ` 1,119.5 հազ. դրամ, Եվրոպական համալսարան հիմնադրամ` 2,985.2 հազ. դրամ, Հայաստանում ամերիկյան համալսարան հիմնադրամ` 7,463.1 հազ. դրամ, Երևանում Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղ` 9,144.8 հազ. դրամ):
Արձանագրվել է անհամապատասխանություն կնքված սուբսիդիայի պայմանագրերի և ՀՀ կառավարության 2003թ. «ՀՀ պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման կարգը հաստատելու մասին» որոշման պահանջների միջև:Ըստ կառույցի անդամ Գագիկ Բարսեղյանի` առկա է անհամապատասխանություն ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի` 2007թ. «ՀՀ բյուջետային և հանրային հատվածի հաշվապահական հաշվառման դասակարգումները և դրանց կիրառման ցուցումները հաստատելու մասին» հրամանի և «Դասակարգման կիրառման ցուցումներ» հավելվածի պահանջների նկատմամբ: Արդյունքում «Աշխատողների աշխատավարձեր և հավելումներ – 4111» հոդվածից վճարվել է 162,276.9 հազ. դրամի չափով պարգևատրում, որը չի դասակարգվել ու չի արտացոլվել «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ-4112» հոդվածում, ինչն իր հերթին հանգեցրել է հաշվետվության խեղաթյուրմանը: Նշվել է, որ անհամապատասխանությունների մի մասի վերաբերյալ նախարարությունը հանդես է եկել պարզաբանումով, իսկ մյուս մասն ընդունվել է ի գիտություն: Տարբեր կարծիքներ և պարզաբանումներ են հնչել աշխատավարձերը 1.75 գործակցով հաշվարկելու առնչությամբ:
Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը փաստել է, որ հաշվեքննություն իրականացնելիս պալատը հիմք է ընդունում Կառավարության որոշումը: Նա առաջարկել է լուծում տալ խնդրին` նախարարի հրամանով. Կառավարության որոշումով է սահմանվում աշխատավարձի հաշվարկման բանաձևը: Ըստ նրա` երեք անհամապատասխանությունից երկուսն են ճանաչվել` որպես խեղաթյուրում: ՀՊ-ի նախագահը, պատասխանելով ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախախագահ Սիսակ Գաբրիելյանի հարցին, պարզաբանել է` ինչ են նշանակում «անհամապատասխանություն» և «խեղաթյուրում» հասկացությունները: Ատոմ Ջանջուղազյանը նաև նշել է, որ ՀՊ-ը իրավական գնահատական չի տալիս` փաստն է արձանագրում: Նրա հավաստմամբ` հաշվեքննության նպատակն է նպաստել կառավարման որակի բարելավմանը:














