Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ռուսաստանի Դաշնությունում ապստամբության հետ կապված իրավիճակը դիտել է որպես Ռուսաստանին ռազմավարական պարտություն պատճառելու հնարավորություն։
ՌԴ ԱԳՆ ղեկավարն այս կերպ մեկնաբանել է Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը, թե Ռուսաստանի Դաշնությունում ապստամբությունը լիովին արդարացնում է Ուկրաինայի աջակցությունն Արևմուտքի կողմից։
«Կարծում եմ, որ այստեղ նույնիսկ 8-րդ դասարանի դպրոցականը կհասկանա Մակրոնի պաշտպանած դիրքորոշումը»,- ասել է Սերգեյ Լավրովը RT-ին տված հարցազրույցում։
Մակրոնը մեկնաբանել է Ռուսաստանի Դաշնությունում տեղի ունեցած ապստամբությունը La Provence թերթի հետ զրույցում։ Նախագահը, ի թիվս այլնի, ասել է, որ Ֆրանսիայի հիմնական գործընկերների հետ «ժամ առ ժամ» հետևում է, թե ինչպես է զարգանում իրավիճակը Ռուսաստանի Դաշնությունում։ Երկրի ղեկավարը կոչ է արել զգույշ լինել, քանի որ իրավիճակը «զարգացման փուլում է»։
Հունիսի 23-ին Եվգենի Պրիգոժինը պաշտպանության նախարարությանը մեղադրել է իր վաշտի դիրքերին հարվածելու համար և ասել, որ իր մարտիկները գնում են Մոսկվա։ ԱԴԾ-ն քրեական գործ է հարուցել զինված ապստամբության կազմակերպման վերաբերյալ։ Իրավիճակը հանգուցալուծվել է հունիսի 24-ի երեկոյան Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջնորդությամբ։